Ռուսաստանի ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնել վերջին օրերին Արցախում հրադադարի խախտումների կապակցությամբ և «թախանձագին» կոչ արել զսպվածություն ցուցաբերել ու ձեռնարկել քայլեր իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հակամարտության սրման կապակցությամբ: Վերջին մի քանի օրերին բազմիցս տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտումներ: Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որը հանգեցրել է մարդկային զոհերի թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմում:
Թախանձագին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել քայլեր իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: Հաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունն անշեղորեն կատարելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ Զորամիավորման հովանու ներքո կողմերի միջև շփումների միջոցով:
Կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի ու Երևանի՝ շուտափույթ կերպով բանակցությունների վերադառնալու հրամայականը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբեր ի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակում, այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և խաղաղության պայմանագրի նախապատրաստում»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ