Կարմրուկի հաստատված 20-դեպքերից 19-ը պատվաստված չեն եղել, մեկ հիվանդը մեկ դեղաչափով է պատվաստված եղել․ վարակը մեր երկիր ներթափանցել է արտերկրից
«Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածումը եղել է ներհիվանդանոցային՝ հիվանդանոցի ներսից է տարածվել՝ հիվանդ երեխայից մյուսներին։ Եվ նաեւ մի տեղեկություն կա, որ տարածման օղակում դեր է ունեցել նաեւ չպատվաստված բուժաշխատողը»,-այս մասին այսօր ֆեյսբուքի իր էջում ասաց առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նա նաեւ հիշեցրեց առողջապահության նախարարի այսօրվա հայտարարությունը՝ կարմրուկի առաջին դեպքը մեր երկիր ներթափանցել է արտերկրից։
Թորոսյանի հայտնած տեղեկությունը պարզելու համար Aravot.am-ը դիմեց առողջապահության նախարարությանը, որտեղից պատասխանեցին՝ Արսեն Թորոսյանի հայտարարությունը չենք մեկնաբանում։
Կարդացեք նաև
Նախարարությունից նաեւ հայտնեցին, որ կարմրուկի հաստատված 20-դեպքերից 19-ը պատվաստված չեն եղել, մեկ հիվանդը մեկ դեղաչափով է պատվաստված եղել։
Թորոսյանն իր ուղիղ եթերում նաեւ հորդորեց բուժաշխատողներին պատվաստվել, ասաց՝ բուժաշխատողները երբեմն տուրք են տալիս դավադրապաշտական տեսություններին, եւ ոչ միայն իրենք չեն պատվաստվում, այլեւ իրենց երեխաներին չեն պատվաստում ու կոչ են անում ուրիշներին չպատվաստվել, ինչի հետեւանքով ունենում ենք մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ։
«Այս բռնկումը մեզ նաեւ թույլ է տալիս վերադառնալ այն խոսակցությանը, որ հանրային կրթական հաստատություններ երեխաների մուտքը պետք է դարձնել պարտադիր պատվաստումով եւ այն երեխաներին, որոնք պատվաստում չունեն, պարզապես թույլ չտան, որպեսզի հաճախեն դպրոցներ եւ մանկապարտեզներ։ Եվ ես կարծում եմ, որ հանրային առողջապահության մասին նոր օրենքի քննարկման ժամանակ մենք պետք է անպայման անդրադառնանք այս հարցին։ Բազմաթիվ երկրներ, որտեղ հենց կարմրուկի բռնկումներ են եղել, օրինակ՝ Ֆրանսիան, Իտալիան կամ պարտադիր են դարձնում դա եւ թույլ չեն տալիս երեխաներին մտնել հանրակրթական հաստատություններ կամ ծնողներին տուգանում են դրա համար։ Ես չեմ վախենում այս ամենի մասին խոսել, հասկանում եմ, որ հիմա կթիրախավորվեմ, բայց հանրային առողջությունը, մեր երեխաների առողջությունը վեր է ամեն ինչից»,-ասաց Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված ասուլիսում մասնագետները նշեցին՝ կարմրուկով բնական ճանապարհով հիվանդանալու դեպքում այս հիվանդությունը շատ լուրջ հետեւանքներ է թողնում առողջության վրա։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ