Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Արդարադատության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար:
Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձել է մինչ այս ռազմավարության մշակման ուղղությամբ նախաձեռնված և իրականացված աշխատանքներին, աշխատանքային խմբի քնարկմանն է ներկայացրել ռազմավարության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեսլականը, ինչպես նաև առաջարկել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը։
Հանդիպման ընթացքում հնչեցվել են տարբեր առաջարկներ ռազմավարության մշակման մեթոդաբանության, հիմնական ուղղությունների, կարիքների հավաքագրման ձևաչափերի և աշխատանքի կազմակերպման հետագա քայլերի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել կարիքների գույքագրումն ու ձեռնամուխ լինել ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների նախագծի մշակմանը։ Նախագծի նախնական տարբերակն ակնկալվում է ունենալ ապրիլին՝ աշխատանքային խմբում քննարկելու նպատակով։
Աշխատանքային խումբը, որը ձևավորվել է փետրվարի 11-ին տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում հնչած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն, բաղկացած է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների 34 ներկայացուցիչներից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ