Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիրախում միայն Արցախը չէ․ ՀՀ-ում չկա տարածք, որի հանդեպ Ադրբեջանը հավակնություն չունի»․ Գառնիկ Դանիելյան

Մարտ 06,2023 17:21

«Այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Արցախը, անսպասելի չէր։ Երեկ կատարվածը ոչ թե դիվերսիոն հարձակում էր, այլ ահաբեկչություն, որի ակունքները խորն են։ Պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս ասել է, որ Արցախն իր համար միայն տարածք է․ այս ամենը կատարվում է արցախահայությանը բնաջնջելու եւ Արցախի հարցը փակելու համար։ Այդ հարձակումն այդ քայլերից մեկն է, որին նախորդել է Լաչինի միջանցքի փակումը։ Նման իրավիճակով ուզում են անհնարին դարձնել արցախահայության բնակությունն Արցախում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ արցախաադրբեջանական շփման գծում մարտի 5-ին Ադրբեջանի հարձակողական եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են ԱՀ ոստիկանության 3 եւ վիրավորվել՝ 1 աշխատակից։

Գառնիկ Դանիելյանի համար ամենամեծ մտահոգությունն այն է, որ ՀՀ իշխանությունը հերթական նման իրավիճակում չունի հստակ գնահատականներ եւ միջազգային հարթակները չի օգտագործում՝ հարցը բարձրաձայնելու համար․ «Արտերկրում բազմաթիվ հանդիպումներ են ունենում, բայց Ադրբեջանի վայրագություններին պատշաճ գնահատականներ չեն տրվում։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը համարժեք գնահատական պետք է տան առաջնահերթ ՀՀ իշխանությունները։ Միջազգային հանրությունը մեր արձագանքից է, որ հետեւություն պետք է անի։ Այլապես կարձանագրի, որ խնդիր չկա։ Կոշտ արձագանքներ են պետք նման դեպքերին, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա՝ Ադրբեջանի նպատակն արցախահայությանը բնաջնջելն է»։

Պաշտոնական Բաքուն երեկ կատարվածն առաջ մղելով՝ հերթական պնդումն արեց, թե Լաչինի միջանցքում պետք է անցակետեր տեղակայվեն։ Գառնիկ Դանիելյանը նախ շեշտեց՝ Ադրբեջանի վարկածը, թե զենք է տեղափոխվել ոստիկանական մեքենայով, կեղծիք է․ «Արցախի ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնելիս ենթարկվել է ահաբեկչության։ Եվ եթե Ադրբեջանն ուզում է անցակետ տեղադրել եւ ելք-մուտք ստուգել, ապա դրա կատարումը կլինի ամենամեծ ձախողումը։ Այդպես Ադրբեջանը նախ իր համար «անցանկալի» մարդկանց կձերբակալի, իսկ հետո արցախահայությանը կահաբեկի։ Սա մեր համար կռվան պետք է լինի՝ ցույց տալու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Ամենամեծ լծակներն այս հարցում ՀՀ իշխանության ձեռքին են՝ թիրախային գնահատականներ տալու համար։ Ադրբեջանն իրականացնում եւ կրկին նախապատրաստում է էթնիկ զտումներ ու գնալով ավելի սանձարձակ է դառնում։ Դա նաեւ այս իշխանության պատասխանատվության գոտում է, որովհետեւ Ադրբեջանի արարքները համարժեք գնահատականի եւ արձագանքի չեն արժանանում։ Եվ թիրախում միայն Արցախը չէ։ ՀՀ-ում չկա տարածք, որի հանդեպ Ադրբեջանը հավակնություն չունի»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031