Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հարությունյանը
-Ինչպե՞ս կգնահատեք երեկ՝ Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունը, ինչը մարդկային կյանքեր արժեցավ, մանավանդ, որ դրան նախորդող շրջանում բավական մեծ հնչեղություն եւ կարեւորություն էր տրվում Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին:
-Հերթական անգամ Ադրբեջանը ցույց է տալիս իր ապակառուցողական դիրքորոշումը: Այսինքն, ցույց է տալիր իր իրական վարվող քաղաքականությունը՝ հայատյաց քաղաքականությունը, էթնիկ զտումների քաղաքականությունը: Սա այն վարքագիծն է, որը մենք տասնյակ տարիներով տեսնում էինք եւ այս իրավիճակում Խաղաղության պայմանագրի մասին խոսել, որը որ դրված է օրակարգում, կարծում եմ՝ ակնհայտ է, թե ինչ է եւ միջազգային հանրությունն էլ հասկանում է, թե ու՞մ հետ գործ ունի:
Սա Ադրբեջանի հերթական ահաբեկչական գործողությունն էր՝ մանավանդ նախօրեին ունեցած հումանիտար, ենթակառուցվածքների հարցերի շուրջ շփումների ֆոնին: Սա Ադրբեջանի իրական դեմքն է, որը որ հերթական անգամ ի ցույց դրվեց:
Կարդացեք նաև
-Ձեր կարծիքով, այս միջադեպից հետո շփումները կշարունակվե՞ն կամ իմաստ ունի՞ դրանք շարունակել:
-Դա ժամանակը ցույց կտա, բայց այն ապակառուցողական դիրքորոշումը, որը որ այս պահի դրությամբ ունի Ադրբեջանը, կարծում եմ, մտածելու տեղիք է տալիս՝ կա՞ այդ շփումների անհրաժեշտությունը: Ենթակառուցվածքների եւ հումանիտար հարցերի առումով կային որոշակի պայմանավորվածություններ, բայց մենք արդեն տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունների իրագործումը՝ նման քայլերով, իրատեսական չէ:
-Ի՞նչ եք կարծում, այդ միջադեպը պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումներում փոփոխություններ կարձանագրի՞, դիրքորոշման առավել կոշտացում կլինի՞, մանավանդ, ԱԳՆ-ի տարածած բավական հասցեական հայտարարության ֆոնին:
-Մենք բազմիցս նշել ենք՝ տարբեր ձեւաչափերով, տարբեր հարթակներում, որ ունենք կարմիր գծեր եւ եթե իրենք այս պահին՝ նման գործողություններով փորձում են առաջ տանել իրենց սկսած գործընթացը, այսպես ասած, արցախահայության ինտեգրացիան, դա մեզ համար կարմիր գիծ է եւ դա անընդունելի է:
-Միջազգային հանրությունից եւ պաշտոնական Երեւանից ակնկալիքները որո՞նք են:
-Միջազգային հանրությունից, իհարկե, շատ կոշտ արձագանքներ պետք է լինեն, որովհետեւ սրանք արդեն այն քայլերն են, որոնց մասին մենք բազմիցս ահազանգել ենք՝ ասելով, որ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը բերում է հենց սրան՝ ահաբեկչական գործողությունների: Նաեւ՝ քայլ առ քայլ Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացնում: Ուստի, միջազգային հանրությունն էլ պետք է հասկանա Ադրբեջանի վարքագիծը եւ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը զսպի՝ կոշտ եւ գործնական արձագանքներով:
Ինչ վերաբերում է Հայաստանին, կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի կողմ է Հայաստանը եւ այդքանով պետք է այս հարցի վերաբերյալ կոշտ դիրքորոշում ունենա:
-ՀՀ ԱԳՆ-ն դեպքի առիթով դիրքորոշում հայտնեց . դա բավարա՞ր է, թե՞ ավելի կոշտ բառապաշար եք ակնկալում:
-Կարծում եմ, բավարար կոշտ էր, բայց դրան պետք է նաեւ քայլեր հետեւեն, որովհետեւ Ադրբեջանին զսպելու մեխանիզմը միայն հետեւողական, առարկայական քայլերն են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ