Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք չեն դիտորդներ, որոնք գրիչներով եւ հեռադիտակներով են գալու Լաչինի միջանցք»․ Սեյրան Օհանյան

Մարտ 06,2023 16:26

«Արցախը ՀՀ-ին կապող միջանցքի հետ կապված պայմանավորվածությունը նոյեմբերի իննի փաստաթղթի մեջ է։ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարները դա պայմանավորվել են ՌԴ-ի հետ։ Այլ բան է՝ ՌԴ-ն դա վա՞տ է իրականացնում, թե՞ լավ։ Սա բանակցությունների արդյունք պետք է լինի։ Լաչինի միջանցքի հարցով միջազգային դիտորդների անհրաժեշտություն, գտնում եմ, որ չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, որ Լաչինի միջանցք եւ ԼՂ միջազգային փաստահավաք խմբի գործուղումն անհրաժեշտություն է։

Հիշեցնենք, որ արցախաադրբեջանական շփման գծում մարտի 5-ին Ադրբեջանի հարձակողական եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են ԱՀ ոստիկանության 3 եւ վիրավորվել՝ 1 աշխատակից։

Սեյրան Օհանյանը մոտեցումն այսպես բացատրեց․ «Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով եւ հեռադիտակներով են գալու եւ դիտարկում անելու։ Տեղում դա իրականացնողը ՌԴ խաղաղապահ ուժերն են։ Մյուս կողմից, միջազգային հարթություններում Արցախի հարցի բարձրաձայնումն անհրաժեշտություն է, հակամարտությունը լուծված չէ, եւ լուծման տարբերակը պետք է վերադառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթ»։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո գրել էր, որ «տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը»։ Մեկնաբանելով այս պնդումը՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ բանակցությունների շարունակությունն անհրաժեշտություն է Արցախի անմիջական ներգրավմամբ․ «Բայց այն, որ խաղաղապահների ստորաբաժանումներն անմիջապես արձագանքել են, միանշանակ է»։

Հարցին՝ ի՞նչ հիմքեր ունենք պնդելու, որ երեկվա կատարվածն ավելի մեծ էսկալացիայի կբերի, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Անվտանգության համար երաշխիքներ պետք է ձեւավորել։ Այսօրվա իշխանությունը խաղաղությունն է համարում երաշխիք, մինչդեռ խաղաղությունն անվտանգության համար հիմնարար արժեք է։ Անվտանգության ազգային արժեքը մեր բանակն է։ Ընդ որում, Արցախի դեպքում մենք միջազգային հանրությանը պետք է կարողանանք ներկայացնել Արցախի պաշտպանության բանակի անհրաժեշտությունը։ Այն հակամարտության սկզբնական փուլում ձեւավորվել է՝ ապահովելու Արցախի անվտանգությունը, ինքնապաշտպանությունը։ Անգամ եթե այսօր Ադրբեջանը խոսում է զինամթերք տեղափոխելու մասին, ապա ինչպե՞ս կարելի է այդ երկրի ներկայիս սադրանքների ընթացքում զենք չկիրառել եւ չինքնապաշտպանվել։ Ուստի ՊԲ-ն անհրաժեշտություն է։ Արցախում կան հայկական ուժեր, բայց ոչ՝ հայաստանյան։ Սա կարեւոր է փաստել։ Իսկ միջազգային երաշխիքը բանակցային գործընթացն է՝ դիվանագիտությունը։ Չկա դիվանագիտություն, սկսվում է պատերազմ։ Մինչեւ 2018թ․-ը ազգային եւ միջազգային մեխանիզմները մեկը մյուսին լրացնելով՝ կարողացել են Արցախի հիմնախնդիրն առաջ մղել, ինչն այսօր չենք տեսնում»։

Սեյրան Օհանյանը հավելեց, որ մարտական գործողություններ թե Արցախի, թե ՀՀ-ի սահմաններին ցանկացած պահի հնարավոր են։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031