Արցախը՝ անկախ է Ադրբեջանից
«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունն ողջունում է փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի որդեգրած դիրքորոշումը, համաձայն որի Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը:
Դեռևս 2021 թ. փետրվարի 18-ից 20-ը՝ Արցախյան շարժման 34-ամյակին, այցելելով Ստեփանակերտ՝ «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունն առաջ է մղել ադրբեջանաթուրքական ահաբեկչական հանցագործ պատերազմից հետո ստեղծված ծանրագույն իրավիճակում «Արցախի ճանաչում հանուն փրկության» բանաձևի համընդհանուր տարածման և ընդունման անհրաժեշտությունը: Արցախյան այս այցից հետո հանդիպել ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ նրան փոխանցելով մեր մտահոգությունները՝ այս խնդրի շուրջ համախմբելու Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ջանքերը:
Համոզված ենք, որ համազգային համընդհանուր ջանքերի միավորումը, միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը և հատկապես այս ուղղությամբ Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը թույլ կտան գոյաբանական ճգնաժամում հայտնված հայությանը հաղթահարելու թուրք-ադրբեջանական ծավալապաշտական հարձակումները և աշխարհաքաղաքական մարտահրավերները: Հապաղումն այլևս անթույլատրելի է:
Կարդացեք նաև
«Ի պաշտպանություն Արցախի»
նախաձեռնության համակարգող խորհուրդ