Մեր ոսկեսերունդ 15 զինվորի համբարձման քառասունքը հազիվ լրացած՝ ռազմական հանցագործ թշնամին՝ ոգևորված իրեն հլու-հնազանդ ծառայող երևանյան իշխանության արտաքին ոչնչությամբ ու ներքին անպատկառությամբ, վերադարձել է հայ մարդու դեմ պժգալի ահաբեկչության իր ավանդական զինամիջոցին։
Արցախցի երեք ոստիկանի և դրանով իսկ մեր պետականության դեմ Ադրբեջան-Թուրքիա զույգի հերթական դարանակալ գրոհը վերջապես ահազանգում է իշխանակարգի և իր սողացող-լողացող «քաղաքականության» կատարյալ անզորությունը՝ մեր պետական ու ազգային կենսական շահերը ներկայացնել թե՛ ոսոխի հանդեպ, թե՛աշխարհում՝ ընդհանրապես։
Տակավին գործող գերագույն մահաբերով և իր ակունքամոռ չքմեղացողներով ի՞նչ խաղաղություն, ի՞նչ ինքնիշխանություն կամ ամբողջականություն, ՄԱԿ կամ միջազգային դատարանի վճռի կիրարկում, ի՞նչ դիվանագիտություն, որ անունից բացի հպում անգամ չունի Հայաստանի և նրա որևէ իրավունքի հետ։
Սպարապետից հեռու մնացեք՝ բավ է նրան աջուձախ տեսաբանել, հարկ է փորձել զինվորագրվել նրա պատգամին, դառնալ քաղաքացի, ապաև ազգովի՝ Սպարապետ։ Նորեն խոսենք՝ իմաստավոր, խորաթափանց, գործնականորեն։
Կարդացեք նաև
Էափոխենք ինքներս մեզ, մեր ներքին մտավիճակը, կամավիճակը, հոգեվիճակը, գոյավիճակը, իշխանավիճակը, մի խոսքով՝ փրկուղին։
Այլապես թշնամին է շարունակելու դա անել, ընդսմին՝ դաժանաբար, անդադրում, բռնադատչորեն, մինչև վերջ, մինչև Ստեփանակերտ, հետո արդեն՝ Երևան։
Սա է ժառանգությունը կամ դատաստանը մեր՝ Հայաստա՞ն, թե՞ Փաշինյան. ընտրությունը մերն է՝ բոլորինս։
Լինե՞լ, թե՞ չլինել։
Րաֆֆի Կ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
6 մարտի 2023
Երևան