Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ շենքի նախկին բնակիչները ՊԵԿ-ի ղեկավարին մեկ ժամ ժամանակ տվեցին, որից հետո պահանջելու են նրա հրաժարականը

Մարտ 06,2023 15:56

«Մենք որոշեցինք՝ 1 ժամ ժամանակ տրամադրենք մեր վերջնական պատասխանի համար, որովհետև որերորդ անգամն է՝ մեզ թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոստում են տալիս պատասխանելու, չեն պատասխանում: Մենք իրենց ժամանակը չունենք, որ երեխեքը, ժողովուրդը գիշեր-ցերեկ վրանում մնան, ամեն օր անպատասխան գանք-գնանք: Եթե չիջավ, մենք որոշել ենք պահանջել իր հրաժարականը»,-ՊԵԿ-ի դիմաց ցույցի ժամանակ հայտարարեց ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչներից մեկը: Բողոքի ցույցի մասնակիցները նախ հանդիպում էին պահանջում կոմիտեի ներկայացուցիչների հետ, ապա, ՊԵԿ-ից որևէ արձագանք չստանալով, որոշեցին նման քայլի գնալ։

«Մեր պահանջն է, մեզ թույլ տան ներս մտնենք, բնակվենք, որից հետո թող այս հարցը լուծեն: Եթե մեզ պետք է դուրս շպրտեին այն բանից հետո, երբ արդեն մեր բնակարանները սարքել էինք, բա մինչ այդ ու՞ր էին: 2018 թվականին ՊԵԿ-ը ու՞ր էր, եթե դա պետական հող էր, ինչո՞ւ թույլ տվեցին, որ այնտեղ մարդիկ հաստատվեն, ինչո՞ւ էին դռները բաց մարդկանց համար, հիմա ինչո՞ւ հանկարծ հիշեցին։ Ժողովուրդն իր գումարով պայմաններ ստեղծեց, իրենք էլ 6 հազար զորքով 100 բնակչին դուրս հանեցին: Որտե՞ղ ըտենց պետական օրենք կա: Մենք պահանջում ենք մեր ջարդած գույքը վերադարձնեն, մեր գողացած իրերը վերադարձնեն, մեր ծախսերը վերադարձնեն, ապահովեն մեզ մեր բնակարաններով: Եթե ըտենց ալան-թալան է, թող ուրիշ պետություն գնան թալանեն, ոչ թե իր հայ ժողովրդին, ես չեմ հասկանում, էս ի՞նչ պետություն է ու էս պետությունը ուզում է, որ էս վիճակով մեր երեխեքը գնան իր համար ծառայե՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Պողոսյան ազգանունով մեկ այլ բնակչուհի էլ ասաց, որ վրաններում իրենք զրկված են ամենատարրական պայմաններից, սակայն կարողանում են համատեղ ուժերով հնարավորինս լուծել սննդի ու հիգիենայի խնդիրները: «Բայց դրանք կարևոր չեն, հիմա մեզ համար ամենակարևոր հարցն այն է, որ ՊԵԿ-ից որևէ պաշտոնյա իջնի ու մեզ կոնկրետ պատասխան տա»,-նշեց նա ու հիշեցրեց, որ մինչ օրս դեռ կառավարությունից էլ որևէ պատասխան չեն ստացել:

Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի մարտի 2-ին՝ կառավարության հերթական նիստի օրը ՊՆ նախկին բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության դիմաց:

Ցույցի մասնակից բնակիչները չէին կարողանում հասկանալ, եթե իրենց դուրս պետք է շպրտեին ՊՆ նախկին շենքից, ապա ինչո՞ւ այսքան տարի թույլ տվեցին, որպեսզի իրենք ֆինանսական միջոցներ ծախսեն՝ աշխատանքային սենյակները բնակարանների վերափոխեն, որից հետո միայն՝ պետական մարմինները հայտարարեն, թե իրենք անօրինական են, մի՞թե այն ժամանակ չգիտեին այդ մասին: Նրանք անվերջ պնդում էին, որ այս ընթացքում իրենց բնակարանները, գույքը թալանվել է, կոտրվել-վնասվել է:

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ, չեն պատասխանի մեր հարցերին՝ բոլորս մեր իրերով կգանք ու կբնակվենք այստեղ։ Մեր երեխեքը ոչ նորմալ դպրոց են հաճախում, ոչ էլ նորմալ սնվում են, չի կարող այսպես շարունակվել»,- նշեց մեկ այլ բնակիչ։

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031