Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը․ Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպաններին

Մարտ 06,2023 15:52

Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին հրապարակեց միջանկյալ որոշում՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումից 12 օր անց Ադրբեջանը շարունակում է չկատարել դատարանի պահանջը։ Ավելին, Ադրբեջանը նոր ագրեսիա է իրականացրել արդեն 85 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում․ երեկ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 ծառայող։

Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար և միայն տվյալ գործով: Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահսկողական հնարավորությունները՝ դիմել եմ Հայաստանում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների դեսպաններին, խնդրել եմ հրապարակային կերպով արձագանքել, ցուցաբերել հետևողականություն և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություններին ներկայացնել մեր մտահոգությունները՝ նպատակ հետապնդելով հասնել Դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու որոշման կատարմանը։

Միաժամանակ խնդրել եմ գնահատական՝ երեկ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ահաբեկչության վերաբերյալ, որի արդյունքում հայկական կողմից ունենք զոհեր։

Հ.Գ. Մինչ այսօր միայն Ֆրանսիայի Հանրապետությունն է անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման կատարման անհրաժեշտությանը՝ հանդես գալով հատուկ կոչով:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031