Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի 50 դիմորդներ չեն կարողացել Գորիսում մասնակցել միասնական քննություններին». Կարո Նասիբյան

Մարտ 06,2023 15:07

«2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին (ձմեռային) փուլից բացակայել է 226 հոգի, որոնցից 50-ը ԱՀ դիմորդներն էին, որոնք հնարավորություն չեն ունեցել Գորիսում մասնակցել միասնական քննություններին»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Նա նշեց, որ միասնական քննություն կազմակերպվել է 29 քննական կենտրոնում: Հայտագրվել էր 6856 դիմորդ, բայց դիմորդներ են եղել, որ հանձնել են երկու միասնական քննություն: Ուստի եղել է 10817 դիմորդ-քննություն:

ԳԹԿ փոխտնօրենը նաև հայտնեց՝ 31 դիմորդ հեռացվել է քննությունից, քանի որ քննության ժամանակ օգտվել է հեռախոսից և էլեկտրական սարքավորումներից: Ըստ նրա՝ դիմորդը ձմեռային քննաշրջանից շահել է: Ու մանրամասնեց. «Շահել է ոչ միայն կազմակերպական, այլև բովանդակային առումով: Նա ծանոթացել է թեստին, ձևաթղթին, բացի դրանից՝ ինքը հնարավորություն ուներ հանձնելու ոչ թե երկու, այլ մեկ քննություն: Կամ երկու քննություն հանձնելու դեպքում, երբ զգում է՝ մեկ քննության արդյունքը իրեն լիովին բավարար է, կարող է այլևս չպարապել, ուժերը կենտրոնացնել մյուս առարկայի վրա: Եթե նույնիսկ դիմորդների համար քննության արդյունքները բավարար չէին, նա նորից քննություն հանձնելու հնարավորություն ունի»:

Կարո Նասիբյանը տեղեկացրեց՝ ապրիլի 10-ից կսկսվի հայտագրման գործընթացը և զգուշացրեց՝ ի տարբերություն առաջին փուլի, այս անգամ հայտագրման գործընթացին կարող են մասնակցել միայն ՀՀ դպրոցների շրջանավարտները և նախորդ տարիների շրջանավարտները: Ձմեռային փուլի ժամանակ քննությունից հեռացված դիմորդները նույնպես կարող են դիմել, հայտագրվել ու մասնակցել հունիսին անցկացվող քննություններին:

Հարցին՝ իսկ արցախցի դիմորդները, որոնք չէին կարողացել մասնակցել ձմեռային փուլին, ինչպե՞ս է նրան հարցը կազմակերպվելու, Կարո Նասիբյանը պատասխանեց. «Մենք անմիջական կապի մեջ ենք ԱՀ ԳԹԿ տնօրենի հետ: Այսօր ստացել ենք արդեն ԱՀ դպրոցների 9-րդ դասարանցիների քննություն համար դիմածների տվյալները: Մենք հիմնական դպրոցի ավարտական քննությունների և միջին դպրոցի պետական ավարտական քննությունների հետ որևէ խնդիր չենք ունենում, Արցախը տպագրում, կազմակերպում է: Խնդիր ունենք միասնական քննությունների հետ, քննարկում ենք այդ հարցը: Չի բացառվում, որ ԱՀ դիմորդները ևս ունենան երկու հնարավորություն: Եթե հունիսին քննություն հանձնեցին, իրենց թույլատրենք նաև հանձնել հուլիսին»:

Անդրադառնալով ձմեռային փուլի քննությունների արդյունքներին՝ Կարո Նասիբյանն ասաց, որ ամենաշատ դիմորդներ քննություն են հանձնել անգլերեն առարկայից: Միջին գնահատականը եղել է 12, որն ավելի ցածր է, քան նախորդ տարիներին. «Մեզ համար հաճելի անակնկալ էր հայոց պատմության միջին գնահատականը, որը 14 է, կենսաբանությանը՝ 13.1 աշխարհագրությանը՝ 14.1 որոնք ավելի բարձր են, քան նախորդ տարիներին: Անգլերենից դրականի շեմը չեն հաղթահարել 13.1 տոկոսը, կենսաբանությունից՝ 14.3 տոկոսը: Քիմիայից 37 տոկոսը ստացել է անբավարար, մաթեմատիկայից՝ 27.5 տոկոսը: Դիմորդների ընդհանուր թվից 2376 դիմորդ քննությունից ստացել է «անբավարար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031