Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, որից հետո մեծ բռնկում չի գրանցվել, իսկ երկու տարի առաջ ընդամենը երկու- երեք դեպք է արձանագրվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Այսօրվա դրությամբ կարմրուկի հաստատված 20 դեպք է արձանագրվել, նախարարը վստահեցրեց՝ սա այն իրավիճակը չէ, որպեսզի շփումների կամ բնակչության տեղաշարժերի սահմանափակում մտցնեն, դպրոցները փակեն, պարզապես չպատվաստվածները պետք է պատվաստվեն, իսկ մինչեւ մեկ տարեկան երեխաների ծնողները պետք է խուսափեն փոքրիկին մարդաշատ միջոցառումների տանելուց։
«Այս պահին ունենք փոքր բռնկում, որը պետք է ճիշտ զսպենք եւ թույլ չտանք հետագա տարածումը։ Համաճարակի մասին այս պահին խոսք չի գնում, նման սցենարներ հորիզոնում դեռ չեն երեւում հորիզոնում»,-ասաց նախարարը։
Ըստ նախարարի՝ դպրոցներում բուժքույրերը հսկողություն են իրականացնում, զննում երեխաներին․ «Այս պահին ավելի միջոցառումների կարիք չկա»։
Կարդացեք նաև
Առաջիկա օրերին ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստման շարժական երկու կետ կբացվի։
Այն մեծահասակները, որոնք չեն հիշում, թե փոքր տարիքում պատվաստվել են, թե՞ ոչ, կարող են պատվաստվել, եւ ինչպես նախարարն ասաց, 2007-ին Հայաստանում իրականացվել է պատվաստման լայնածավալ արշավ եւ դրա շրջանակներում 27 տարեկանը լրացած քաղաքացիները պատվաստվել են։
ԿԿԽ պատվաստումը երկու դեղաչափով է, առաջին դեղաչափը ստանում են 1 տարեկանում, երկրորդը՝ 4-6, նախարարն ասաց, որ չորս տարեկանը լրանալուց հետո երեխաներին արդեն կարելի է պատվաստել․ «Երկու դեղաչափը ստանալուց հետո է կայուն իմունիտետ ձեռք բերվում։ Մանկապարտեզներում դուրս ենք բերում 1 եւ 4 տարեկան երեխաներին, ովքեր բաց են թողել պատվաստումներն, որպեսզի նրանց եւս պատվաստենք»։
Մեկ դեղաչափ ստացածների դեպքում վարակվելու հավանականություն կա, սակայն նրանք հիվանդացությունն ավելի թեթեւ են տանում։
«Բացառիկ դեպքեր կան, երբ պատվաստված անձը կարող է վարակվել կարմրուկով, դրանք այն դեպքերն են, երբ դիմադրողականությունն ընկճված է, հարակից հիվանդություններ են լինում»,-ասաց Ավանեսյանը։
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ հավելեց՝ եթե օրինակ բարձր տարիքի անձի մոտ նախկինում լաբորատոր հաստատում չի եղել, որ վարակվել է կամ պատվաստված է, ապա նա եւս պետք է պատվաստվի։
Եթե նախկինում լաբորատոր չի հաստատվել, որ պատվաստվել է, ապա պետք է պատվաստվի։
Կարմրուկի վիրուսը շատ ծանր հետեւանքներ է առաջացնում։ Սահակյանի ներկայացմամբ՝ այս վիրուսը մարդու օրգանիզմից դուրս չի գալիս, մնում է ամբողջ կյանքի ընթացքում․ «Իսկ վտանգն այն է, որ եթե նպաստող որոշակի հանգամանքներ են առաջանում՝ վիրուսը կարող է նորից ակտիվանալ։ Այս դեպքում առաջանում է ենթասուր ձգձգվող էնցեֆալիտ՝ ուղեղի թաղանթի բորբոքում՝ մահվան ելք է առաջացնում։ Մյուս վատ հետեւանքն այն է, որ եթե մարդը բնական ճանապարհով վարակվում է կարմրուկով՝ առաջանում է իմուն համակարգի հիշողության կորուստ։ Սա նշանակում է, որ եթե երեխան դրանից առաջ բոլոր հիվանդությունների դեմ պատվաստվել կամ հիվանդացել է տարբեր հիվանդություններով, եւ օրգանիզմում առաջացել է իմուն հիշողություն։ Իմուն համակարգը երկրորդ անգամ վիրուսը հանդիպելիս՝ ճանաչում է։ Կարմրուկի վիրուսով հիվանդանալուց հետո իմուն համակարգն այլ վիրուսների հանդիպելիս չի հիշում։ Հետվարակային շրջանում այդ անձը շատ խոցելի է լինում ցանկացած անշառ վարակների նկատմամբ։ Սա տեւում է մոտ երեք տարի, մինչեւ իմուն հիշողությունը վերականգնվի»։
Նախարարի ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցն էլ նշեց՝ կարմրուկի գաղտնի շրջանը նվազագույնը յոթ օր է, միջինում՝ 9-10, սակայն կարող է ձգվել մինչեւ 20 օր։
Այս հիվանդությունը մեծահասակներն ավելի ծանր են տանում․ ըստ Սարգսյանցի՝ վերջին տասնամյակների միտումն այն է, որ վարակվածների 1/3-ը մեծահասակներն են․ «Եթե նախկինում կարմրուկը դա դասական մանկական վարակ էր համարվում, ապա մեծահասակները նույնպես կարող են վարակվել եւ հիվանդացությունը ծանր ընթացք կարող է ունենալ»։
Մասնագետի խոսքով՝ բժիշկների համար շատ դժվար է ախտորոշել կարմրուկը՝ երբ չկա համաճարակային իրավիճակ․ «Հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությամբ։ Բնորոշ երեք ախտանիշներն են՝ հարբուխ, հազ , աչքերի լորձաթաղանթի բորբոքում։ Այս ախտանիշերով շրջանը՝ մինչեւ ցանի ի հայտ գալը, կարող է տեւել 1-8 ութ օր։ Հետո հիվանդության ծաղկման շրջանն է սկսվում՝ ցանի արտահայտմամբ։ Մեկ այլ ախտանիշ էլ կա, որի միջոցով բուժաշխատողները կարող են ճանաչել վիրուսը՝ բերանի լորձաթաղանթի վրա սպիտակ մանր ցան է առաջանում՝ մինչեւ մարմնի ցանը»։
Այս հիվանդացության 30% դեպքերում, ըստ Սարգսյանցի՝ հիվանդությունը կարող է բարդանալ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ