Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Սահմանին ողբերգական զոհեր ունենալը դարձել է սովորական երեւույթ»

Մարտ 06,2023 14:05

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խորը ցավակցություն հայտնեց երեկ Արցախում ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված երեք ոստիկանների ընտանիքների անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ծառայակիցներին եւ մեր ողջ ժողովրդին, ապա ասաց. «Այս ողբերգության համար եւս, հավանաբար, սգո օր չի հայտարարվի: Արդեն դարձել է սովորական երեւույթ: 240 զինծառայող զոհվել է ընդամենը սեպտեմբերի 13-14-ի երկօրյա ռազմական գործողությունների ընթացքում, զինվորականներ են զոհվում թշնամու դիպուկահարների կրակոցներից, 15 զինծառայող զոհվում է խաղաղ պայմաններում իրենց կեցավայրում՝ անհասկանալի հանգամանքներում, երեք ոստիկաններ զոհվում են ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով: Բայց դրանից հետո ի՞նչ է փոխվում մեր հանրային կյանքում, պատասխանատուի կյանքում: Շրջագայությունները արտասահման շարունակվում են, իրենց խրախճանքներն ու զվարճանքնե՞րն են պակասում:

Այդ դիվերսիայից մի քանի օր առաջ ռուսական խաղաղապահ զորամիավորումը հայտարարում էր, որ Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրել: Այսինքն, եւ Ասկերանի եւ Մարտունու ուղղությամբ եղել է հրադադարի ռեժիմի խախտում: Դիվերսիայից հետո այսօր առավոտ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հարավ-արեւելյան ուղղությամբ՝ դա այն նույն ուղղությունն է, որը ներառում է Գորիսը, Սիսիանը, Ջերմուկը եւ այլն, այդ ուղղությամբ հայկական կողմից եղել է հրադադարի ռեժիմի խախտում: Մի քանի րոպե առաջ Հայաստանի ՊՆ-ն հերքեց դա: Նույնանման հերքումներ եղել են նաեւ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի եւ 14-ի մարտական գործողություններից առաջ: Այսինքն, Ադրբեջանը սրանով լայնածավալ մարտական գործողությունների հող է նախապատրաստում: Իսկ որ դա լրիվ պատրաստի պատերազմ է, դրա մասին Նիկոլ Փաշինյանը խոստովանել է Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Համայնքի հետ հանդիպումները որպես կանոն, Նիկոլ Փաշինյանի ամենասիրած վիճակն են: Գերմանիայում մի քանի տասնյակ հազար հայեր են ապրում, հանդիպմանը ընդամենը մասնակցել է 35 հոգի: Ես առանձնացրել եմ այդ համայնքի հետ հանդիպումից մի քանի ուղիղ խոսքի մեջբերումներ, որոնք արտասանել է Նիկոլ Փաշինյանը: Ավելացնել, պակասեցնել չկա: Այս խոսքերն իրար հետեւից որ շարում, համադրում ես, լսեք, թե ինչի է բերում:

«Մյուսների ցանկացած խաղաղությունը մեր ցանկացած խաղաղության հետ չի համընկնում»: Մյուսներն ովքե՞ր են: Ոչ շվեդները, շվեյցարացիները, ոչ էլ մոնղոլները: Խոսքը Ադրբեջանի կամ թուրքերի մասին է: Եվ խաղաղության մասին մեր ու իրենց պատկերացումները տարբեր են: Այսինքն, խաղաղության մասին խոսք չկա, կա պատերազմ:

«Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված, արեւմտյան Ադրբեջանի նախաձեռնությունը Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է»: Այսինքն, խոստովանում է, որ խաղաղություն չի լինելու եւ Ադրբեջանը նախապատրաստվում է:

«Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք»: Այսինքն, խաղաղություն չի լինելու: Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի, ինքն էլ անվտանգությունը չի երաշխավորում:

«Հայկական պետությանը բան է սպառնում»: Այսինքն, ասում է. հայերը դեռ կարող են Գերմանիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում ինչ որ կերպ գոյություն ունենան, որպես հայ ինքնությունը պահեն, եկեղեցի այցելեն, տանը հայերեն կարդան եւ խոսեն, բայց պետությանը բան է սպառնում:

«Ես ժողովրդի՝ իմ ուսերին դրած պատասխանատվությունը, ինչքան էլ որ ծանր լինի, ծնկներս սալվել չեմ թողնելու, ես փախնող չեմ: Ապացուցել եմ դա»: Այսինքն, այս պատերազմը, պետության կործանումը պետք է գլուխ բերի եւ մեռնելով էլ լինի, դա անելու է: Իսկ փախչելու պահով, սա ասում է մարտի 1-ին կռիվը գցած ու այնտեղից փախած, նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանին ժողովրդի ոտքերի տակ գցած, իր պատգամավորներին, իր ամբողջ իշխանությունը բրախած ու բունկերում պախկված, սեպտեմբերի 13-ին եւ 14-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի բունկերում թաքնված մարդը:

«Ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից եւս ստանալ որոշ աջակցություն»: Սա վերջն է:

Հիմա կարճ ֆրազներով. «Խաղաղության պատկերացումները տարբեր են, խաղաղություն չի լինելու, Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ագրեսիայի», ինչքը չի կարող երաշխավորել երկրի անվտանգությունը, պետությանը վտանգ է սպառնում, այս ամենի պատասխանատվությունը մնում է իր ուսերին եւ ոտքերն էլ ջարդվեն՝ պիտի անի, չի փախչի ու որ ստանա Ադրբեջանի ժողովրդի աջակցությունը:

Այս ամենը նրա ուղիղ խոսքի մեջբերումներ են, որոնք ես դասավորել եմ ըստ հերթականության»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031