Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամին հայ ոստիկաններին դարանակալել էր իր առաջապահ դիրքերից 1 կմ հեռավորության վրա. «Հետք»

Մարտ 06,2023 11:27

«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության 3 աշխատակցի ու վիրավորել մեկին:

Հիշեցնենք, որ առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Հերթական հանցագործության հետեւում կանգնած պաշտոնական Բաքվին որոշ ժամանակ էր պետք՝ փաստերն իրեն հաճո ստով փաթեթավորելու եւ արտաքին ու ներքին լսարանին հրամցնելու համար: Ըստ ադրբեջանցիների՝ իրենք օպերատիվ տեղեկություններ ունեին իբր Հայաստանից Արցախ տեղափոխվող զենք-զինամթերքի եւ անձնակազմի մասին: Բայց ալիեւյան քարոզչամեքենան այնքան է շտապել, որ խճճվել է իր իսկ ստերի սարդոստայնում՝ ներկայացնելով, թե իբր Հայաստանից Արցախ եկող ռազմական բեռն ու անձնակազմը տեղափոխվում են «Խանքենդի (Ստեփանակերտ)-Խալֆալի-Տուրշսու (Լիսագոր) գրունտային ճանապարհով»:

Բանն այն է, որ ադրբեջանցի դիվեսանտների թիրախում հայտնված հայ ոստիկանների «ՈւԱԶ» մեքենան հենց Ստեփանակերտից էր մեկնում դեպի Շուշիի շրջան (այսինքն՝ Արցախ-ՀՀ եւ ոչ թե ՀՀ-Արցախ ուղղությամբ), հետեւաբար անհնար էր դրանով ռազմական բեռի ու անձնակազմի տեղափոխումը Հայաստանից Արցախ: Ավելին՝ ինչպես նկատել է ՀՀ ԱԳՆ-ն, «Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել եւ չեն կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում»: Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ստեփանակերտից Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղեր (Բերդաձորի ենթաշրջան) մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր վերը նշված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել եւ ստուգել հայկական տրանսպորտային միջոցները, սակայն հայկական կողմը կրակ է բացել, ինչի հետեւանքով երկու կողմից կան զոհեր ու վիրավորներ: Ադրբեջանցիները, բնականաբար, չունեն գեթ մեկ ապացույց նրա, որ մի քանի տրանսպորտային միջոց է անցել, կամ որ հայերն են առաջինը կրակել: Լինելու դեպքում Բաքվի քարոզչամեքենան առանց հապաղելու կտարածեր դրանք, սակայն այս պարագայում հանցագործ կողմին մնում է շարունակաբար ստելը:

Աչք է ծակում նաեւ այն սուտը, թե իբր ադրբեջանցիները հայկական տրանսպորտային միջոցը կանգնեցնելու փորձ են արել: Բացի նրանից, որ նրանք նման բան չեն արել, փոխարենն ուղղակի սպանել են հայ ոստիկաններին, այլեւ հայկական որեւէ տրանսպորտային միջոց կանգնեցնելու ու ստուգելու իրավասություն չունեն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն:

Ի տարբերություն ադրբեջանցիների՝ Արցախի ՆԳՆ-ն ներկայացրել է լուսանկարներ ու տեսանյութ, որոնցից վերջինը ցույց է տալիս, թե ինչպես են հայ ոստիկաններին սպանած ադրբեջանցի զինվորականները եւս մեկ անգամ կրակում մեքենայի մեջ, ապա հեռանում՝ դեն նետելով ինչ-որ թղթեր:

«Անհրաժեշտ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողների եւ հարակից դիրքում գտնվող ՊԲ զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը եւս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր»,- հայտարարել է ՆԳՆ-ն:

Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած տեսանյութում կարելի է տեսնել, որ հայկական կողմի կրակից հետո ադրբեջանցիները փախչում են՝ տալով զոհեր ու վիրավորներ, ապա կարողանում վերջիններիս էվակուացնել ՌԴ խաղաղապահների ժամանելուց հետո:

Համադրելով տեսանյութը տեղանքի քարտեզի հետ՝ «Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանցիների հանցագործությունը:

Նկատենք, որ մինչ այդ ՆԳՆ-ն ցույց էր տվել ոստիկանների անցած երթուղին՝ որպես միջադեպի վայր նշելով «Խայփալու» տեղանքը, որն այդ հոլովակում համընկնում է Շուշիի շրջանի Ղայբալիշեն (Ղայբալի) գյուղի հետ:

Իրականում, սակայն, Ղայբալիշենը որեւէ կապ չունի «Խայփալուի» հետ: Ադրբեջանցիների հանցագործությունը տեղի է ունեցել Շուշիի շրջանի նախկին Խալֆալի եւ Դյուքանլար բնակավայրերի մոտ՝ Ղայբալիշենից ուղիղ գծով 3,5 կմ, իսկ Ստեփանակերտի Քրքջան (Կրկժան) թաղամասից՝ 6 կմ հարավ-արեւմուտք:

Նշենք, որ հանցանքի վայրը ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած գոտուց հեռու է ավելի քան 1 կմ: Գոտի ասելով՝ նկատի ունենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ձախակողմյան հատվածը Շուշի-Քարին տակ խաչմերուկի մոտ: Այս անտառաշատ հատվածում է գտնվում «Իսահակի աղբյուրը»: Դրան հարեւան բլուրների վրա 2020 թ. պատերազմից հետո տեղակայվել է թշնամին: Նրանց առաջապահ դիրքերից մեկը հանցանքի վայրից հեռու է 1,05 կմ, մյուսը՝ 1,3 կմ:

Գրունտային ճանապարհն ու երթուղին, թշնամու դիրքերը, դիվերսիայի վայրը

Այսինքն՝ ադրբեջանցիները, դուրս գալով իրենց դիրքերից, առաջացել են դեպի Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որն այս պահին կարելի է այլընտրանք համարել Բաքվի խամաճիկ «էկոակտիվիստների» կողմից արգելափակված Ստեփանակերտ-Քարին Տակ-Լիսագոր ասֆալտապատ մայրուղուն: Դիվերսանտներն իրենց դիրքերից իջել են Կարկառի վտակ Վարարակն գետի ձորը, ապա դուրս եկել գրունտային ճանապարհ եւ, ինչպես կարելի է տեսնել լուսանկարներից, դիմահար կրակով թիրախավորել հայ ոստիկանների «ՈւԱԶ» մեքենան (թշնամին նաեւ կողային հատվածներից է կրակել մեքենայի սրահին՝ նպատակ ունենալով սպանել դրա մեջ գտնվող բոլոր անձանց):

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031