Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Անկախ նրանից՝ ինչ ճնշումներ կան Իրանի վրա, այդտեղ մեր շահերն էլ են վտանգվում»

Մարտ 06,2023 14:00

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը չի կարծում, որ Ամերիկան, Իսրայելը կամ այլ երկիր կհարձակվեն Իրանի վրա։

«Անկախ նրանից, թե ինչ միտումներ, ինչ ճնշումներ կան Իրանի վրա, այդտեղ մեր շահերն էլ են վտանգվում»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ միտումներ կան այսօր Իրանի դեմ կատարվող ներկայիս ճնշումների համատեքստում, այսպես պատասխանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Նրա փաստմամբ՝ Իրանը միակ երկիրն է, որի հետ մեր անվտանգային շահերն են համընկնում եւ ինքը կարող է մեզ օգնել նաեւ չարաբաստիկ միջանցքի հարցում։ Էմմա Բեգիջանյանի գնահատմամբ՝ Իրանի դեմ ճնշումները մեծանում են։ Մեր հիշեցմանը՝ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները պատրաստվում են Իրանին դիտարկել որպես համաշխարհային սպառնալիք եւ նրա դեմ կոալիցիա կազմել, իրանագետն այսպես արձագանքեց. «Դեռ Թրամփի ժամանակ, երբ որոշել էին արաբական ՆԱՏՕ ստեղծել տարածաշրջանում, որին անդամակցելու էին նաեւ Թուրքիան ու Իսրայելը, դա չստացվեց։ Իսրայելաարաբական փոխհարաբերությունները Թրամփի իշխանության օրոք բավականին լուրջ հաջողություններ ունեցան։ Հինգ երկիր Իսրայելի հետ դիվանագիտական փոխհարաբերություն հաստատեց, տնտեսական լուրջ հարաբերություններ ունեն։ Հիմա էլ չի ստացվի։ Տեսնում ենք՝ Կատարն Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, Սաուդյան Արաբիայի հետ Իրանը ձգտում է բնականոնացնել փոխհարաբերությունները։ Դրանք պարզապես ճնշումներ են Իրանի վրա Իրանին ավելի մեկուսացնելու, շատ զիջումների մղելու համար։ Իրանում դեկտեմբերին սկսված բողոքի ցույցերի հետ էին հույսեր կապում, որոնք ճնշվեցին»։

Հարցին՝ որքանո՞վ եք արդյունավետ համարում 3+3 ձեւաչափը, քանի որ իրանական կողմից առաջարկ եղավ հանդիպել Թեհրանում եւ քննարկել տարածաշրջանային հարցեր, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Ի սկզբանե, երբ այդ հարցն օրակարգ մտավ, ասացի՝ դա այն ձեւաչափը չէ, որը կարող է տարածաշրջանում հարցեր լուծել։ Վրաստանն ուրիշ շահեր ունի, ՀՀ-ն ուրիշ, Թուրքիան ու Ադրբեջանը նույն իշխանությունն են։ Պետք է մենք ու Իրանը  հայտարարեինք, որ մենք ընդհանուր շահեր ունենք, բոլորը գիտեն, տեսնում են, բայց մենք դա չենք ուզում անել։ Նույնը եղավ նաեւ 90-ականների սկզբներին։ Իրանը ձգտում է, արդեն հասկացել է՝ միայն իսլամը չէ, որ պետք է դրանով ընդառաջվի այս ազգը, բայց Հայաստանը չի գնում այդ քայլին»։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասում էին՝ վայ Ամերիկան ինչ կասի, վայ, Եվրոպան, ՌԴ-ն ինչ կասեն։ Հիմա նույն բանն է։ Ասում են՝ հիմա Եվրոպան ի՞նչ կասի, ԱՄՆ-ն ի՞նչ կասի։ Ոչ մի բան չեն ասի, եթե քո շահերը համընկնում են, եթե դու լավ դիվանագիտություն ունես։ Դիվանագիտության  իմաստն է ապացուցել, որ ուրիշ ելք չունեք։ Պետք է ասել՝ եթե այլ լավ ելք ունեք, ինձ առաջարկեք։ Դիվանագիտության իմաստը սա է»։

Հետաքրքրվեցինք՝ տարածաշրջանային լուրջ սրացումներ տեսնո՞ւմ եք, նա պատասխանեց. «Իրանին բոլորը ճնշում են։ Չեմ կարծում, որ կարող են Իրանի վրա հարձակվել։ Իսրայելը դա հազար ու մի պատճառով չի անի, լուրջ սպառնալիքներ է ներկայացնում, բայց գործնական քայլի չի դիմի։ Հզոր, տարածաշրջանային միակ միջուկային տերությունն է Իսրայելը, բայց Իրանն էլ պակաս հզոր բանակ չունի։ Իսրայելը շատ փոքր երկիր է, կարճ ժամանակում կարող է շատ բան կորցնել։ Դա նշանակում է շատ ավելի ընդգրկուն պատերազմ ավելի շատ երկրների մասնակցությամբ, քան ուկրաինականն է։ Ամերիկան էլ չի հարձակվի Իրանի վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031