Լրահոս
Օրվա լրահոսը

Լռությունը մեղսակցություն է. աշխարհը չի կարող անտարբեր ականատես դառնալ հերթական ցեղասպանությանը

Մարտ 06,2023 13:30

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի եւ Հայաստանի միջեւ կյանքի ճանապարհ հանդիսացող Բերձորի (Լաչինի) միջանցքը։ 2023 թվականի փետրվարի 23-ին՝ 73-օրյա շրջափակումից հետո, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց որոշում, որով բավարարեց Հայաստանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը եւ պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Բերձորի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Թեեւ գերտերությունների տարբեր ներկայացուցիչներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ եւ համաշխարհային ճանաչում ունեցող եւ հարգանք վայելող լրատվական գործակալություններ բազմիցս ընդգծել են Ադրբեջանի կողմից այս շրջափակման աղետալի հետեւանքները՝ էթնիկ զտումների եւ ցեղասպանության հնարավոր դրսեւորմամբ, եւ կոչ արել անհապաղ գործողություններ ձեռնարկել իրավիճակի շտկման ուղղությամբ, սակայն աշխարհը, մեծ հաշվով,  ոչ միայն անտարբեր է արցախահայության զրկանքների նկատմամբ, այլեւ շատ երկրներ, հատկապես ԵՄ անդամ երկրներ գործուն քայլեր չձեռնարկելուց բացի, նոր պայմանագրեր եւ համաձայնագրեր են կնքում Ադրբեջանից նավթ եւ գազ գնելու համար։ Սա ցույց է տալիս, որ մարդու իրավունքները դարձյալ զոհաբերվել են քաղաքական նպատակահարմարությանը՝ քաջալերելով Ադրբեջանին շարունակել իր շրջափակումը գրեթե 120,000 տղամարդկանց, կանանց եւ երեխաների նկատմամբ՝ զրկելով նրանց իրացնելու իրենց հիմնարար իրավունքները:

Մենք քաջ գիտակցում ենք, որ երկրները պետք է գործեն՝ ելնելով իրենց ազգային եւ պետական շահերից, բայց, ցավոք, երբ խոսքը վերաբերում է ազգերի միջեւ ուժային դինամիկային, ազգերը բարոյապես սնանկանում են, եւ հզորները միշտ կարողանում են հաղթանակ տանել մարդու իրավունքների նկատմամբ: Ստորադասելով համամարդկային արժեք հանդիսացող մարդու հիմնարար իրավունքները այժմեական քաղաքական, նյութական շահերին՝ պետությունները եւ մարդկությունը մեծամասամբ վտանգում են նաեւ իրենց ապագան, կասկածի տակ դնում ժողովրդավարական արժեքները եւ ստեղծում նախադեպային իրավիճակ, որից որեւէ պետություն չի կարող իրեն լիարժեք ապահովագրել։
Լռությունը մեղսակցություն է, եւ աշխարհը չի կարող անտարբեր ականատեսը դառնալ հերթական հնարավոր ցեղասպանությանը։

«Լուռ մեղսակցությունը» ենթադրում է, որ երկրները բարոյական պատասխանատվություն ունեն՝ զորավիգ լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ճնշում գործադրելով մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված կառավարությունների վրա: Այս անհերքելի փաստն ամրագրված է  1948 թվականի դեկտեմբերի 9-ին Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի թիվ  260 Ա (III) որոշմամբ ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով, որն ուժի մեջ է մտել  1951 թվականի հունվարի 12-ին՝ XIII հոդվածի համաձայն։

Ուստիեւ, վերոբերյալն ընդունած երկրները, ճանաչելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի հայտարարությունը, պետք է ընդունեն նաեւ, որ համաձայն միջազգային իրավունքի՝ ցեղասպանությունը հանցագործություն է, որը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնակարգի ոգուն եւ նպատակներին ու դատապարտվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Ավելին, վերոնշյալն ընդունելով, այդ երկրները պետք է համաձայնեն նաեւ, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը, եւ միջազգային համագործակցությամբ ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցառումները մարդկությանը սպառնացող նմանօրինակ նողկալի արհավիրքները կանխարգելելու համար։

Ի հաստատումն վերոնշվածի՝ մեջբերենք «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի XIII հոդվածով պատժվող արարքները՝

(ա) ցեղասպանություն,

բ) ցեղասպանություն իրականացնելու դավադրություն,

գ) ցեղասպանություն իրականացնելու ուղղակի եւ հրապարակային դրդում,

դ) ցեղասպանություն իրականացնելու փորձ,

ե) մեղսակցություն ցեղասպանությանը։

Այսպիսով, լռությունը մեղսակցություն է, որի համար պատասխանատու են բոլոր այն երկրները, որոնք ընդունել են 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիան։

Այս ամենը հաշվի առնելով՝ Զորյան ինստիտուտը ջանում է բարձրացնել հանրային իրազեկվածությունը այս խնդիրների առնչությամբ ողջ աշխարհում` ընդգծելով այն փաստը, որ հասարակությունները եւս կարող են մեծ դերակատարում ունենալ բռնությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման գործում, եթե ժամանակին բավարար ճնշում գործադրեն իրենց կառավարությունների վրա եւ ստիպեն գերակա համարել մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ աշխարհաքաղաքական եւ նավթագազային հետաքրքրություններից ու շահերից։

Մենք չենք կարող լուռ ականատես լինել հերթական հնարավոր ցեղասպանությանը։ Այժմ ժամանակն է, որ կառավարությունները գործադրեն իրենց քաղաքական կամքն ու գործողությունները՝ միջամտելու եւ կանխելու արցախահայությանը սպառնացող վտանգը, եւ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին՝ կիրառելով միջազգային պատժամիջոցներ։

Լռությունը մեղսակցություն է, եւ աշխարհը չի կարող անտարբեր ականատես լինել հերթական հնարավոր ցեղասպանությանը:

Ստեղծված իրավիճակից Հայաստանը եւս պետք է դասեր քաղի։ Գոնե հիմա պետք է անաչառորեն մտաբերել հայոց պատմությունը եւ մտածել, թե ինչ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված է հայությունը տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվել արհավիրքների՝ ներառյալ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը (որոնք էին ցեղասպանության պատճառները, դրա ազդեցությունը եւ հետեւանքները, ինչ ուղի անցավ կամ չանցավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը): Ներկայիս իրավիճակն արձանագրում է մեկ փաստ եւս՝ Հայաստանը անկախությունից ի վեր չի կարողացել անվտանգությունը իրապես դնել իր ազգային ռազմավարության հիմքում, ինչը ոչ միայն կարեւոր է ազգի գոյատեւման, այլեւ որպես ժամանակակից երկիր զարգանալու ու հարեւաններին խաղաղություն պարտադրելու կարողություն եւ վճռականություն ունենալու համար:

Կ. Մ. ԳՐԵԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Հիմնադիր-անդամ

«Հայաստանի Զորյան ինստիտուտ»

հետազոտությունների եւ միջազգային հիմնադրամ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031