Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պաշտպանում եմ հայերի ճանաչման, ներողություն խնդրելու եւ փոխհատուցման իրավունքը». Լեյլա Նիկոլաս

Մարտ 06,2023 13:00

Լեյլա Նիկոլասի հոդվածներից մեկը, որտեղ նա շատ օբյեկտիվ լուսաբանում էր Արցախի շրջափակման պատմությունը, գտա պատահականորեն: Նա կարծես ներգրավված էր հայ դատի հետ համերաշխության մեջ, ուստի փորձեցի գտնել նրա կոնտակտը: Ինչպես պարզվեց, նա շատ ընկերասեր անձնավորություն է եւ ինձ նույնիսկ ոգեւորեց այն փաստը, որ մենք արդեն ընկերներ էինք սոցիալական ցանցերում, եւ նա շատ ինքնաբուխ, անկեղծ, ընկերասեր մեկն էր: Մեր այս հարցազրույցը նա հետաձգեց 2 շաբաթով, քանի որ զբաղված էր Լիբանանում երկրաշարժից տուժած մարդկանց օգնությամբ:

– Լեյլա, կպատմե՞ք ձեր մասին:

– Դոկտոր Լեյլա Նիկոլաս. միջազգային հարաբերություններ եմ դասավանդում Լիբանանի համալսարանում եւ լիբանանյան բանակում, ինչպես նաեւ հրավիրյալ պրոֆեսոր եմ ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ համալսարաններում: Ունեմ 10 հրատարակված գիրք միջազգային հարաբերությունների վերաբերյալ:

– Հայաստանի հայերին հետաքրքրում է Լիբանանում ծնված, մեծացած ոչ հայ օրիորդի մասին, ով արցախահայերի իրավունքների պաշտպանն է եւ համերաշխ է նրանց դատին: Ի՞նչը ձեզ դրդեց այսքան հետաքրքրվել հայ ժողովրդի եւ նրա պայքարի նկատմամբ:

– Որպես Լիբանանի արաբ քաղաքացի՝ ես ականատես եղա բազմաթիվ անարդարությունների ու դժվարությունների՝ լինի դա Լիբանանում, թե տարածաշրջանում, եւ իմ աչքերով ականատես եղա, թե ինչպես են մարդիկ ջախջախվում միջազգային հարաբերությունների եւ պետությունների շահերի զոհասեղանին: Համալսարանում իմ ուսանողների միջոցով ես լայնորեն ծանոթացա Հայոց ցեղասպանության խնդրին, դասավանդում էի մշակույթներ եւ քաղաքակրթություններ առարկան: Ցեղասպանության տարելիցին նրանք ինձ խնդրեցին ցուցահանդես կազմակերպել, որի ժամանակ նրանք ցուցադրեցին ցեղասպանության մասին նկարներ եւ ֆիլմեր, եւ ես համաձայնեցի:

Դրանից հետո ես համարեցի, որ պետք է վկայեմ ճշմարտության մասին, ուստի Հայկական հարցը դարձավ իմ խղճի, եւ իմ քաղաքական պայքարի անբաժանելի մասը, ես պաշտպանում եմ հայերի ճանաչման, ներողություն խնդրելու եւ փոխհատուցման իրավունքը որպես պատմական իրավունքի մաս, առանց որի ազգի ապագան ուղիղ չի կարող լինել:

– Ոմանք կարող են մեղադրել ձեզ, որ դուք՝ լինելով լիբանանցի քրիստոնյա, Լեռնային Ղարաբաղ-Արցախ հակամարտությանը մոտենում եք կրոնական տեսանկյունից եւ դրդապատճառներով, եւ այդ պատճառով դուք «բռնում» եք հայերի կողմը, ովքեր նույնպես քրիստոնյա են: Չնայած հայերը շատ հստակ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրոնական հիմքեր չունի: Որքան գիտեմ, դուք ավելի ձախակողմյան եւ աշխարհիկ եք, եւ երկուսն էլ բնորոշ են ինչ-որ մեկին կրոնական ծայրահեղականությունից հեռու, ինչ կցանկանայիք ասել այս կապակցությամբ:

– Քրիստոնեական հավատքը մեզ կանչում է վկայելու ճշմարտության մասին, եւ որ այս վկայությունը մեզ ազատում է, բայց չի ասում՝ «Օգնիր քո եղբորը, լինի նա անարդար, թե ճնշված»: Ուստի ես պաշտպանում եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես որ պաշտպանում եմ պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը։ Ես ճնշված ժողովուրդների հետ եմ նրանց դժգոհություններով, ես նրանց հետ եմ՝ բարձրացնելու ճշմարտության ձայնը, որը չպետք է ազդի ուժի եւ ճնշումների վրա: Քանի դեռ մենք կարողանում ենք խոսքերով, դիրքորոշումներով ու կարծիքներով պաշտպանել իրավունքը, թույլ չենք տա, որ աղանդավորական որեւէ մեղադրանք մեզ խանգարի պաշտպանել իրավունքը:

– Լիբանանում մեծ հայկական համայնք կա, Հայ առաքելականները Լիբանանի յոթ հիմնադիր անդամներից մեկն են: Կարո՞ղ է այն փաստը, որ դուք Լիբանանում շփվել եք բազմաթիվ լիբանանահայերի հետ, ազդել է ձեր դատողությունների վրա:

– Մենք համարում ենք, որ հայերը լիբանանցի ժողովրդի անբաժան մասն են, նրանք Լիբանանում են եղել մինչ Մեծ Լիբանանի հիմնադրումը եւ Լիբանանը որպես պետություն հռչակելը։ Բացի այդ, հայերը մեծ դեր են ունեցել Լիբանանի վերածննդի գործում։ Եվ մի մոռացեք, որ մենք՝ Լիբանանում, նույնպես սովի ենթարկվեցինք Հայոց ցեղասպանության նույն ժամանակահատվածում, ուստի լիբանանցիների մեկ երրորդը մահացավ, երրորդը գաղթեց, եւ երրորդը մնաց, եւ մենք այս վերջին երրորդի ժառանգներն ենք։ Հայոց ցեղասպանությունը համընկավ լիբանանցիների, ասորիների եւ սիրիացիների ցեղասպանության հետ, ուստի մենք բոլորս նույն նավի վրա ենք եւ ունենք ընդհանուր պատմություն:

– Լիբանանի հայ համայնքը գնալով նվազում է, նա նույնիսկ չի փորձում վերադառնալ Հայաստան, այլ փորձում է ներգաղթել արեւմտյան երկրներ, ունե՞ք ասելիք լիբանանահայերին:

– Սա ընդհանուր է բոլոր հայերի եւ տարբեր դավանանքների լիբանանցիների համար: Մի կողմից մենք մարդկանց ասում ենք, որ մեր հողը եւ նրա մեջ գոյատեւելը մեր գոյության գոյատեւումն է, եթե այն կորչի, մեր պատմությունն ու ինքնությունը կկորչեն: Բայց մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արեւելքի երկրների ապրած տնտեսական դժվարությունները ստիպում են մարդկանց ավելի լավ ապագա փնտրել իրենց երեխաների համար, եւ որ իրենց ուղին ավելի լավը լինի, քան մերը եւ մեր հայրերի ու պապերի ուղին: Ուստի դժվար է ասել՝ չհեռանալ։ Այս երկու ծայրահեղությունների արանքում խնդրում ենք, որ վերադառնան ու արմատները պահեն, որովհետեւ ով արմատներից չի կառչում, դառնում է աշնան տերեւի կամ առանց արմատի ծառի, որը հեշտ չէ արմատախիլ անել:

– Լեյլա, նկատել եմ, որ դուք նույնիսկ խորը հետաքրքրություն ունեք Հայաստանի ներքին քաղաքականության նկատմամբ: Հիշում եմ, որ նույնիսկ ասացիք, որ դիտողություններ ունեք ՀՀ վարչապետ Փաշինյանի քաղաքականության հետ կապված, կբացատրե՞ք՝ խոսքն ինչի մասին է:

– Միջազգային հարաբերությունների իմ ուսումնասիրությունների հիման վրա ես գիտեմ, որ փոքր պետությունները միշտ կառավարվում են աշխարհագրությամբ եւ պատմությամբ, ուստի մարդիկ, ովքեր մոռանում են աշխարհագրության եւ աշխարհաքաղաքական գործոնները, սխալվում են հօգուտ կառավարողների անձնական հույզերի եւ անձնական շահերի։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան շատ հայեր, ովքեր գտնվում են Արեւմուտքի ազդեցության տակ եւ ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Արեւմուտքի հետ նույնիսկ ի հաշիվ տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի շահերի: Բայց, ի վերջո, դուք շրջապատված եք թշնամիներով. եւ արեւմտյան որեւէ երկրի աշխարհագրական ընդլայնում եւ հաղորդակցություն չկա Հայաստանի հետ, հետեւաբար, Արեւմուտքի հետ ցանկացած դաշինք պատերազմի դեպքում կորցնում է իր նշանակությունը, եթե նրանք չկարողանան մատակարարումներ ապահովել, կամ եթե նրանց շահերը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ավելի շատ են, քան Հայաստանի հետ ունեցած իրենց շահերը, եւ այդպիսով՝ նրանք չեն կարողանում աջակցել հայերին պաշտպանվելու հարցում:

Իմ խորհուրդն է հայերին լավ չափել իրենց շահերը՝ հաշվի առնելով տարածաշրջանի հավասարակշռությունը եւ չհակասելով իրենց երկիրը կառավարող աշխարհաքաղաքականության եւ աշխարհագրության սկզբունքներին:

Հարցազրույցը վարեց

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031