Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում հայ ժողովրդին «խաղաղության դարաշրջանի» նախաշեմին

Մարտ 06,2023 12:30

Թե ինչ ճանապարհ է անցել հայ ժողովուրդը, այսպես թե այնպես, ընթերցողին որոշակիորեն հայտնի է եւ ավելորդ եմ համարում ներկայացնել: Կփորձեմ ընթերցողին կարճ ներկայացնել այսօր ստեղծված իրավիճակը: Ուզում եմ մի քանի բառով խոսել նորանկախ Հայաստանի անցած ճանապարհի մասին, այն բաժանելով երկու մասի՝ մինչեւ 2018 թվականը եւ դրանից հետոն՝ մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածը: Եթե հակիրճ ներկայացնենք, թե ինչ տեղի ունեցավ 1988- 2018թթ.-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների վիճակի մասին, ապա պատկերը մոտավորապես այսպիսին է. արցախյան առաջին պատերազմի արդյունքում ազատագրվեց Արցախի տարածքի բավականին մեծ մասը, որը, բնականաբար, անցավ Արցախի վերահսկողության տակ եւ ձեւավորվեց Արցախի Հանրապետությունը՝ իր բոլոր պետական ատրիբուտներով: Այլ խոսքով, մինչեւ 2018 թվականը գոյություն ունեցավ հայկական երկրորդ՝ Արցախի անկախ Հանրապետությունը, որի ժողովուրդն ապրում էր անվտանգ ու անվախ: Այդ ժամանակահատվածում, բացի մի շարք ուղղություններով առաջընթաց եւ զարգացում գրանցելուց, Արցախի իշխանությունը թույլ տվեց մի շարք ճակատագրական սխալներ, որոնց հետեւանքները հետագայում հայ ժողովրդի համար դարձան անդառնալի: Հիմնական սխալները հետեւյալն էին. բացարձակ ամենաթողություն Արցախի բանակաշինության, անվտանգության համակարգերի կատարելագործման՝ վերազինման, իրականացման, հնարավոր պատերազմի նախապատրաստության եւ նմանատիպ բոլոր գերկարեւոր հարցերի նկատմամբ: Այդ տարիներին Արցախի եւ Հայաստանի իշխանությունների բացարձակ հանգստությունն ու ինքնավստահությունը խոսում էին այն մասին, կարծես մենք արդեն թշնամի չունենք, այնքան էին մոռացել Ադրբեջանի, Թուրքիայի մասին, որ թվում էր՝ կամ այդ պետություններն ընդհանրապես վերացել էին աշխարհի երեսից, կամ նրանք ուղտի ականջում քնած են, հաշտվել են Արցախի այն տարածքների կորստի հետ, որը մենք առաջին պատերազմում ետ էինք գրավել նրանցից, հետեւաբար երկու հայկական պետությունների «հեռատես» իշխանությունները պարզ բան չէին հասկանում, որ մանավանդ կորուստների պարագայում, թշնամին գիշեր-ցերեկ չի քնում եւ ամեն կերպ պատրաստվում եւ պատրաստակամ է վայրկյան շուտ ետ բերել ոչ միայն կորցրածը, այլեւ գրավել նաեւ առավելագույնը: Լիովին անհասկանալի է, թե նման պարագայում մեր երկու պետությունների իշխանությունների հույսն ինչի վրա էր, որ տարիներ շարունակ հանգիստ քնած էին եւ մատը մատին չէին դնում, ինչի հետեւանքով թշնամու կողմից տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերի 27-ի լայնածավալ հարձակումը՝ արցախա-ադրբեջանական երկրորդ խոշորամասշտաբ պատերազմը, որի արդյունքում ունեցանք 5000-ից ավելի զոհ, 10 000-ից ավելի վիրավոր, անհետ կորածներ եւ գերիներ, որից ամիսներ հետո թշնամին սկսեց անարգել գրավել սուվերեն Հայաստանի բավականին տարածքներ, որոնք մինչ օրս նրանց վերահսկողության տակ են:

Ամիսներ հետո Ադրբեջանը սանձազերծեց երկրորդ կռիվը, որի ընթացքում ունեցանք 200-ից ավելի զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ նոր գերիներ: Դարձյալ Ռուսաստանի, Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի կողմից սկսվեց թատերական դատարկ կոչերի հղումներ երկու կողմերին, որից հետո (ոչ թե դրա հետեւանքով) Ադրբեջանը դադարեցրեց հարձակումները: Ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո՝ մինչ այսօր շրջանառության մեջ դրվեց «խաղաղության դարաշրջանի բացման» կեղծ օրակարգը, որը մինչ այսօր էլ նույն կեղծ կարգով թմբկահարում են, երկու կողմերն էլ պարբերաբար բարձրաձայնում են, որ դրան այլընտրանք չկա: Բոլորը հասկանում են, որ դա միարժեք կեղծ օրակարգ է եւ Ադրբեջանը դրա անվան տակ բազմապիսի այլ խնդիրներ է լուծում …

Այժմ տեսնենք, թե այսքանից հետո ինչ է սպասվում Արցախին, Հայոց պետականությանը, պետությանը եւ հայ ժողովրդին: Պետք չէ շատ բան հասկանալ, պետք է ընդամենը հիշել 44-օրյա պատերազմը, որի ընթացքում ողջ աշխարհը ոչ մի կոնկրետ քայլ չկատարեց, ոչ մի կերպ չմիջամտեց ու գործնականորեն չխառնվեց պատերազմին՝ ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու եւ նրանց հաշտեցման գործընթացին, չնայած նրանց աչքի առջեւ՝ օրը ցերեկով, օրական 100-ից ավելի մատղաշ հայ զինվոր էր մահանում, հազարները վիրավորվում, հազարավորներն անհետ կորչում ու գերի ընկնում: Նրանք ընդամենը դատարկ բարբաջում էին՝ դադարեցրեք պատերազմը եւ փորձեք հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով ու համարում էին, որ իրենց գործը լիովին եւ լիարժեք կատարում են: Նրանց բացարձակապես չէր հետաքրքրում մեր տարածքների կորուստը, հազարավոր զոհերի առկայությունը, տասնյակ հազարավոր հայերի վիրավորվելը, անհետ կորչելը, գերիների առկայությունը: Այդ ամենը նրանք համարում էին որպես կյանքի սովորական ընթացք, ինչպես նախապատերազմյան ժամանակահատվածում էր…

44-օրյա պատերազմը եւ դրան հետեւող իրադարձությունները պարզորոշ վկայում են, որ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ պաշտոնական Հայաստանի կողմից արված առաջարկությունները երկու բան են նշանակում. կամ Արցախը կթողնեն Ադրբեջանի կազմում, կբացեն Սյունիքի միջանցքը, Ադրբեջանին կմնան Հայաստանից արդեն գրաված ու որոշակի այլ նոր տարածքները, կապահովեն Ադրբեջանի որոշակի՝ նորանոր այլ ցանկությունների իրականացումը եւ կազդարարեն «խաղաղության դարաշրջանի» բացման սկիզբը, կամ տեղի կունենա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից մշակված երկրորդ՝ պահուստային սցենարի գործարկումը, այն է՝ կսկսեն հերթական լայնածավալ պատերազմը:

Բնականաբար, աշխարհը նույն կերպ կարձագանքի դրան, բոլորը դարձյալ միմիայն նույնկերպ կխոսեն, ոչ ոք ոչինչ չի անի, Թուրքիան անարգել կմտնի Հայաստան եւ ցույց կտա, որ եկել է դադարեցնելու պատերազմը ու դրա անվան տակ մաքսիմալ չափով կկոտորի հայերին, բարբաջելով, որ եթե իր ներկայությունը չլիներ Հայաստանում, ապա ամեն ինչ հազարավոր անգամ ավելի վատ կլիներ. գրավյալ տարածքներն անհամեմատ ավելի շատ կլինեին, զոհերի, անհետ կորածների, վիրավորների, գերիների թիվը եւս անհամեմատ մեծ կլիներ: Այլ խոսքով, հաստատ իրականություն կդառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի վաղեմի երազանքը՝ աշխարհի լռության ներքո (նրանց ներքին համաձայնությամբ) միանձնյա հաստատվել Հայաստանում եւ ղեկավարել այն: Այդ պարագայում, ընդամենը կարող է՝ դարձյալ ներքին համաձայնությամբ, ցուցադրական մի բացառություն արվի, այն է. զուտ ձեւականորեն Հայաստանի մի փոքրիկ տարածք հռչակեն որպես «սուվերեն» Հայաստան պետություն եւ ձեւական կերպով էլ հարաբերվեն նրա հետ:

Մոտ ժամանակներս ընդամենը սա է սպասվում Արցախին, Հայաստանին եւ այնտեղ այսօր տեղակայված հայերին՝ հայ ժողովրդին: Որոշ ժամանակ դեռ կա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031