Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գերխնդիրը հանդիսատեսին հետաքրքիր լինելն է»

Մարտ 06,2023 12:00

Հարցազրույց Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրիան Ֆադեեւի հետ

– Անդրիան Գուրիեւիչ, ձեր ղեկավարած թատրոնը հյուրախաղերով առաջին անգամ է Հայաստանում՝ Մինկուսի «Դոն Կիխոտ» ներկայացմամբ։ Չնայած այն հանգամանքին, որ թատրոնի խաղացանկում ընդգրկված են նաեւ ժամանակակից ներկայացումներ, դուք Հայաստան եք բերել միայն դասական բալետ։ Ինչո՞վ է պայմանավորված նման ընտրությունը։

– Ռուսական բալետը հայտնի է հիմնականում դասականներով, եւ եթե հանդիսատեսը եկել է, երեք ժամով անջատել բջջային հեռախոսները, մոռացել իր առօրյա խնդիրների մասին եւ սուզվել գեղեցկության աշխարհ, ապա մեր խնդիրն այստեղ լուծված ենք համարում։ Առաջին օրը, առաջին վայրկյանին ոտք դնելով ձեր թատրոն, տեղեկացանք, որ ըստ նախապես պայմանավորվածության՝ երկու ներկայացման տոմսերը վաղուց սպառված են, ինչն, իհարկե, ցանկացած արտիստի համար եթե ոչ ամենակարեւոր, ապա կարեւոր հանգամանք է։ Իսկ աշխարհի տարբեր բեմերում մենք ջանում ենք աշխատել պրոֆեսիոնալ ու բարեխիղճ։ Վերջիվերջո, ամեն ինչ արվում է հանդիսատեսի համար, չեք կարող խաբել նրան։

– Ի դեպ, մեր հանդիսատեսը նաեւ բալետարվեստի սիրահար է։ Հետաքրքիր է՝ ձեր դիտարկմամբ՝ ո՞ր երկրի հանդիսատեսն է առավել «բալետային»։

– Թերեւս Ճապոնիայի։ Նրանք ընդգծված հարգանքով են վերաբերվում արվեստի այս տեսակին։  Դժվար է գտնել մի ճապոնուհու, որը գոնե բալետի ստուդիա հաճախած չլինի։ Սակայն դա չի նշանակում, որ բոլորը բռնում են պրոֆեսիոնալ բալետի ճամփան։ Իմ դիտարկմամբ՝ վերջին քսան տարիների ընթացքում ճապոնական բալետը անճանաչելիորեն փոխվել է։ Այսօր աշխարհի ցանկացած բալետային խմբում կհանդիպեք ծագող արեւի երկրի գոնե մեկ ներկայացուցչի։ Ընդ որում, մեր թատրոնն էլ բացառություն չէ։

– Ձեր խոսքը վերաբերում էր ճապոնուհիներին, իսկ տղանե՞րը…

– Հարցը հասկանալի է։ Դարձյալ իմ դիտարկմամբ՝ աշխարհն այսօր բալետի արտիստ տղաների պակաս չունի, սակայն կան ազգեր, որոնց մոտ տղա պարողների սով է, ինչը գալիս է տվյալ ազգի մենթալիտետից։

– Կոնկրետ Սանկտ Պետերբուրգի բալետային տիրույթում գործում են բազմաթիվ բալետային խմբեր, ընկերություններ։ Ինչպե՞ս է ձեզ հաջողվում դիմակայել մրցակցությանը եւ գուցե դժվար լինի պատասխանը, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ տեղ է զբաղեցնում «Յակոբսոն բալետը» Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի թատրոնների շարքում։

– Անկեղծ ասած՝ մեր թատրոնը ոչ մեկի հետ չի մրցում եւ նման խնդիր երբեւէ դրված չի եղել։ Պարզապես Սանկտ Պետերբուրգի բալետային տիրույթում մենք մեր տեղն ունենք, մեր խաղացանկը, մեր ճակատագիրը եւ, անշուշտ՝ մեր հանդիսատեսը։ Իհարկե, հանդիսատեսի մի մասը, որը փոքր թիվ չի կազմում, հետաքրքրված հետեւում է ժամանակակից խորեոգրաֆիայով արված ներկայացումներին։

– Ի դեպ, ժամանակակից խորեոգրաֆիայի մասին. այսօր աշխարհը ողողված է, մեղմ ասած՝ բաց տեսարաններով բալետային համարներով եւ ներկայացումներով։ Ընդ որում, Ռուսաստանը բացառություն չէ։

– Այս պահին չեմ ուզում դատավորի դեր ստանձնել, բայց կոնկրետ մեր թատրոնը ակադեմիական պետական թատրոն է եւ պարզապես պարտավոր է համապատասխանել բարձր մասնագիտական չափանիշներին։ Եվ ոչ միայն կատարողականի առումով։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ներկայացումների դեկորներին, զգեստներին եւ այլն։ Ամեն ինչ պետք է լինի նույն բարձր մակարդակի վրա, այլապես, օրինակ՝ վատ բեմական դիզայնի դեպքում, համոզված եմ՝ չեք ցանկանա դիտել նույնիսկ ամենափայլուն պարային համարը։ Իսկ, ասենք՝ նվագախումբը կարող է փչացնել ամբողջ ներկայացման տպավորությունը։ Կարճ ասած՝ սա ամբողջական աշխատանք է, որտեղ մանրուքներ լինել չեն կարող կամ կարեւոր է յուրաքանչյուր մանրուք։

– Առաջին անգամ եք հանդես գալիս Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ, որի դիրիժորական վահանակի մոտ էր ձեզ քաջածանոթ Իգոր Տոմաշեւսկին, որն առաջին անգամ ներկայացավ հայ հանդիսատեսին։ Վերջինս իր կարծիքը հայտնել է մեր թատրոնի նվագախմբի մասին։ Կուզեինք լսել ձերը նույնպես։

– Բնականաբար, գիտեմ Տոմաշեւսկիի կարծիքը։ Իսկ միայն այն փաստը, որ Երեւանի թատրոնը ղեկավարում է մաեստրո Կարեն Դուրգարյանը, ավելի քան խոսուն է։

– Ի դեպ, մաեստրո Դուրգարյանը մեզ տեղեկացրել է, որ 1956թ. Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայում երկու տղամարդ  այնպես են վիճել, որ միջամտել են ոստիկանները ու նրանց տարել ոստիկանություն։ Պարզվել է՝ այդ օրինախախտ քաղաքացիները կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ու Լեոնիդ Յակոբսոնն են, իսկ վեճի թեման «Սպարտակ» բալետի պարտիտուրն էր. Յակոբսոնն ընդամենն առաջարկել է մեկ-երկու փոքր կրճատում անել, Խաչատրյանն էլ առարկել էր։ Թույլ տվեք կրկին անդրադառնալ ժամանակակից խորեոգրաֆիայով արված ներկայացումների խնդրին։ Գիտենք, որ Յակոբսոնը իր ժամանակի այն խորեոգրաֆներից էր, որ հեղափոխություն արեց բալետարվեստում, ձգտելով հեռանալ իշխող կաղապարներից, օրինակ՝ հենց «Սպարտակում» ներմուծելով պլաստիկ քանդակների արտահայտչականությունը, որոնց նախատիպ կերպարները տեսել էր  Էրմիտաժում կամ՝ բեմադրեց համարներ առանց պուանտների եւ այլն։ Ի՞նչ եք կարծում, նման նոր խիզախ դրսեւորումներ պետք չե՞ն, մենք կարծում ենք՝ նույնիսկ անհրաժեշտ են։

– Ընդհանրապես, յուրաքանչյուր ոլորտում խիզախությունը պետք է արդարացված լինի, իսկ բեմադրություններում՝ առավել եւս, չմոռանալով էսթետիկ կողմի մասին։ Մի բան էլ. 1956-ին Յակոբսոնն առաջինն էր, որ բեմադրեց «Սպարտակը»։

– Ձեր մայրը բալետի ճանաչված պարուհի էր, կարելի է ենթադրել, որ ձեր մանկությունն անցել է կուլիսներում…

– Ծնողներս իրականում ինձ բալետային ճակատագիր չէին ցանկանում։ Այդ առումով ես գոնե հիմա նրանց լավ եմ հասկանում։ Այդուհանդերձ, ուսանեցի Վագանովայի անվան ուսումնարանում, ավարտելուց հետո համալրեցի Մարիինյան թատրոնի բալետային խումբը։ Դա, մեղմ ասած՝ հեշտ ճանապարհ չէ…

– Այդ տարիներին Մարիինյանի բեմում փայլում էին Ֆարուխ Ռուզիմատովը, Իգոր Զելենսկին… պատկերացնում ենք՝ ի՜նչ մրցակցություն էր…

– Այդ աստղերի եւ իմ հասակակիցների միջեւ մրցակցություն բառը մեղմ է ասված, իսկ ուղիղ ասած՝ կատաղի պայքար էր։ Թույլ տվեք չշարունակել։

– Որքանով մեզ հայտնի է՝ բազմաթիվ դերապարերի թվում դուք հանդես չեք եկել Սպարտակի կերպարով։

– Այո, ճիշտ եք։ Բայց «իմ» Սպարտակը պատրաստ էր, երբ նշանակվեցի «Յակոբսոն թատրոնի» գեղարվեստական ղեկավար։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031