Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրավահավասարության սկզբունքը խախտվելու է, ուրեմն պետք չէ բանակցել»

Մարտ 06,2023 14:30

ՀՀ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները վերջին շրջանում հատկապես հայտարարում են, որ կողմ են այնպիսի «միջազգային տեսանելի մեխանիզմի», որի հովանու ներքո Բաքուն եւ Ստեփանակերտն ուղիղ կերկխոսեն` «ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության» շուրջ։ Այստեղ, սակայն, շեշտենք, որ զուգահեռ իրականությունում իշխանությունը փաստացի եւ գործնականում հրաժարվել է իր իսկ նախընտրական ծրագրում (եւ կառավարության ծրագրում) ամրագրված՝ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով հակամարտության կարգավորմանը հասնելու հանձնառությունից։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը քանիցս վերահաստատել է, որ իր համար ԼՂ հիմնախնդիր եւ «Լեռնային Ղարաբաղ» չկա, որ ինքը «Ղարաբաղի հայերի» հետ կխոսի միայն որպես իր քաղաքացիների։ Ընդ որում, Ադրբեջանն այս գործընթացում միջազգային ներգրավվածությունը մերժում է, քանի որ խնդիրը համարում է իր «ներքին գործը»։

Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։

– Պարոն Մանոյան, ձեր վերլուծությամբ, ի՞նչ է ենթադրում այդ «միջազգային տեսանելի մեխանիզմը» եւ հիմքեր ունե՞նք փաստելու, որ այդ «երկխոսությունը» կլինի հավասարը հավասարի միջեւ։

– Եթե իրավահավասարության սկզբունքը խախտվելու է, ուրեմն պետք չէ բանակցել. այդ դեպքում բանակցելու բան չկա։ Արցախի նախագահն օրերս իր ելույթում ասաց, որ գործնական որոշ բաների մասին հանդիպումներ լինում են, բայց եթե հարցի կարգավորման համար պետք է բանակցեն, ապա իրավահավասարության սկզբունքը պետք է գործի։ Բայց մինչեւ այսօր չենք տեսնում, որ կա միջազգային համայնքի կողմից տրամադրվածություն, որ իրենք լինեն միջնորդ։ Մինչդեռ դա անխուսափելի է։ Եթե աշխարհն ուզում է, որ հարցն իսկապես կարգավորվի եւ դա լինի Ադրբեջան-Արցախի Հանրապետություն բանակցություններով, ապա իրենց միջնորդությունն է տարբերակը, այլ տարբերակ չկա։ Որովհետեւ անգամ իրենց մասնակցությամբ պայմանավորվածությունների է հասնում Ադրբեջանը ու մի քանի ժամ հետո խախտում դրանք։ Ուրեմն, առնվազն երրորդ կողմ կամ կողմեր պետք է լինեն եւ ինչ-որ տեղ նաեւ աջակցեն բանակցություններին։ Ադրբեջանն այսօր այլ ալիքի վրա է։ Ըստ իրեն՝ կարգավորելու հարց անգամ չկա, չի բանակցի։ Այդ պատճառով միջազգային համայնքը պարտադիր պետք է դերակատարում ունենա, բայց առանց ՀՀ-ի գործուն աջակցության դա չի լինի։

– Իշխանության ներկայացուցիչները, պարբերաբար հղում անելով բանակցային գործընթացի նախորդ շրջանին, իրենց որոշումն արդարացնում են, թե Արցախին հնարավորություն են տալիս բանակցային սեղանի շուրջ վերադառնալու եւ Բաքվի հետ խոսելու։

– Այդ հարցը շատ քաշքշուկների նյութ է եղել՝ Արցախը դուրս էր թողնվել, թե մաս էր կազմել… բազմաթիվ պարզաբանումներ են եղել, որ Արցախի Հանրապետությունն առանձին չէ, որ մաս է կազմում։ Պարզապես Ադրբեջանը չի ցանկացել Արցախի իշխանության կողքին նստել։ Իսկ Արցախի դուրս թողնվելը եղել է ավելի շուտ, քան ոմանք փորձում են հասկանալ։  Այս իշխանության ասածը մեկնաբանելու ցանկություն չունեմ, որովհետեւ իրենց բոլոր ասածներն անիմաստ են։ Մեկ մի բան են ասում, հետո՝ ուրիշ։

– Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նաեւ պարբերաբար պնդում է, թե նախկին իշխանությունը, ընդունելով «մադրիդյան սկզբունքները», Արցախն արդեն իսկ թողել էր Ադրբեջանի կազմում։

– Դա, կներեք բառի համար, ախմախություն է։ Եթե այդպես էր, ապա ինչի՞ Ադրբեջանը չէր ընդունում։ Անհեթեթություն է՝ մեղմ ասած։ Դա նշանակում է չհասկանալ։ Իրենք անգամ հայտարարել են, որ չեն հասկանում, թե ինչ էին ենթադրում «մադրիդյան սկզբունքները»։ Վարչապետի պաշտոնին հայտնվածն էր ասում՝ ուզում է իրեն բացատրեն, թե որն ինչ է նշանակում… ուստի եկեք ես չմեկնաբանեմ այդ ամենը։

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031