Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք լրիվ իրավունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից․ Արտակ Բեգլարյան

Մարտ 06,2023 00:16

Արցախի նախկին ՄԻՊ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրա այսօրվա հարձակման վերաբերյալ:

1. Ոստիկանության ծառայողները դուրս էին եկել Ստեփանակերտից՝ Շուշիի շրջանի իրենց անցակետում հերթափոխությունն իրականացնելու նպատակով, այնինչ ադրբեջանական կողմը պնդում է, որ նրանք Հայաստանից Արցախ էին գնում: Մեքենայի տեղաշարժի ուղղությունը հստակորեն երևում է ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում:

2. Ուստի նրանք չէին կարող Հայաստանից Արցախ զենք տեղափոխել, եթե շարժվում էին հակառակ ուղղությամբ:

3. Տեսանյութը ցույց է տալիս նաև ադրբեջանական զինծառայողները մեքենան բացելիս և փաստաթղթեր դուրս նետելիս, այնինչ նրանք փնտրում էին զենքեր և չգտան:

4. Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարները ցուցադրում են վնասված դատարկ մեքենան դեպքի վայրում, ինչը նշանակում է, որ մեքենայում բեռ չկար:

5. Ո՞վ կարող է պատկերացնել, որ զենքերը տեղափոխվում են փոքր մարդատար մեքենայով, որում հազիվ ուղևորներն են տեղավորվում:

6. Տեսանյութը ցուցադրում է նաև, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները կրակում հեռվից և մոտենալով՝ կրակում կրկին նաև մեքենայի մեջ: Հստակ է, որ միայն վերադարձի ճանապարհին են նրանց ուղղությամբ կրակում մեր մարտական դիրքից: Ուստի կեղծ են նաև ադրբեջանական այն պնդումները, որ առաջինը արցախյան կողմն է կրակել իրենց ուղղությամբ:

7. Եթե ըստ ադրբեջանական կողմի՝ առաջին կրակողը արցախյան կողմն էր, ապա ի՞նչ կասեն տեսանյութի ապացույցների մասին և ինչո՞ւ թիրախավորված մեքենան և երկու կողմերի զոհերն ու վիրավորները գտնվում էին մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհին՝ շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա:

8. Դժգոհելով իրենց կորուստներից՝ ադրբեջանական իշխանությունները միգուցե սխալմամբ մտածում էին, թե նման հարձակումն ու մեր քաղաքացիների սպանությունը համապատասխան արձագանք չէր ստանա դեպքի վայրի հարակից արցախյան մարտական դիրքից: Այնինչ մենք լրիվ իրավունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից:

Սա ադրբեջանական ալիևյան ռեժիմի էթնիկ զտման քաղաքականության հստակ շարունակություն է՝ 84-օրյա շրջափակմանը զուգահեռ:

Ադրբեջանը ոչ միայն չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը մարդկանց, մեքենաների ու բեռների համար Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, այլև՝ այսպիսի ագրեսիվ գործողություններով վատթարացնում է հումանիտար ճգնաժամն Արցախում: Ի դեպ, ՄԱԿ-ի դատարանը մերժել է ադրբեջանական դիմումը հայկական ականների վերաբերյալ՝ արձանագրելով, որ բավարար ապացույցներ չկան դրանց վերաբերյալ:

Ադրբեջանի ալիևյան բռնապետական ռեժիմը պետք է պատժվի միջազգային հանրության կողմից այս և նախորդ հանցագործությունների, այդ թվում՝ շրջափակման համար, այլապես նրանք ավելացնում են ագրեսիվության մակարդակը և պատրաստվում են նոր ու ավելի դաժան հանցագործություններ կատարել մարդկության և Արցախի ժողովրդի դեմ:

Հ.Գ. Խորին վշտակցությունս զոհված ոստիկանների հարազատներին և շուտափույթ բուժում վիրավոր ոստիկանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031