Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ վարակիչ ու վտանգավոր․ կարմրուկի հետ «խաղ անելը» կարող է ճակատագրական լինել

Մարտ 06,2023 09:30

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 5-ի, ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի՝ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 18 էր, ինչը բավականին լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ հաշվի առնելով կարմրուկի խիստ վարակիչ լինելն ու գաղտնի շրջանի առկայությունը: 

Կարմրուկը ծայրաստիճան վարակիչ և լուրջ վիրուսային հիվանդություն է (հարուցիչը ՌՆԹ պարունակող պարամիքսովիրուս է), որի հարուցիչը «նստում է» քթի և կոկորդի լորձաթաղանթի վրա՝ տարածվելով օրգանիզմում։ Այն փոխանցվում է մարդուց մարդուն՝ օդակաթիլային ճանապարհով, վարակակրի հետ անմիջական շփման արդյունքում։ Վիրուսը մակերեսների վրա և օդում կարող է ապրել մինչև 2 ժամ։

Լինելով չափազանց վարակիչ՝ այն նաև «խորամանկ է», քանի որ մարդը կարող է վարակիչ լինել հիվանդությանը բնորոշ ցանի ի հայտ գալուց դեռ 4 օր առաջ, ինչը նպաստում է վիրուսի անխնա տարածմանը։ Բնորոշ կարմիր ցանի անհետացումից հետո 4 օրվա ընթացքում մարդը շարունակում է վարակիչ մնալ։

Կարմրուկի ախտանշանները

Կարմրուկը սովորաբար փուլային ընթացք ունի և տևում է 2-3 շաբաթ։ Վիրուսի հետ շփումից հետո 7-14 օր անց են միայն ախտանշաններն ի հայտ գալիս․ դա, այսպես կոչված, գաղտնի շրջանն է, որի ավարտը սովորաբար նախանշվում է բարձր ջերմությամբ, որը կարող է շարունակվել 4-7 օր։ Այդ ընթացքում կարող են արտահայտվել հետևյալ ախտանշանները՝

  • Հարբուխ, հոսք քթից,
  • հազ,
  • կարմրած աչքեր, արցունքահոսություն, այտուցված կոպեր,
  • լուսավախություն,
  • կոկորդի ցավ,
  • դեմքի փքվածություն,
  • բերանում մանր սպիտակ հանգույցիկներ (Կոպլիկի բծեր) և այլն։

Այդ ախտանշաններից հետո հայտնվում է կարմիր ցանը, որը սովորաբար սկսվում է ականջախեցու հետին հատվածից՝ տարածվելով դեպի պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը, 3-րդ օրը հասնելով մինչև վերջույթներ։ Ցանը կարմրավուն է, հանգուցիկաբծավոր բնույթի, մաշկը դրա տակ բորբոքված չէ։ Ցանը կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ և անհետանալ նույն հաջորդականությամբ՝ վերից վար։

8 օրվա ընթացքում՝ ցանի առաջացումից 4 օր առաջ և հետո մարդը վարակիչ է համարվում։

Կարմրուկն առաջին անգամ նկարագրվել է IX դ-ում պարսիկ բժիշկ-փիլիսոփա Զաքարիա Ռազիի կողմից։ Նրա գրությունը ԱՀԿ-ի կողմից ճանաչվել է հիվանդության առաջին գրավոր նկարագրություն։

Ինչպես նշվեց վերևում, կարմրուկի վիրուսն արագ ու հեշտությամբ է տարածվում։ Այն կարող է փոխանցվել հազի, փռշտոցի ժամանակ, վարակված մարդու քթից կամ բերանից արտահոսած հեղուկի հետ շփման արդյունքում։

Վիրուսը կարող է 2 ժամ պահպանել իր ակտիվությունը մակերեսների վրա, որոնց հետ շփման արդյունքում նույնպես կարող է ներթափանցել օրգանիզմ՝ ձեռքերով դեմքին կամ աչքերին դիպչելիս։

Կարմրուկով վարակվելու վտանգը մեծ է, եթե՝

  • պատվաստված չեք,
  • ապրում եք մի վայրում, որտեղ մարդկանց մեծ մասը պատվաստված չէ,
  • մեկնել եք ճանապարհորդության,
  • ունեք վիտամին A-ի անբավարարություն,
  • ունեք իմունոդեֆիցիտ հիվանդության կամ այլ պատճառներով։

Կարմրուկի բուժումը

Կարմրուկի բուժման համար նախատեսված հատուկ դեղամիջոցներ չկան։ Լավագույն տարբերակը բարդությունները կանխարգելել փորձելն է․ հիվանդության ընթացքում անհրաժեշտ է հանգստանալ, լիարժեք սնվել ու շատ հեղուկ խմել, ըստ անհրաժեշտության կանխարգելել ջրազրկումը, որը կարող է առաջանալ փորլուծության, փսխումների դեպքում:

Ձեռնարկվող միջոցներ կարող են լինել՝

  • Հետկոնտակտային պատվաստումը․ եթե երբևէ չեք պատվաստվել կարմրուկի դեմ, կարող եք անել դա վիրուսի հետ շփումից հետո 72 ժամվա ընթացքում։ Պատվաստումը կնվազեցնի վարակվելու հավանականությունը, իսկ վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի թեթև ընթացք կարող է ունենալ։
  • Ջերմիջեցնողները. ջերմությունը կարող եք իջեցնել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների դասին պատկանող ջերմիջեցնողներով (Նապրոքսեն, Իբուպրոֆեն և այլն): Երեխաներին չի կարելի տալ ասպիրին։
  • Վիտամին А-ի օգտագործումը. ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կարմրուկով վարակված բոլոր երեխաներին վիտամին A նշանակել՝ աչքերի վնասվածքներն ու կուրությունը կանխարգելելու համար։ Դրանից բացի, ինչպես ցույց է տալիս փորձը, վիտամին A-ի հավելումները նպաստում են կարմրուկից մահվան դեպքերի կրճատմանը։ Նշենք, որ վիտամին A-ի ցածր մակարդակ ունեցող երեխաները երթարկվում են կարմրուկով վարակվելու ավելի բարձր ռիսկին։

  • Հիվանդության ախտանշանների թեթևացման համար որպես լրացուցիչ օժանդակ միջոց կարող են կիրառվել օդը խոնավացնող սարքերը, սենյակի թույլ լուսավորությունը և այլն։
  • Եթե կարմրուկն առաջացնում է բակտերիալ վարակի բարդություններ, ասենք ականջաբորբ կամ թոքաբորբ, դրանց բուժումն իրականացվում է բժշկի կողմից նշանակված հակաբիոտիկներով։

Կարմրուկի բարդությունները*

Ամենալուրջ խնդիրները, սովորաբար, ունենում են մինչև 5 տարեկան երեխաներն ու 20 տարեկանից բարձր մեծահասակները։ Բարդությունները կարող են ներառել՝

  • Ականջի վարակներ- շատ տարածված բարդություն է, որի հարուցիչը հիմնականում բակտերիաներն են․ երբեմն այդ ինֆեկցիաները կարող են լսողության կորստի հանգեցնել։
  • Կուրություն
  • Բրոնխիտ, լարինգիտ, կրուպ- հաճախ կարմրուկի վիրուսը առաջացնում է ձայնային հանգույցների, շնչուղիների լուրջ բորբոքումներ։
  • Թոքաբորբ, որը կարող է շատ ծանր ընթացք ունենալ։
  • Փորլուծություն, ջրազրկում- կարմրուկով հիվանդացած 10-ից մեկը փորլուծություն է ունենում։
  • Էնցեֆալիտ- գլխուղեղի ինֆեկցիա, որը կարող է խլություն և գլխուղեղի լուրջ վնասվածքներ առաջացնել։ Կարմրուկով վարակված 1000 մարդուց 1-ն ունենում է այս խնդիրը։ Այն կարող է արտահայտվել անմիջապես կամ վարակվելուց հետո մի քանի ամիս անց։
  • Ենթասուր սկլերոզացվող պանէնցեֆալիտ- շատ հազվադեպ բարդություն, որը որոշ մարդկանց մոտ զարգանում է կարմրուկով վարակվելուց հետո 7-10 տարվա ընթացքում։ Հիվանդությունն ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ նրա մահվան պատճառ դառնալով։
  • Հղիության բարդություններ, թեթև քաշով երեխայի ծնունդ, վաղաժամ ծննդաբերություն և անգամ ծննդկանի մահ։

1757 թ․-ին շոտլանդացի բժիշկ Ֆրենսիս Հոմը հանգել է եզրակացության, որ կարմրուկը շնչառական ուղիների վարակ է և կարող է հայտնաբերվել հիվանդ մարդկանց արյան մեջ։ Հոմը փորձում էր կարմրուկի դեմ պատվաստանյութ մշակել, սակայն ապարդյուն, քանի որ կարմրուկի վիրուսը դեռ չէր առանձնացվել։

Կարմրուկի կանխարգելումը

Կարմրուկի տարածումը կանխարգելող լավագույն միջոցը պատվաստումն է։

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2000-2017 թթ․ կարմրուկի դեմ պատվաստումը կանխարգելել է հիվանդությունից մահվան 21,1 միլիոն դեպք։

Մինչ 1963 թ․-ը կարմրուկի դեմ պատվաստման ներդրումն ու լայնորեն տարածումը կարմրուկի խոշոր համաճարակներ էին գրանցվում 2-3 տարին մեկ՝ տարեկան խլելով 2,6 միլիոն մարդու կյանք։

1954 թ․-ին Թոմաս Պիբլսին ու Ջոն Էնդերսին ստացվում է առանձնացնել կարմրուկի վիրուսը, որից հետո սկսվում է պատվաստանյութի մշակումը։

Մարդկանց մեծամասնության համար պատվաստումն անվնաս է, հղիները, հյուծված իմունիտետ, ալերգիաներ ունեցող մարդիկ կարող են խորհրդակցել իրենց բժշկի հետ պատվաստվելու նպատակահարմարության վերաբերյալ։

Պատվաստանյութի բաղադրամասերի նկատմամբ ալերգիայի, որոշ հիվանդությունների (տուբերկուլոզ) ու վիճակների (վերջերս կատարված արյան փոխներարկում) դեպքում պատվաստումը կարող է հակացուցված լինել, ինչի մասին լիարժեք տեղեկատվությունը կարող եք ստանալ ձեզ բուժող բժշկից։

UNICEF Armenia/2021/Margaryan

Հայաստանում, համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի, կարմրուկի դեմ պատվաստումն իրականացվում է համակցված՝ պաշտպանելով երեխային կարմրուկից, կարմրախտից և խոզուկից: ԿԿԽ-ի առաջին պատվաստումը երեխաները պետք է ստանան մեկ տարեկան հասակում (12 ամսականում), իսկ երկրորդը` դպրոց ընդունվելուց առաջ, երբ լրանում է 6 տարեկանը։

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տվյաներով՝ Հայաստանում 1 և 6 տարեկան երեխաների 95 տոկոսը պատվաստվել է կարմրուկի դեմ։

Պատվաստման կողմնակի ազդեցություններ կարող են լինել ՝

  • ներարկված հատվածի այտուց, կարմրություն, բորբոքում,
  • ջերմություն,
  • թեթև ցան,
  • մկանների ժամանակավոր ցավ ու կաշկանդվածություն,
  • շատ հազվադեպ պատվաստումը կարող է բարձր ջերմություն ու ցնցումներ առաջացնել։

Կարմրուկի պատվաստանյութը աուտիզմի զարգացման պատճառ չէ։ Բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել այդ թեմայով, որոնցից ոչ մեկը կապ չի գտել կարմրուկի դեմ պատվաստման և աուտիզմի միջև։

Կարմրուկի տարածումը կանխարգելող օժանդակ գործողությունների շարքին են դասվում՝

  • Ձեռքերը օճառով մանրակրկիտ լվանալը,
  • Դեմքին ձեռքերով չդիպչելը,
  • Ձեռքերի վնասվածքները վիրակապելը,
  • Անհատական սպասքի, հիգիենայի պարագաների օգտագործումը։

Ծանուցում․ Նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։ 

*Կարմրուկի բարդությունների ցանկն ամբողջական չէ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Webmd.com

Nvic.org

ՀՀ ԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031