Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը կողմնակից է խաղաղ կարգավորման և առաջարկում է հարցերի լուծումը տալ փոխվստահության մթնոլորտում՝ Ստեփանակերտ-Բաքու կառուցողական երկխոսությամբ․ հայտարարություն

Մարտ 05,2023 20:10

«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը ադրբեջանական հերթական ահաբեկչական գործողության կապակցությամբ

Ս․թ․ մարտի 5-ին ադրբեջանական զինված խմբավորումը, խախտելով շփման գիծը, հարձակում է գործել և ինտենսիվ կրակ բացել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մեքենայի վրա, որի հետևանքով երեք ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո պաշտոնական Բաքուն տեղեկատվական դաշտ է նետել նախապես ծրագրված հանցագործությունն իբր թե արդարացնող քարոզչական թեզեր՝ հայտարարելով իր իրական նպատակների մասին՝ ապառազմականացնել Լեռնային Ղարաբաղն ու լուծարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, հսկիչ-անցագրային վերահսկողություն սահմանել Բերձորի (Լաչինի) միջանցքի վրա, պարալիզացնել Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքը՝ իսպառ բացառելով ներքին տեղաշարժի այլընտրանքային հնարավորությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․

  • Ադրբեջանի հերթական ահաբեկչական գործողությունը հակադարձ համեմատական է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն իր իսկ կողմից առաջարկվող համերաշխությանը։ «Ռեինտեգրացիայի» քողի ներքո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցվող էթնիկ զտման քաղաքականություն։
  • Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ շարունակաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների համապատկերում Լեռնային Ղարաբաղը չի կարող հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքից, նույն է թե՝ իր ժողովրդին ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից պաշտպանելու պարտականությունից։
  • Համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը երաշխավորում է Բերձորի (Լաչինի) միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Նույն միջանցքը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, անցել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողությանը։ Հետևապես՝ պաշտոնական Բաքվի անվստահության հասցեատերը Լեռնային Ղարաբաղը և նրա ժողովուրդը չէ։
  • ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները զոհվել է այն տեղանքում, որը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և դրան հաջորդած պայմանավորվածությամբ ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովող և Շուշի քաղաքը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Ուստի ադրբեջանական կողմի պահանջն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը պետք է ապահովվի բացառապես Ստեփանակերտ-Բերձոր (Լաչին) ճանապարհով, հիմնազուրկ է։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն, այսպիսով, հերքում է իր այն պնդումը, թե Բերձորի (Լաչինի) միջանցքը բաց է ազատ տեղաշարժի համար։ Եվ ի դեպ, Բերձորի (Լաչինի) միջանցքը համընկնում է այն տարածքային միավորներին, որոնք հայկական կողմից կամավոր հանձնվել են ռազմական գործողությունների ավարտից հետո՝ Հայաստանի ու Ռուսաստանի խնդրանքով և խաղաղության հաստատման ակնկալիքով։

44-օրյա պատերազմի արդյունքը, որն ադրբեջանական կողմը կորզել է միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Ռուսաստանի, Հայաստանի ու միջազգային հանրության վրա գործադրած ակնհայտ ճնշումներով, կարող է վիճարկվել ոչ միայն իրավական և հումանիտար հարթությունում, այլև՝ գետնի վրա՝ զենքի ուժով։ Արցախը, սակայն, կողմնակից է խաղաղ կարգավորման և առաջարկում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումը տալ փոխվստահության մթնոլորտում՝ Ստեփանակերտ-Բաքու կառուցողական երկխոսությամբ։ Այլապես՝ նման ագրեսիվ նախաձեռնություններով Ադրբեջանը կրկին փակուղի է մտցնում բանակցային գործընթացը՝ հրահրելով նոր ռազմական ագրեսիա, որի արդյունքներն այս անգամ աներկբայորեն չեն արտացոլելու ներկա իրողությունները։

 

«Միասնական հայրենիք» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031