Վանաձորցի բռնցքամարտիկ Անի Արոյանը Բանգկոկում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում բացահայտ առավելությամբ հաղթել է թայլանդուհու Կաեւվկրաչանգին եւ նվաճել է 52,2 կգ քաշային կարգում WIBF աշխարհի չեմպիոնական գոտին։ Անին երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո ռեֆերին կանգնեցրել է մենամարտը։
Անի Արոյանը Վազգեն Բադալյան մարզական ակումբի սան է։ Նրա մարզիչը Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանն է, որը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Անիին նկատել էին Ուզբեկստանի իր գործընկերները, որոնց ղեկավարությամբ էլ մեր աղջնակը մարզվում է Դուբայում։
Պարոն Բադալյանի հետ զրուցեցինք նաեւ երիտասարդական հավաքականից, որը նախապատրաստվում է եկող ամիս Երեւանում մեկնարկող այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունը։ «Մի քանի օրից հավաքականի հինգ կամ վեց բռնցքամարտիկների հետ կմեկնենք Չերնոգորիա, որտեղ կայանալու է բավականին ուժեղ միջազգային մրցաշար։ Դա կարեւոր փորձամրցում է լինելու տղաների համար։ Վերադառնալուց հետո ամսվա վերջին ընկերական հանդիպում կկազմակերպենք Վրաստանի երիտասարդական հավաքականի հետ, այնուհետեւ կունենանք ուսումնամարզական եւս երկու հավաք՝ Ծաղկաձորում եւ Օլիմպավանում եւ կհայտարարենք Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի կազմը»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ