Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ իշխանությունները դեռևս հույս ունեն այդ հարցում որևէ փոխզիջման գնալ, որ Թուրքիան իր նախապայմաններից հետ կանգնի, դա չի լինելու»․ Մուշեղ Խուդավերդյան

Մարտ 05,2023 17:25

«Թուրքիան իր գլխավոր նախապայմանից առհասարակ հետ չի կանգնելու ցանկացած դեպքում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Թուրքագետին խնդրեցինք մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված Գերմանիայում արված հայտարարությունները, քանի որ շատերը դա համարում են որպես նոր զիջումների գնալուն միտված քայլ։

Մուշեղ Խուդավերդյանը փաստեց՝ Թուրքիայի հետ բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով։ Մենք դրա մասին ոչինչ չգիտենք, հետևաբար չենք կարող մեկնաբանություններ անել։ Նա հորդորեց սպասել մինչև վերջնական փաստաթղթի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ըստ այդմ՝ արդյունքները կտեսնենք։ Թուրքագետն ասաց․ «Առաջին փաստաթուղթը, որ եղել է, դա Պրահայում կնքված համաձայնագիրն է, ըստ որի՝ կողմերն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա»։

Մուշեղ Խուդավերդյանին հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը․ «Խաղաղության օրակարգը շատ կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա հեշտ պատմություն չէ։ Մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ ռիսկեր, մենք հասկանում ենք, որ խաղաղություն ասվածը միայն մեզնից չէ կախված, մեր ցանկությունից չէ։ Պետք է մյուսներն էլ ցանկանան, մյուսներն էլ ցանկանում են, բայց մյուսների ցանկացած խաղաղությունը մեր ցանկացած խաղաղության հետ չի համընկնում և դիվանագիտական գործընթացի ամբողջ նպատակն ու իմաստը պետք է լինի, որ դա տեղի ունենա»։

Մեր այն դիտարկմանը՝ շատերի կարծիքով այս հայտարարությունը տանում է դեպի նոր զիջումների, Մուշեղ Խուդավերդյանն այսպես արձագանքեց․ «Թուրքիան արդեն երեսուն տարի է՝ նախապայմանային քաղաքականություն է վարում հայ-թուրքական հարաբերություններում, և առաջին նախապայմանն այն է, որ ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։ Մնացած նախապայմանները համարվում են քննարկելի նախապայմաններ, որից հետո քննարկվում են մնացած նախապայմանները։ Հիմնական պարտադիր նախապայմանն այն է, որ Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի կազմում պաշտոնապես։ Ինչպես թուրքական կողմն է նշել՝ հայ-թուրքական հարաբերությունները կբարելավվեն միայն այն ժամանակ, երբ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Կարծում եմ՝ այս նախապայմանից էլ Թուրքիան երբեք չի հրաժարվի։ Եթե, օրինակ, ՀՀ իշխանությունները դեռևս հույս ունեն այդ հարցում որևէ փոխզիջման գնալ, որ Թուրքիան իր նախապայմաններից հետ կանգնի, դա չի լինելու։ Ես՝ որպես թուրքագետ, վստահ ասում եմ»։

Մեր այն հարցին՝ հետևաբար ո՞նց է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, թուրքագետն այսպես պատասխանեց․ «Հասկացանք պատրաստակամությունը, բայց այդ պատրաստակամության դիմաց Թուրքիան իր նախապայմաններն է, չէ՞ առաջ քաշում։ Ի՞նչ ասել է՝ պատրաստակամ ենք։ Եթե պատրաստակամ եք, ուրեմն ընդունում եք Թուրքիայի նախապայմանները, իսկ եթե պատրաստակամ եք, բայց Թուրքիան իր նախապայմաններում ինչ- որ հետքայլեր կատարի, դա բացառվում է»։

Հարցրինք՝ հետևաբար ելքի տարբերակը ո՞րն է, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց․ «Տարածաշրջանում կաթսան եռում է։ Ինչպես տեսնում եք՝ այսօր Ղարաբաղում զինված ռազմական գործողություններ են ընթանում փաստացի։ Այսինքն՝ սա նշանակում է՝ քանի դեռ վերջնական պաշտոնական խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, մեր տարածաշրջանում այդ թեմայով լարվածություն լինելու է և ոչ միայն այդ  թեմայով։ Արևմուտքը ՀՀ-ից պահանջում է հստակ դիրքորոշում ցուցաբերել Իրանի հարցում, նաև Ռուսաստանի հարցով։ Եվ Հայաստանն այս հարցում նույնպես հստակ դիրքորոշում պետք է արտահայտի, քանի  որ տարածաշրջանում իրավիճակն իսկապես լարված է և ցանկացած հետևանքի կարող է հանգեցնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031