Մարտի 26-ին կայանալիք Սիսիան համայնքի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակում 30 թեկնածու կա, որից 9-ը անկուսակցականներ են։
2022 թ. սեպտեմբերի 25-ին կայացած Սիսիանի ավագանու ընտրություններին «Քաղաքացու որոշում»-ը եւ «Արդարություն» կուսակցությունները մասնակցել էին «Զարգացող համայնք» դաշինքով։ Նրանց օգտին քվեարկել էր 570 ընտրող կամ ընտրողների 4,80 տոկոսը, այսինքն դաշինքը չէր կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։
Հիշեցնենք՝ 2022 թ. դեկտեմբերի 29-ին, կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել էին Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները։ Կառավարության հիմնավորման մեջ նշված է՝ 2022 թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվել են մանդատներից և արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին ավագանու թվով 10 անդամ:
«Քաղաքացու որոշում»-ի առաջին եռյակը անկուսակցականներ են։ Այլ գլխավորում է բանկերից մեկի Սիսիանի մասնաճյուղի կառավարիչ 31-ամյա Ավագ Ասատրյանը։ Նրան հաջորդում են Հայկ Հակոբյանն ու Աննա Ավետիսյանը։ «Քաղաքացու որոշում»-ի ընտրացուցակում նաեւ 2022թ․ սեպտեմբերի 25-ին ընտրություններին մասնակցած «Զարգացող համայնք» դաշինքի առաջին եւ երկրորդ համարներն են։
Կարդացեք նաև
«Բասոնա» ՍՊ ընկերության տնօրեն Հասմիկ Ազոյանը, որը նախորդ անգամ 2-րդ հորիզոնականում է, այս անգամ 4-րդում է։ Հասմիկ Ազոյանը ցուցակը գլխավորող Ավագ Ասատրյանի հարազատ քույրն է։
Միկրոձեռնարկատեր Մհեր Ազոյանն էլ, որը «Զարգացող համայնք»-ի ցուցակն էր գլխավորում՝ 5-րդ հորիզոնականում է։
Քաղաքական այս ուժի ընտրացուցակում ընդգրկված 21 թեկնածուն աշխատանք չունի։
Մարտի 1-ից սկսվել է քաղաքական ուժերի քարոզարշավը։ «Քաղաքացու որոշում» կուսակցությունից բացի, Սիսիանի ավագանու ընտրություններին առաջադրվել են նաեւ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու ՀՀԿ-ն։
Լուսանկարը՝ Ավագ Ասատրյանի ֆեյսբուքի էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ