Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Երևանում․ նախնական տվյալներով վեճի պատճառը եղել է հնչեցված հայհոյանքը

Մարտ 05,2023 11:37

2023 թ․մարտի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20։03-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Կոկտեյլ» հոսթելի դիմաց երկու տղամարդ վիճաբանում են, որոնցից մեկը դանակահարել է մյուսին, և դանակահարված տղամարդը գետնին ընկած արյունահոսում է։ Ավելի ուշ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նշված հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ` մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքերով:

Մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում Քննչական բաժնի և Ոստիկանության ծառայողների համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է դանակահարված անձի ինքնությունը, վերջինս ճանաչվել է տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ։

Հիվանդանոցում առգրավվել են դեպքի պահին նրա հագին եղած արնանման հետքերով հագուստները։

Հոսթելի դիմաց կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և քննությանը հետաքրքրող այլ իրեր։ Հարցաքննվել են մի շարք ականատես անձինք:

Մարտի 5-ին՝ ժամը  01:40-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի հասցեներից մեկից սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա տղամարդ։

Վերջինիս մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է արնանման հետքերով հանցագործության գործիք դանակը։

Անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ  Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու հատվածում 21-ամյա քաղաքացին իր մոտ առկա դանակով հարվածել է տուժողի կրծքավանդակի շրջանին, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի, վազել դեպի Երևան քաղաքի Խանջյան 33 հասցեում գտնվող «Կոկտեյլ» հոսթելը, իսկ 21-ամյա քաղաքացին հետապնդել է, նշված վայրում նույն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել տուժողին և դիմել փախուստի։ Նախնական տվյալներով վեճի պատճառը եղել է տուժողի կողմից մյուսի հասցեին հնչեցված հայհոյանքը, ինչի պատճառով երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում։

Մարտի 5-ին՝ ժամը 02։45-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից հայտնել են, որ տուժողը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031