Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, ի՞նչ անենք: Սպասենք եւ 120 հազար մարդու կտտանքների՞ ենթարկենք, շարունակե՞նք այդ քաղաքականությունը»․ «Առերեսում»

Մարտ 04,2023 22:00

«Որեւէ ինտեգրման, վերաինտեգրման մասին խոսք անգամ չի կարող լինել»,- այսպես արձագանքեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե մարտի 1-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը «քննարկվել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան»: Դավիթ Բաբայանը պնդեց․ «Այն մարդիկ, որոնք մասնակցում են այդ հանդիպումներին՝ քաղաքական հարցերի մասին լիազորված չեն բանակցել, բայց հանդիպման ժամանակ կարող է Ադրբեջանի ներկայացուցիչը կանգնի եւ ասի՝ գիտեք, մենք ձեզ համարում ենք մեր քաղաքացիները, պետք է ինտեգրվեք եւ այլն։ Մերոնք ասում են՝ մեզ համար դա ընդունելի չէ, բացի դրանից՝ այս հանդիպումն ուղղված է լրիվ այլ հարցերի կարգավորմանը։ Բայց միայն այն փաստը, որ ադրբեջանական կողմն այդ հարցը բարձրացնում է՝ թույլ է տալիս իրենց ասել, որ քննարկել են այդ հարցը»։ Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ այդ հանդիպումները չունեն քաղաքական որեւէ ենթատեքստ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանն ուշադրություն հրավիրեց. «Արցախի կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր պայմանների հարցը պետք է լուծվեր եռակողմ հայտարարության տակ ստորագրած անձանց եւ պետությունների կողմից: Բայց մենք տեսնում ենք, որ եռակողմ հայտարարությունն այս մասով չի աշխատում, իսկ Արցախին պարտադրում են մտնել երկխոսության մեջ հենց այդ հայտարարության տեքստին համապատասխանող խնդիրներ քննարկելու համար»: Հավելեց. «Արցախն այդ հայտարարության տակ ստորագրություն չի դրել, դրան չի մասնակցել եւ իրեն թույլ էլ չի տրվել, որ մասնակցի: Բայց արի ու տես, որ նրանց ստորագրությամբ ամրագրված պայմաններին Արցախը ստիպված է միջամտել արդեն, չասեմ, խնդրողի, բայց անմիջականորեն շահագրգիռ կողմի կարգավիճակով, որի շահերն ապահովելու երաշխիք տված կողմերից եւ որեւէ մեկն այդ շահերն այսօր չի ապահովում»:

Սկզբում պետք էր հաստատել միջազգային մեխանիզմները եւ նոր միայն նստել բանակցությունների սեղանի շուրջ`նկատում են քաղաքագետները՝ կանխատեսելով, թե մի գեղեցիկ օր նույն բնապահպանները կմնան հանքի տարածքում ու ոչ մի տեղ չեն գնա, իսկ հետո կասեն՝ հանձնե՛ք շրջակա գյուղերն էլ, հետո էլի ուրիշ բան: Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց լավ, ի՞նչ անենք: Սպասենք եւ 120 հազար մարդու կտտանքների՞ ենթարկենք, շարունակե՞նք այդ քաղաքականությունը։ Կարող ենք այդպես էլ անել՝ ասենք, գնացեք, թող Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանն այդ հարցերը քննարկեն։ Իսկ այստեղ ունենք 30 հազար երեխա, այստեղ ունենք ծերեր, հիվանդներ։ Բնական գազի մատակարարումը, գիտեք, մեկ օրում կարող են 3-4 անգամ կտրել․․․ Խնդիրը ոչ թե ձեւաչափի փոփոխության մեջ է՝ ես հասկանում եմ պրն Մելիքյանի այդ մտահոգությունները, բոլորս էլ ունենք այդ մտահոգությունները։ Բայց խնդիրն այն է, որ պետք է նաեւ տեղում հարցերը կարգավորվեն»։

Արման Մելիքյանը մի գաղափար հնչեցրեց․ «Ես կառաջարկեի արցախցի մեր գործընկերներին, որ այն մարմինը, որը լիազորված է լինելու բանակցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ՝ ունենա պաշտոնական անվանում ու կոչվի «հատուկ դիվանագիտական առաքելություն»։ Այդպիսի նախադեպ եղել է եւ այդ կարգավիճակն ունեցել է պաղեստինյան կողմը, որը ժամանակի ընթացքում հաստատվել է նաեւ ՄԱԿ–ի կողմից։ Պաղեստինյան կողմն այդ «հատուկ դիվանագիտական առաքելությունն» աշխատեցրել է հատկապես Իսրայելի հետ բանակցություններ վարելու եւ միջազգային հարթակներում հանդես գալու նպատակով։ Այսօր սա կարող է լինել Արցախի կողմից կատարված առաջին քայլը, որը նաեւ պարտավորեցնող է լինելու ադրբեջանական կողմի համար, քանի որ եթե այս առաքելությունը դիվանագիտական բնույթ ունի, ապա համապատասխանաբար նաեւ կարգավիճակների հավասարության մասին դա հավաստիացում կլինի արցախյան իշխանության կողմից, ինչը կարեւոր է»։

Դավիթ Բաբայանն առաջարկին այսպես արձագանքեց․ «Պետք է մտածել, քանի որ նրանք քաղաքական, դիվանագիտական բնույթ չեն կրում՝ մեզ համար պետք է, որ այնպես անենք, որ գործընթացն առաջ գնա ու այս խեղճուկրակ մարդիկ հնարավորություն ունենան ապրելու։ Եթե այդ մարմինը կոչվի «դիվանագիտական»՝ կարող է, վաղն Ադրբեջանն արգելափակի ու եւս 6 ամիս ընդհանրապես որեւէ քայլ չանի, հետո մենք ստիպված վերանվանենք․․․ Լավ գաղափար է, բայց պետք է մտածենք՝ բոլոր դրական ու բացասական հետեւանքներով հանդերձ ու նոր գանք ընդհանուր հայտարարի»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031