Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։
Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հիանալի է հանդես եկել և վաստակել 15,083 միավոր ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Օրեր առաջ Դավթյանը հաղթող էր ճանաչվել նաև Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս ավարտել են իրենց ելույթները Դոհայում։ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը երեկ հանդես են եկել օղակների վարժության եզրափակչում, սակայն անմասն են մնացել մեդալներից։ Ավետիսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Դավթյանը՝ 7-րդ տեղը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում 14,133 միավոր է վաստակել և զբաղեցրել 10-րդ տեղը: Նույն վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը 13,500 միավորով գրավել է 21-րդ տեղը: Երկու մարմնամարզիկն էլ դուրս չեն եկել եզրափակիչ:
Կարդացեք նաև
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ