«2021-ի արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում հնչեց քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին: Սակայն եթե ընտրությանը նախորդած ճգնաժամը պատերազմի հետեւանք էր, ապա պատերազմն ինքը հետեւանք էր Հայաստանում եղած այդ մեծ ճգնաժամի, որը հաղթահարված չէ, շարունակվում է եւ կշարունակվի թերեւս այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում չի ձեւավորվի լեգիտիմ իշխանության եւ լեգիտիմ ընդդիմության առկայություն միաժամանակ»,- այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարին իր ելույթում ասաց կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ էֆեկտիվ ընդդիմություն ունենալն է որակապես նոր իշխանություն ստանալու բանալին. «Մեր կուսակցությունը հավակնում է դառնալ հենց այդ քաղաքական ուժը, կամ այդպիսի քաղաքական միավորների խմորիչը, որն արագ կկողմնորոշվի նոր իրավիճակում, աչքի կընկնի ներքաղաքական եւ համաշխարհային զարգացումներին իր վարքագծով»:
Բաբաջանյանն ասաց, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանում պետությունը չի աշխատել, այլ ընդամենը ծածկել է կոռուպցիոն կիսապետությունը: Իսկ թե ինչ է արվել հեղափոխությունից հետո այդ պետական համակարգը վերականգնելու համար, ըստ նրա, մի քանի տարին բավարար չէ մինչեւ ուղնուծուծը կոռումպացված համակարգն ապամոնտաժելու եւ աշխատող պետական համակարգի վերածելու համար. «2022-ին Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի համաթվի նվազումը թեկուզ 3 կետով համարում ենք խիստ մտահոգիչ, որովհետեւ ի վերջո 2018-ից հետո ձեւավորված իշխանության գաղափարական առանցքը ըստ էության հենց կոռուպցիայի դեմ պայքարն էր: Հիմա, փաստորեն, տեղի է ունենում նահանջ այդ գլխավոր քաղաքական, գաղափարական առանցքից: Այսօրվա դատական համակարգը նախորդ քաղաքական ռեժիմի քրեաօլիգարխիկ, մաֆիոզ շրջանակի թողած ահաբեկչական ռումբն է մեր պետության հիմքում: Առաջին իսկ օրից ասել ենք՝ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան մաֆիայի գողապետ պարագլուխների եւ նրանց քստմնելիորեն ծառայող նախկին պաշտոնյաների եւ այսպես կոչված քաղաքական ուժերի՝ պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականի բացակայությունը ամեն օր ավելի թանկ գին է արժենալու պետության վրա: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ պետությունը կեղեքած, ոչնչացրած մարդիկ բանտում գտնվելու փոխարեն բանտից ազատություն մուրալու, ազատություն տենչալու փոխարեն «Ազատություն» ռադիոկայանով Ազատության հրապարակում հոխորտում են, մատ են թափ տալիս Հայաստանի հարատեւության եւ ՀՀ-ի ժողովրդավարացման համար պայքարող քաղաքական սուբյեկտների, ուժերի ուղղությամբ»:
Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաեւ բանակի բարեփոխմանը՝ ասելով, որ ջախջախիչ պարտություն կրեցինք, քանի որ պարտվեց հայկական դիվանագիտությունը, որը տեղ էր տվել ՌԴ-ին: Կյանքը ցույց տվեց, որ դաշնակցային հարաբերությունների նշույլ այդտեղ չկար: 30 տարի պորտալարով կապված լինելով ՌԴ-ին՝ Հայաստանը ձախողվեց, հիմա, ըստ նրա, անհրաժեշտ է ուղղել այդ հիմնարար սխալը եւ բազմազանեցնել ռազմաքաղաքական համագործակցությունը:
Կարդացեք նաև
Բաբաջանյանն առաջարկում է արեւմտահայերենը արեւելահայերենին հավասար պետական լեզու սահմանել:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա ասաց. «Կարող ենք ամբողջ ազգովի գնալ կանգնել հայ-թուրքական սահմանի վրա եւ բղավել՝ թուրքը մեր թշնամին է: Դրանից ո՛չ մեր ուժը կավելանա, ո՛չ Թուրքիան ավելի կթուլանա, չի փոխվելու ոչինչ: Եվ հենց դա ծուղակը, որում մեզ պահել են եւ շարունակում են պահել: Ծուղակ, որ հայկական պետականությունը չկարողանա այս ռեգիոնում փոխել ոչինչ ու լինի ռուս-թուրքական ձեւաչափի դոմինանտությունը, որ վերականգնվեց արցախյան պատերազմով: Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերությունների մերժումն է ՌԴ-ի այս տարածաշրջանում միակ հուսալի ոտնատեղը»:
Նա վստահեցրեց, որ Թուրքիայի դեմը Հայաստանը կարող է առնել ենթակառուցվածքներով, արտադրողականությամբ, արբանյակներով, էներգետիկ ինքնաբավության խնդիրը լուծելով, գիտության, տնտեսության, քաղաքականության ֆունկցիոնալ շղթա ունենալով: Պարզապես պետք է աշխատենք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ