Մարտի 2-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն առիթն օգտագործելով՝ հանդիպել է նաև հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ ու պատասխանել է նրանցից մի քանիսի հարցերին։
Հանդիպումը սկսվեց այցի և ստացած տպավորությունների մասին Փաշինյանի կարճ հաշվետվությամբ: Հերթով թվարկեց, որ տնտեսական խորը խնդիրներ, ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք և չենք ունենա, բայց լավ լուր չունենք արտաքին միջավայրի և անվտանգության առումով: 9 րոպեանոց խոսքից հետո ներկաներին հարցեր տալու հնարավորություն տվեց: Առաջինը Փաշինյանին հարց ուղղեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։
Դուք, արդեն 5 տարի է՝ կառավարում եք, և մենք պետք է արձանագրենք, որ, ցավոք, վերջին տարիներին մենք ունենք կորուստներ՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային։ Դուք հայտարարեցիք, որ համար մեկ պատասխանատուն եք, հետո հայտարարեցիք, որ նաև մեղավորն եք, իսկ դրանից հետո պատրաստակամ եղաք նորից գնալ ընտրության։ Ցավոք, պատերազմից հետո մենք նորից ունենք կորուստներ, այս ամենը մինչև ե՞րբ պետք է շարունակվի, մարդկային ձևով ասեմ՝ դուք չե՞ք տեսնում, որ չի ստացվում, Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերի առջև։ Չե՞ք ուզում պատասխանատվություն վերցնեք և դիմեք այդ քայլին»,- ուղիղ հարց տվեց Սամվել Լուլուկյանը։
Նիկոլ Փաշինյանը մինչև պատասխանելը, նախ ճշտող հարց ինքը տվեց, թե ի՞նչ քայլի մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ Սամվել Լուլուկյանը պարզաբանեց, թե Հայաստանում խնդիրները շարունակ խորանում են ու ավելանում՝ փաստ է, որ այդ ամենը եղել է Փաշինյանի կառավարման ժամանակ։
Կարդացեք նաև
«Այն, որ ես այսօր ձեր դիմաց նստած եմ, դա նշանակում է, որ ես կրում եմ պատասխանատվությունը, և այն, ինչ հիմա ես անում եմ՝ պատասխանատվության արտահայտություն է։ Այն, ինչ դուք ասում եք և ձեր թվարկած դետալների մեջ, իրականում, որևէ հակասություն չկա, խնդիրն այն է, թե մենք ինչ հերթականությամբ պետք է այդ ամենը դասավորենք։ Այո, ես համաձայն եմ, շատ դեպքերում հնչել են պոզիտիվ հայտարարություններ, և հույս ունեմ՝ կշարունակեն հնչել նման հայտարարություններ, մենք պետք է գնահատեք, թե դրանք ինչ են նշանակում գործնականում և ինչ են նախկինում նշանակել գործնականում, այսօր և վաղն ինչ են նշանակելու գործնականում»,- հարցին փորձեց պատասխանել Նիկոլ Փաշինյանը։
Ապա շարունակեց պարզաբանել, թե այդ պատասխանատվությունից է գալիս նաև, որ պատասխանատու իշխանությունը պետք է ի վիճակի լինի գնահատել իրադրությունները, այդ թվում՝ փոփոխվող իրադրությունները, և քաղաքականությունների մեջ շտկումներ անել ըստ իրադարձությունների։
«Եթե մենք հիմա ձև անենք, թե ապրում ենք նույն աշխարհում, որում ապրում էինք 1 տարի 20 օր առաջ, ինքներս մեզ խաբած կլինենք։ Եվ եթե մենք ասենք, թե անկախ նրանից՝ ինչ է փոխվել աշխարհում, մենք, կներեք արտահայտությանս համար՝ մեր ձին ենք քշելու։ Կարող ենք դա անել, այս կետի շուրջ է, որ գալիս է իրական պատասխանատվությունը։
Շատ լավ, մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին, և դա, կարծում եմ՝ այսօր ամենակարևորն է, որովհետև այսօր իրավունքի և անվտանգության պաշտպանությունը մեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ամենակարևորն է։ Համարում եմ, որ այն քաղաքականությունը, որը մենք այսօր վարում ենք, դա ճիշտ քաղաքականություն է, և այն պոզիտիվ արտահայտությունները, որոնք մենք կարող ենք տեսնել, այդ թվում՝ այդ քաղաքականության արդյունք է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում