Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր ընդդիմախոսներն ասում են՝ գետնի վրա իրավիճակի տերը ռուսներն են, շատ լավ, ուրեմն փոխենք իրավիճակը գետնի վրա». Ռուբեն Մեհրաբյան

Մարտ 04,2023 16:15

Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարին կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն իր ելույթում անդրադարձավ ռուս-ուկրաինական պատերազմին՝ ասելով, որ ՌԴ-ն իր առջեւ դրված ոչ մի խնդիր չկարողացավ լուծել, բայց ստացավ պատժամիջոցներ, բարոյաքաղաքական սնանկացում, քաղաքական կապիտալի զրոյացում. «Այն աստիճանի, որ այդ երկրի ԱԳ նախարարը հրապարակային ծաղրուծանակի է ենթարկվում գլոբալ ֆորումներին: Երեկ նրանցից սարսափում էին, այսօր երեսներին բարձրաձայն ծիծաղում են»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, ՌԴ-ն, որը շարունակում է մնալ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, գլխավոր տնտեսական գործընկերը, արտահանման շուկան, այսօր կանգնած է տարածաշրջանում իր ազդեցության փլատակների առաջ. «Այդ դեպրեսիվ համայնապատկերն է մնացել այն միակ բանը, որը մեզ միավորում է: Սա գոյաբանական մարտահրավեր է հայ ժողովրդի համար, որի հաղթահարումը առաջիկա ժամանակաշրջանի հայկական օրակարգի թիվ մեկ հարցն է լինելու: Մենք չենք պատրաստվում պատմությունից հեռանալ Ռուսաստանի պատճառով եւ ՌԴ-ի հետ միասին: Մենք մեր պատմության մեջ տասնյակից ավելի կայսրություններ ենք ճանապարհել պատմության աղբանոցը եւ շարունակել մեր պատմական ընթացքը՝ ի հեճուկս արհավիրքների»:

Նա խոսեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին, որի երկրորդային կրողը Հայաստանն է եւ ռուսական շուկան չի կարող այլեւս լինել առաջնային շուկա մեզ համար: Մեհրաբյանի խոսքով՝ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրից, բայց այդ ամենը կմնա զուտ դեկլարատիվ հայտարարություն, եթե համարժեք դիրքավորում չունենանք՝ քաղաքական բոլոր ուղղություններով. «Բանակցային գործընթացը, որի մեջ մտած է ՀՀ-ն՝ կապված հարեւանների հետ տեւական համապարփակ խաղաղություն հաստատելու հետ, այդ գործընթացը պետք է զերծ պահել ռուսական ազդեցությունից: Մեր ընդդիմախոսներն ասում են՝ գետնի վրա իրավիճակի տերը ռուսներն են: Շատ լավ, ուրեմն փոխենք իրավիճակը գետնի վրա, որպեսզի այն մեզ չսպառնա: Դրա համար առնվազն նման  խնդիր է պետք դնել: Չարիքի այդ կայսրությունը փլուզումից առաջ զորքերով «կարգուկանոն» էր հաստատում Արցախում, իրականում տեռորիստական ահաբեկչություն էր անում: Հասանք դրան, որ այդ չարիքի կայսրությունը փլուզվեց: Ներկայումս եւս անհանդուրժելի է Խնածախներ, Փառուխներ ոգեշնչած, հետո մանդատի բացակայությունից բողոքողների ձեռքին Արցախը պատանդ թողնելը: Շատ էլ թե նրանք կոչվում են խաղաղապահ: Այլեւս անհանդուրժելի է նրանց կողմից փորձերը Արցախը դարձնել Հայաստանն ապակայունացնող լծակի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031