Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ստեղծել ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողով ու անցյալին տրվի իրավաքաղաքական գնահատական». Վահագն Մարտիրոսյան

Մարտ 04,2023 15:46

Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ 3-րդ համագումարին կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վիգեն Մովսիսյանը, որը համակարգել է նախընտրական պայքարը, շտաբի աշխատանքները, ասաց, որ ՏԻՄ ընտրություններում գրանցել են լուրջ հաջողություն, մասնավորապես, Արթիկ, Արաքս, Արարատ եւ Նոյեմբերյան խոշորացված համայնքներում մասնակցել են ընտրությունների եւ 4 համայնքներում էլ զբաղեցրել երկրորդ պատվավոր տեղը:

Նոյեմբերյան համայնքում հրաժարվել են ձեւավորված խմբակցությունից, քանի որ «Ապրելու երկիր» կուսակցության հետ չեն ուզեցել համագործակցել, ասում են՝ դա իրենց սկզբունքներին հակասում է: Արարատում ՔՊ-ի հետ կոալիցիոն կառավարում են իրականացնում ու ունեն փոխքաղաքապետ: Սիսիանի ՏԻՄ ընտրություններից հետո ավագանին հրաժարվել է մանդատներից ու մարտին նոր ընտրություններ են նշանակվել, բայց «Հանուն Հանրապետությանը» որոշել է չմասնակցել այլեւս:

Փոխարենը՝ որոշել են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, որը քննություն է լինելու իրենց համար:

Քաղաքական խորհրդի անդամ, կուսակցության արտաքին հարաբերությունների քարտուղար Առնոլդ Բլեյանն ասաց. «Մենք լսելի եւ տեսանելի ենք դարձրել հասարակության այն շերտի ձայնը, որը ներկայացված չէ ԱԺ-ում, հանդիպումներ ենք ունեցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Բուլղարիայի, Վրաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների դեսպանների, փոխդեսպանների, այլ ներկայացուցիչների հետ: Այցելեցինք ԱՄՆ արեւելյան շրջանը՝ սերտ աշխատելով ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպանության հետ, հանդիպումներ ունեցանք ուղեղային կենտրոնների, պետական պաշտոնյաների հետ»:

Հաջորդ ամիս մի խումբ փորձագետների հետ այցելելու են Լոս Անջելես եւ Վաշինգտոն: 2 ամսվա ընթացքում այց են նախատեսում Ուկրաինա, Փարիզ եւ Լոնդոն:

Կուսակցության քաղխորհրդի անդամ Վահագն Մարտիրոսյանն ասաց, որ դատաիրավական համակարգում վիճակն ավելի է վատացել, գործուն միջոցներ չեն ձեռնարկվել, փոփոխությունները կիսատ են ու ոչ համակարգային. «Մեր կուսակցությունը շարունակում է պնդել, որ երկրի պետական համակարգի եւ դրա մաս կազմող դատաիրավական համակարգի շոշափելի արդյունքների հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ նախկին քաղաքական ռեժիմներին կտրվի իրավաքաղաքական գնահատում՝ օրենքի ուժով»:

 

Ըստ նրա, պետք է ստեղծել ճշմարտության եւ հաշտեցման հատուկ հանձնաժողով՝ օրենքի ուժով ու անցյալին տրվի իրավաքաղաքական գնահատական, անցումային արդարադատության իրականացում կնշանակի անցյալի արատավոր բարքերի մերժում եւ հասարակության հաշտեցում: Իսկ նոր Սահմանադրության ընդունմամբ անհրաժեշտ  է ապահովել իշխանության երեք ճյուղերի պատասխանատվության հստակ տարանջատումը եւ փոխզսպումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031