Երեկ ուշ գիշեր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի գլխավոր մենամարտում առաջին ծանր քաշային կարգում Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուսաստանցի 29-ամյա Մուրատ Գասսիեւին երկու ռաունդից էլ պակաս ժամանակ պահանջվեց՝ դիպուկ հարվածով նոկաուտի ենթարկելու ամերիկացի Մայք Բալոգունին: Այս հաղթանակով Գասսիեւը նվաճեց WBA Inter-Continental գոտին: Մենամարտից հետո Գասսիեւը լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց Հայաստանին իրեն աջակցելու, մեծ մենամարտեր վերադառնալու հնարավորություն ստեղծելու համար: «Հույս ունեմ, որ իմ առջեւ նոր սահմաններ կբացվեն եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հնարավորություն կստեղծվի»,-ասաց բռնցքամարտիկը:
Գասսիեւը Երեւանում տոնեց իր 30-րդ հաղթանակը (23-ը՝ նոկաուտով), իսկ Բալոգունը, որ բռնցքամարտ եկել է ամերիկյան ֆուտբոլից, կրեց պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին պարտությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ