Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեցուկ լինել կարգապահ, ամուր և ուժեղ բանակ ունենալու տեսլականին». ամփոփվել են Զինվորական դատախազության 2022 թ. աշխատանքները

Մարտ 04,2023 11:56

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, մարտի 3-ին ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության կողմից 2022 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի հրավերով ամփոփմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը, Զինվորական դատախազի տեղակալները, Զինդատախազության կայազորների դատախազները, այլք:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար և հույս հայտնել, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:

«Մեր աշխատանքը միտված է մեկ նպատակի՝ նեցուկ լինել կարգապահ, ամուր և ուժեղ բանակ ունենալու տեսլականին», – ընդգծել է Աննա Վարդապետյանը և կարևորել զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի՝ ինչպես զինվորական կրթական հաստատություններ, այնպես էլ զորամասեր այցերը, որոնց նպատակն է քննարկման ձևաչափով ցույց տալ թույլատրելի և անթույլատրելի վարքագծի սահմանը, ինչպես նաև այն բոլոր անբարենպաստ հետևանքները, որոնք կառաջանան անթույլատրելիի սահմանը հատելու դեպքում: «Սա է Զինվորական դատախազության հիմնական փիլիսոփայությունը. առաջնահերթ՝ կանխել, իսկ չհաջողելու դեպքում՝ իրականացնել պատժողական գործողություններ»,- շեշտել է հանրապետության գլխավոր դատախազը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, կարևորել համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ ու ամուր բանակ ունենալուն: «Այս համատեքստում շատ կարևոր է, որ մեր համագործակցությունը բերի նրան, որ կարողանանք կանխարգելիչ քայլեր կատարել և ոչ թե արդեն տեղի ունեցածին տանք քրեաիրավական գնահատական: Սպայի պատիվն առաջին հերթին կարգապահ լինելն է: Այս ճանապարհին պետք է բոլոր տեսակի հանցագործությունների, դրանց նախնական դրսևորումների նկատմամբ լինենք խիստ անհանդուրժող, բայց, միևնույն ժամանակ, օգնենք ամեն կերպ, որ մեր գործընկերներն իրենց պարտականությունների մեջ չթերանան ու մենք չունենանք այն ցավալի դեպքերը, որոնք արձանագրվել են», – ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը և բանակում ոչ կանոնագրքային հարաբերություններն արմատախիլ անելու հարցում կարևորել ՊՆ ռազմական ոստիկանության համագործակցությունը Զինվորական դատախազության հետ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:

2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։

2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են` 74-ով: Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17,8%: 2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022 թվականին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։

2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 98 դեպք (2021 թվականին՝ 213): 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 373 ուսումնասիրություն, հայտնաբերվել՝ 236 խախտում: Նշված ժամանակահատվածում Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 4 մլրդ 939 մլն 220 հազար 746 դրամի վնաս (2021 թվականին՝ 2 մլրդ 701 մլն 344 հազար 766 դրամ)։

2022 թվականին դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերականգնվել է 1 մլրդ 951 մլն 448 հազար 493 դրամի վնաս (2021 թվականին՝ 1 մլրդ 177մլն 473 հազար 888 դրամ): Նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 560 մլն 94 հազար 96 դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 4 հայց, դրանցով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 68 մլն 460 հազար 756 դրամ (2021 թվականին՝ 2 մլն 6 հազար 387 դրամ)։

Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափը, այդ թվում՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031