«Հրապարակի» զրուցակիցը Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն է։
– ԲԴԽ-ն տարբեր առիթներով կարգապահական վարույթներ է հարուցում եւ համակարգից հեռացնում փորձառու դատավորներին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործընթաց է տեղի ունենում։
– Եթե մեկ բառով փորձենք բնութագրել այն պրոցեսը, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության հետ, ապա դա դատական իշխանությունը ծնկի բերելու, հլու-հնազանդ դատական իշխանություն ստեղծելու, կառուցելու պրոցես է։
– Իսկ համակարգից հեռացված դատավորները, իրավաբանական հանրությունն ինչո՞ւ չեն դիմադրում, տպավորություն է, որ այս ամենը տեղի է ունենում թե՛ գործող, թե՛ նախկին դատավորների լուռ համաձայնության ներքո։
Կարդացեք նաև
– Ճիշտ եք արձանագրում, դա երեւի իմ վերջին մեկ տարվա հիասթափության ամենամեծ թեման է, թե ինչու դատական համակարգը չի պայքարում։ Դուք հարց տվեցիք, թե ինչու լիազորությունները դադարեցված դատավորները չեն պայքարում, բայց իրականում լիազորությունները դադարեցված դատավորները պայքարում են՝ նրանք դիմում են Սահմանադրական դատարան, Եվրոպական դատարան, ամեն մեկն իր գործունեությունը, իր պաշտպանությունն ինքնուրույն կազմակերպում է։ Շատ ավելի զարմանալի է, թե գործող դատավորներն ինչու չեն պայքարում այս բացասական պրոցեսների դեմ․ չեմ պատկերացնում, թե ինչու չեն պայքարում, որովհետեւ վստահաբար կարող եմ պնդել, որ բոլորի հերթը գալու է, եթե այսպես լուռումունջ սպասեն, թե երբ են իրենց կոլեգայի լիազորությունները դադարեցնելու, մի օր իրենց հերթն է գալու։
– Գուցե վախենում են, որ իրենց դե՞մ էլ քրեական գործեր կհարուցվեն։
– Այդ քրեական գործերը պարտադիր լինելու են, եթե դատավորները չսկսեն պաշտպանվել, ապա, միանշանակ, այդ քրեական գործերը լինելու են։ Եթե ոչ քրեական, ապա կարգապահական պատասխանատվության են ենթարկվելու։ Այ, երբ ըմբոստ դատավորների հարցը լուծեն, եւ համակարգում մնան միայն կամակատար դատավորները, այդ կամակատարների միջից են արդեն ընտրելու, թե որն է լավ կամակատար, իսկ որը՝ վատ կամակատար։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: