Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը Գերմանիային ստիպեց Ֆրանսիայից հետո զգուշավորություն չցուցաբերել եւ իրերն իրենց անուններով կոչել. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 04,2023 11:27

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի երեք տասնամյակում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն այն քիչ խոշոր եվրոպական պետություններից էր, որը գրեթե դիրքորոշում չէր հայտնում հիմնահարցի վերաբերյալ:

Փորձագիտական հանրությունը Գերմանիայի նման կեցվածքը բացատրում էր հիմնահարցի կարգավորման գործընթացում հարեւան պետության՝ Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությամբ, որը, ըստ էության, ներկայացնում էր ԵՄ հավաքական դիրքորոշումը: Մյուս կողմից էլ, մեծ էր գերմանաթուրքական ավանդական սերտ հարաբերությունների գործոնն այդ լռության մեջ, սակայն դա չխանգարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: «Մեր տեսանկյունից այժմ կարեւոր է հասնել խաղաղ կարգավորման՝ հիմնված Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Այս բոլոր ասպեկտները հավասարապես կարեւոր են»,- համատեղ ասուլիսում հայտարարել է Շոլցը:

Գերմանիայի կանցլերն իր խոսքում առանձնացրել է կարգավորման այն երեք հիմնական սկզբունքները, որոնք ընկած են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափի առաջարկած կարգավորումների հիմքում: Սա ոչ թե այդ ձեւաչափի մասին հիշատակելու եւ դրա գործունեությունը կարեւորելու փորձ է, այլ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհի մատնանշում: Կանցլերը թվարկել է այն սկզբունքները, որոնց պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի հանգուցալուծել արցախյան թնջուկը եւ երկարաժամկետ խաղաղություն ապահովել տարածաշրջանում:

Այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին վերջին շրջանում զգուշավոր են արտահայտվում ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում, Գերմանիայի նման կտրուկ շրջադարձը հիմնարար իրադարձություն է միջազգային դիվանագիտական պրակտիկայում, առավել եւս, որ դժվար է կարծելը, թե այդ հայտարարությունը դրականորեն կընդունի նաեւ իր վաղեմի դաշնակից Թուրքիան, ինչը լավ են պատկերացնում Բեռլինում: Մյուս կողմից էլ` Հոլոքոստ իրականացնելու փաստն ընդունած երկրի ղեկավարն այլ կերպ չէր կարող հարաբերվել ցեղասպանություն ապրած Հայաստանի ղեկավարի հետ եւ էթնիկ զտման վտանգի առաջ կանգնած Արցախի ժողովրդի վիճակի մասին չբարձրաձայներ: Աշխարհի խոշորագույն պետություններից մեկը, պիտի հավատալ, գերզգայուն է էթնիկ ոչնչացման ցանկացած ռիսկի նկատմամբ եւ առօրեական տնտեսական շահերին չի զոհաբերում համամարդկային արժեքները, համենայնդեպս՝ հրապարակային ելույթների մակարդակով:

Ադրբեջանի վարած էթնիկ զտումների պետական քաղաքականությունը եվրոպական խոշորագույն այս պետությանը ստիպեց Ֆրանսիայից հետո զգուշավորություն չցուցաբերել եւ իրերն իրենց անուններով կոչել:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031