Փաշինյանը պարբերաբար մանիպուլյացիայի է դիմում՝ նախկին իշխանություններին մեղադրելով, թե նրանք Արցախը դուրս են թողել բանակցային սեղանից, բայց իրականում իր օրոք Հայաստանն է ամբողջությամբ դուրս բերվում բանակցություններից։ Ավելին, այնպիսի իրադրություն է, որ Ադրբեջանն արդեն Արցախին կոնկրետ պահանջներ է թելադրում։ Օրինակ՝ Բաքվից պահանջեցին, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա, որպեսզի Արցախի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսվի։ Իսկ երբ Վարդանյանը հեռացվեց պետնախարարի պաշտոնից, դրանից հետո Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև խաղաղապահների կենտրոնակայանում հանդիպում տեղի ունեցավ։ Ու դրանով ադրբեջանական կողմը սկսեց ներկայացնել, թե իրենք խոսակցություն են սկսել «Ադրբեջանի տարածքում գտնվող Ղարաբաղի հայ բնակչության հետ»։ Այսինքն, խոսակցությունը ոչ թե հորիզոնական է, այլ ուղղահայաց, որտեղ Ադրբեջանն Արցախին նայում է որպես իր սուբյեկտի, ինչը միանշանակ լավ տեղ չի տանելու։
Օրինակ՝ ինչ-որ մի պահի էլ բացառված չէ, որ հանկարծակի բանակցությունների մեջ խցկվեն, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները, որոնք ժամանակին ակտիվացել էին և հանդիպումներ էին ունենում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե Արցախի հետ երկխոսության համար միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ մի միջազգային մեխանիզմ էլ գոյություն չունի։ Իսկ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է Լաչինում որոշակի հսկողության հաստատումն ու Արցախի հանքերի մոնիթորինգը։ Այնուամենայնիվ, ադրբեջանական հավակնություններն այսքանով չեն ավարտվում։ Այդ երկիրը նկրտումներ ունի նաև Հայաստանի տարածքների նկատմամբ։
Պատահական չէ, որ շրջանառության մեջ են դրվել «Արևմտյան Զանգեզուր», «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումները ու կոնկրետ տարածքային պահանջներ են ներկայացվում Հայաստանին։ Ու դա էլ բավական չէ, հրապարակ է եկել նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», որը փորձում է հանդես գալ որպես առանձին միավորում, իսկ վերջերս էլ նամակով դիմեց Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել իրենց՝ Հայաստան վերադարձին։ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ոչ միայն Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցով գույքագրում իրականացնելուն, այլև փորձում է տարբեր դատական գործընթացներ սկսել Հայաստանի դեմ։
Օրինակ՝ էներգետիկ խարտիայի շրջանակներում Բաքուն արդեն սկսել է Հայաստանի դեմ վարույթ հարուցելու գործընթացը՝ Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իբր իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար։ Իսկ ի՞նչ է ձեռնարկում Հայաստանն Ադրբեջանին հակազդելու համար։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում