Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն տարի նկատվում է միզապարկի քաղցկեղի մինչեւ 2,3% աճ. հիվանդության ախտանիշներից մինչեւ բուժում եւ կանխարգելում

Մարտ 04,2023 14:30

Միզապարկի քաղցկեղը բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում կազմում է 3-4%։ Համաձայն Global Cancer Observatory-ի տվյալների՝ մոլորակի վրա գրանցվում է միզապարկի քաղցկեղի նոր ախտորոշված մինչեւ 500,000 դեպք։

«Առավոտը» խնդրի մասին զրուցել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարուժան Շահսուվարյանի հետ:

-Պարոն Շահսուվարյան, միզապարկի քաղցկեղը ընդհանուր ուռուցքների մեջ քանի՞ տոկոս է կազմում, այս հիվանդության տարածվածության մակարդակը տարիների ընթացքում փոխվու՞մ է, թե՝ ոչ: Պրակտիկայում ո՞րն է միզապարկի քաղցկեղի ամենից հաճախ հանդիպող տեսակը:

– Միզապարկի քաղցկեղը բոլոր չարորակ նորագոյացությունների շրջանում կազմում է 3-4%։ Համաձայն Global Cancer Observatory-ի տվյալների՝ մոլորակի վրա գրանցվում է միզապարկի քաղցկեղի նոր ախտորոշված մինչեւ 500,000 դեպք։ Յուրաքանչյուր տարի նկատվում է հիվանդացության մինչեւ 2,3% աճ։ 98% դեպքերում միզապարկի քաղցկեղը զարգանում է միզապարկի լորձաթաղանթի բջիջներից՝ ուրոթելերից։ Ավելի հազվադեպ հանդիպում է գեղձային բջիջներում՝ ադենոկրացիոմա, տափակ բջջային ձեւով եւ այլն։

– Հիվանդության սեռատարիքային կազմը ինչպիսի՞ն է, արդյոք այդ շեմը նվազո՞ւմ է: Եվ ճի՞շտ է պնդումը, որ այն ավելի շատ տղամարդկանց մոտ է հանդիպում, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Տղամարդկանց մոտ օնկոլոգիական հիվանդությունների շարքում այն զբաղեցնում է չորրորդ տեղը՝ շագանակագեղձի, թոքերի եւ հաստ աղու քաղցկեղից հետո։ Կանանց մոտ այն տասնմեկերորդ տեղում է՝ համաշխարհային օնկոլոգիական վիճակագրության տվյալներով։ Ավելի հաճախ հանդիպում ենք 50-55 տարեկանից բարձր տարիքային խմբում, չնայած վերջին 20 տարվա ընթացքում նկատվում է հիվանդության երիտասարդացում։ Իմ պրակտիկայում ամենաերիտասարդ հիվանդը այդ ախտորոշմամբ եղել է 18 տարեկան։

Տղամարդկանց մոտ հիվանդության բարձր մակարդակը պայմանավորված է անատոմիական առանձնահատկություններով՝ միզապարկից մեզի արտահոսքի խանգարումների հետ կապված, ծխախոտի չարաշահմամբ, կենցաղում եւ աշխատանքում, օրինակ՝ ավտոտրանսպորտի հետ կապ ունեցող մասնագիտություններում թունավոր նյութերի հետ աշխատանքներում (անիլային ներկեր եւ այլն) ավելի մեծ ընդգրկվածության պատճառով։

– Որո՞նք են ախտանիշները եւ ինչպե՞ս է ախտորոշվում միզապարկի քաղցկեղը:

– Ախտանիշները միզարձակության տարբեր տիպի խանգարումներն են՝ հաճախամիզություն, այրոցի զգացում միզելու ժամանակ, դժվարամիզություն եւ այլն, արյունամիզություն, ցավի զգացողություն որովայնի ստորին հարկում, ավելի ուշ փուլերում ցավի զգացողություն երիկամների շրջանում։

Հաշվի առնելով գանգատները՝ ախտորոշումն իրականացվում է ուլտրաձայնային հետազոտության, համակարգչային շերտագրման, մագնիսառեզոնանսային հետազոտության, ցիստոսկոպիայի՝ ուռուցքի բիոպսիայի միջոցով։

– Միզապարկի քաղցկեղ ունեցողի կյանքի որակը ինչպե՞ս է փոխվում բուժումից հետո, այսինքն՝ կարելի՞ է բուժվել եւ մոռանալ հիվանդության մասին: Այս հիվանդության դեպքում ապրելիությունը ինչո՞վ է պայմանավորված՝ տարիք, հիվանդության հայտնաբերման փուլ…:

– Այո, հիվանդության ելքը եւ բուժման արդյունավետությունը շատ դեպքերում պայմանավորված է ինչպես հայտնաբերման փուլից, այնպես էլ հիվանդության ագրեսիվության աստիճանից, ախտաբանահյուսվածաբանական տեսակից։ Երբեմն հիվանդները դիմում են վաղ փուլերում՝ հենց առաջին ախտանշանների ի հայտ գալու պահին, իսկ որոշ դեպքերում էլ հիվանդությունը երկար ժամանակ կարող է զարգանալ առանց ախտանիշների ու հայտնաբերվել ուշ (III, IV) փուլերում։

Միզապարկի մակերեսային ուռուցքների դեպքում բուժման ոսկե ստանդարտ է համարվում միզապարկի ուռուցքի ներմիզուկային մասնահատումը հետագա ներմիզապարկային իմունոթերապիայով (ԲՑԺ թերապիա):

Ավելի խորանիստ՝ մկանային հյուսվածք, ներաճի դեպքում ցուցված է արմատական բուժում՝ միզապարկի հեռացում կոնքի լիմֆատիկ հանգույցների հետ միասին։

Որոշ մակերեսային ագրեսիվ ուռուցքներ, ինչպես նաեւ իմունոթերապիայից հետո ախտադարձ դեպքում նույնպես ցուցված է արմատային բուժում՝ ցիստոպրոստակոմիա կոնքային լիմֆատիկ հանգույցների հեռացումով։

Միզապարկի հեռացումից հետո միզահեռացման տարբեր եղանակներ են կիրառվում՝ սկսած միզածորանի դուրսբերում մաշկի վրա, առանձնացված աղու գալարի վրա։ Սակայն կյանքի որակի առումով ամենացանկալին բարակ աղու գալարից միզային ռեզերվարի՝ նոր միզապարկի ձեւավորումն է, եթե հիվանդի ընդհանուր վիճակը թույլ է տալիս։ Ընդհանուր առմամբ՝ հիվանդների 40%-ին դա հաջողվում է, ինչը թույլ է տալիս լիարժեք առողջանալու հնարավորություն ստանալ եւ վերադառնալ լիարժեք կյանք։

Կախված փուլից եւ ագրեսիվության աստիճանից՝ հիվանդների առանձին խմբերի անհրաժեշտ է լինում քիմիաթերապիա եւ ճառագայթային բուժում։ Այդ իսկ պատճառով բուժման մոտեցումը պետք է լինի մուլտիդիսցիպլինար եւ մասնագետների համատեղ քննարկումների արդյունքում որոշվի բուժման ռազմավարությունը։

– Կանխարգելման նպատակով ի՞նչ խորհուրդ կարող եք տալ քաղաքացիներին:

– Նախեւառաջ՝ վերացնել մասնագիտական վնասակար «ագենտները», պաշտպանվել արտադրական կոնցերոգեններից (պաշտպանիչ հագուստների կիրառում, դիմակների, ռեսպիրատորների օգտագործում), ցիստիտի ադեկվատ բուժում, ծխախոտի բացառում, բավարար քանակի հեղուկների օգտագործում եւ միզապարկի ռեգուլյար դատարկում:

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031