Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները հրաժարվում են պատասխանել, փաստաբաններն են պատասխանում

Մարտ 04,2023 14:00

Կատարողական վարույթով պարտապանները, խուսափելով կատարել օրինական ուժ ստացած դատական ակտի պահանջները, հաճախ վարչական դատարանում արհեստականորեն վիճարկում են հարկադիր կատարողների՝ «Որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող» որոշումները։ Վիճարկման հայցի ներկայացմանը զուգահեռ վերջիններս Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ միջնորդում են կասեցնել հարկադիր կատարողի որոշումների կատարումը։ Որոշումների այս տեսակն առանձնահատուկ է այնքանով, որ հարկադիր կատարողը դրա միջոցով տառացիորեն պարտապանի վրա է դնում օրինական ուժ ստացած դատական ակտի պահանջները որոշակի ժամկետում կամովին կատարելու պարտավորությունը։ Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանները, վիճարկվող որոշումների բովանդակությունը համադրում են օրինական ուժ ստացած դատական ակտի եզրափակիչ մասի հետ եւ համոզվում, որ դրանցով պարտապանի վրա դրված պարտավորությունները բխում են դատական ակտի եզրափակիչ մասից, դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հարցում շահագրգիռ Հայցվորների միջնորդություններն արդարացիորեն մերժվում են։ Այնուամենայնիվ, քիչ չեն նաեւ դեպքերը, երբ դատարանը հիշյալ փաստական հանգամանքը չի պարզում, ինչի արդյունքում անհարկի կերպով կասեցվում է տառացիորեն դատական ակտի կատարմանն ուղղված հարկադիր կատարողի որոշումը։ Ստացվում է՝ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող որոշմամբ պարտապանի վրա դրված պարտավորությունը տառացիորեն բխում է օրինական ուժ ստացած դատական ակտի եզրափակիչ մասից, դատարանների կողմից քննարկվող որոշումների կատարումը կասեցնելը նույնն է, ինչ անորոշ ժամկետով հետաձգել օրինական ուժ ստացած դատական ակտի կատարումը՝ հղի անդառնալի հետեւանքներով։ Դատական պրակտիկան ցույց է տալիս, որ տարիներ անց, երբ ի վերջո երեք ատյաններում ավարտվում է վարչական գործի քննությունը, այդպես էլ չի վերացվում ձեւականորեն վիճարկված եւ կատարումը կասեցված հարկադիր կատարողի որոշումը։ Սա պատահական չէ, քանի որ պարտավորությունը, որի կատարումը քննարկվող տեսակի որոշումներով հարկադիր կատարողը դնում է պարտապանի վրա, սահմանում է ոչ թե հարկադիր կատարողը, այլ գործով արդարադատություն իրականացրած դատարանը։ «Առավոտը» դիմեց մի քանի դատավորների, որոնք խուսափեցին պատասխանել վերոնշյալ հարցի շուրջ մասնագիտական պարզաբանումներից:

ՀՀ փաստաբանների պալատի երկու անդամներ արդեն իսկ բարձրաձայնել են այս հարցի մասին՝ Հասմիկ Օհնիկյանն ու Միքայել Ահարոնյանը:

«Արդյոք ներկայացված իրավիճակը չի ոտնահարում օր առաջ դատական ակտի կատարման հարցում շահագրգիռ կողմի՝ օրինական ակնկալիքներն ու խախտում վերջինիս՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորվող արդար դատաքննության իրավունքը (որի անբաժանելի մասն է կազմում նաեւ վերջնական դատական ակտի ժամանակին կատարումը)։ Ինչպե՛ս է հնարավոր դատական պրակտիկայում ապահովել հարկադիր կատարողի քննարկվող տեսակի որոշումները կասեցնելու պահանջով անբարեխիղճ պարտապանների միջնորդությունները բացառապես օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման պարտադիրության եւ անհապաղ կատարման լույսի ներքո քննարկումը» հարցերով դիմեցի «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Լեւոն Բաղդասարյանին: «Ոչ, չեմ կարծում։ Առերեւույթ օրինական ուժ ստացած դատական ակտի կասեցումն այլ դատական գործով հայցի ապահովում կիրառելուն պայմանավորված աղերս չունի իրավունքի խախտում դիտել։ Ինչպես ՀՀ հիմնական օրենքով, այդպես էլ ձեր կողմից հղում կատարած կոնվենցիայի ուժով, ցանկացած պետական լիազոր մարմնի գործողությունը կամ անգործությունը ենթակա է դատական պաշտպանության։ Եթե նժարի մի թեւի վրա դնում ենք դատական պաշտպանության իրավունքը թեկուզեւ առերեւույթ ձեւական, մյուս թեւի վրա օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման ժամանակավոր կասեցումը, արդարադատության շահը պահանջում է տվյալ խնդրի հարցի դատական պաշտպանությունը։

Ինչ վերաբերում է իրավունքի առերեւույթ չարաշահումներին, ապա նոր հեծանիվ պետք չէ հայտնագործել ինչպես ռոմանագերմանական, այնպես էլ անգլոսաքսոնական իրավական համակարգերի բազմաթիվ երկրներում, հայցերը քննելուց, մերժելուց հետո տրվում է նաեւ իրավական գնահատական եւ ակնհայտ ձեւական կամ ակնհայտ անհիմն հայցերի դեպքում դատական ծախսերը, նման դեպքերով նաեւ բարոյական վնասները բազմապատկվում են։ Ավելին՝ իրավունք են վերապահում նաեւ շահագրգիռ անձանց վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտի պահանջներով դիմել դատական պաշտպանության: Հայաստանի դատարանները, ցավոք, դատական ծախսերը, մասնավորապես, փաստաբանի ողջամիտ գումարը հաշվարկելիս անհոդաբաշխ, չափազանց նվազ գումարներ են հաշվում, որն էլ տեղիք է տալիս հաճախ ակնհայտ անհիմն պահանջներով ծանրաբեռնել դատարաններին»,-ասաց Լ.Բաղդասարյանը:

Լ.Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Անգլիայում դատավորին իրավունք է վերապահում կես տարի կամ մեկ տարի զրկել փաստաբանին կամ դատախազին իր վարույթի գործերի մասնակցելուց՝ փաստաբանի կամ դատախազի կողմից անպատրաստ լինելու կամ ձեւական «ակնհայտ անհիմն հայցեր» ներկայացնելով պայմանավորված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031