ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարատ Խաչիկյանը հացադուլ է հայտարարել: Նա բողոքում է իր նկատմամբ կայացված դատական ակտը: Մարատ Խաչիկյանի պաշտպանը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Պաշտպանի գնահատմամբ. «Պաշտպանյալիս վերաբերյալ քրեական գործով վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է դատաքննության սահմաններից դուրս գալով, վերջինիս պաշտպանական իրավունքների խախտմամբ։
Գտնում եմ, որ վերաքննիչ դատարանը պաշտպանյալիս նախաքննական մարմնի կողմից վերագրված մեղադրանքը հաստատել է այն ենթադրությամբ, որ վերջինս ընդգրկված է եղել թմրամոլությունից մեթադոնային բուժման ծրագրի մեջ, անտեսելով այն հանգամանքը, որ մեղադրողը թե ընդհանուր իրավասության դատարանում, թե վերաքննիչ դատարանում դատաքննության ընթացքում չի վիճարկել, չի հերքել ամբաստանյալների թմրամոլ լինելու հանգամանքը»:
Հսկող դատախազներից որեւէ մեկը Մարատ Խաչիկյանին չի այցելել, իսկ բուժանձնակազմից «նրան չեն տեսել»: Նրան մեղադրանք են առաջադրել թմրանյութի իրացման համար: Ըստ պաշտպանական կողմի՝ «Մարատ Խաչիկյանը ներգրավված է եղել մեթադոնային բուժման ծրագրում, այսինքն՝ անձնական օգտագործման համար նրան օրինական հիմունքներով տրամադրվել է թմրամիջոց, որպիսի հանգամանքը Մարատ Խաչիկյանի կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահված տարբեր տեսակի եւ չափերի թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի հետ համակցության մեջ մեծապես բացառում է այդ թմրամիջոցները եւ հոգեմետ նյութերն անձնական օգտագործման համար ձեռք բերելը կամ պահելը»: Ուշագրավ է այն, որ նույն ապացույցներով մի դատարան նրան արդարացրել է, իսկ մի այլ դատարանի կողմից նույն մեղադրանքով նրան դատապարտել են 9 տարվա ազատազրկման: Մասնավորապես, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը փաստել էր. «Դատարանը, համադրելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, հանգում է հետեւության, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ, որեւէ տվյալ չկա այն մասին, որ Մարատ Խաչիկյանը թմրանյութը ձեռք է բերել իրացնելու նպատակով»: Դատարանը, իր ներքին համոզմամբ, արձանագրել էր, որ Մ. Խաչիկյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում ապացուցված չէ. «Գործի հանգամանքները, մասնավորապես՝ միայն թմրամիջոցների մեծ քանակությունը, եւ այդ հանգամանքը գործով ձեռք բերված այլ տվյալների հետ համակցության մեջ դատարանի գնահատմամբ չեն վկայում իրացման նպատակի մասին»:
Մարատի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Արսեն Մկրտչյանը, ով երեկ «Առավոտին» ասաց. «Վերաքննիչ դատարանը ապացուցված է համարել Մարատ Խաչիկյանի կողմից առաջադրված մեղադրանքում նշված թմրամիջոցներն ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու եւ պահելու հանգամանքը, իսկ առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը բացառում է ամբաստանյալ Մարատ Խաչիկյանի կողմից թմրամիջոցներն ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերն առանց իրացնելու նպատակի ձեռք բերելու եւ պահելու ողջամիտ հավանականությունը»: Ըստ պաշտպանի, ստացվում է, որ նույն փաստարկների պայմաններում վերաքննիչ դատարանը մի դեպքում հաստատել է թմրամիջոցները, հոգեմետ նյութերը իրացման նպատակով ձեռք բերելու հանգամանքը, իսկ մյուս կողմից՝ նույն փաստերի պայմաններում չի հաստատել պրեկուրսորները իրացման նպատակով ձեռք բերելու հանգամանքը։ Ի դեպ, Վերաքննիչ դատարանն անտեսել էր նաեւ այն, որ ամբաստանյալ Մարատ Խաչիկյանը հաշվառված է ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում եւ մոտ տասը տարի եւ ավելի ստանում է մեթադոնային փոխարինող բուժում:
Կարդացեք նաև
Վերաքննիչ դատարանի եզրահանգումները պաշտպանական կողմի գնահատմամբ, հանդիսանում են ոչ միայն անհիմն ենթադրություններ, այլեւ հանգեցրել են արդարադատության համակարգի խեղաթյուրմանը, քանի որ ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքը հաստատելու մեղադրողի խնդիրը լուծելու նպատակով ամբաստանյալներին փաստացի մեղավոր են ճանաչել նրանց նույնիսկ չառաջադրված մեղադրանքների (մասնավորապես, միմյանցից թմրամիջոցներ ձեռք բերելու, այլ անձանց թմրամիջոցներ իրացնելու) կապակցությամբ, որից էլ բխեցրել է վերագրվող մեղադրանքների հաստատված լինելու եզրահանգումները։
Մարատի կինը ասում է, որ ամուսինը ֆիզիկապես վատառողջ է, նրա մոտ ախտորոշվել է՝ «Ձախ ազդրի հատվածում ենթամաշկային գոյացություն, հարակից լիմֆադենիտի պատկերով, զույգ ստորիվ վերջույթների, ազդրային սեգմենտի, խորանիստ երակների տարած տրոմբոզի պատկեր, զույգ ստորին վերջույթների ենթամաշկային երակների տրոմբոֆլեբիտի պատկեր…»: Նրա խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաներ:
Պաշտպանը ուշադրություն հրավիրեց գործին կցված ապացույցների վրա: Նույն ապացույցները դատարանում գնահատվել են այլ կերպ. Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ապացուցված է Մարատ Խաչիկյանի կողմից նրան առաջադրված մեղադրանքներում նշված թմրամիջոցներն ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու եւ պահելու հանգամանքը, իսկ առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը բացառում է ամբաստանյալի կողմից թմրամիջոցներն ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերն առանց իրացնելու նպատակի ձեռք բերելու եւ պահելու ողջամիտ հավանականությունը:
«Օբյեկտիվության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր էր դատական ստուգման ընթացքում մեղադրողից պարզաբանել, թե ինչով է պայմանավորված եղել մեղադրանքների նման ձեւակերպումները, չնայած այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացությունը, մեղադրողի ճառը, իսկ վերաքննիչ դատարանում մեղադրողի վերաքննիչ բողոքը բովանդակել են միայն ձեւակերպումներ ամբաստանյալների միմյանցից թմրամիջոցներ ձեռք բերելու, այդպիսիք գործածելու համար հանդիպելու, այնպես էլ այլ անձանց թմրամիջոցների իրացման, դրանց քանակների, գումարի չափերի եւ այլ հանգամանքների շուրջ։ Այդ ենթադրություններից էլ մեղադրողը բխեցրել էր թմրամիջոցները, հոգեմետ նյութերը իրացնելու նպատակով ձեռք բերված լինելու փաստարկները».-իր բողոքում նշել էր պաշտպանը: Այո, հիմնավորված եւ հաստատված է, որ Մ. Խաչիկյանը թմրանյութեր օգտագործող է, ինչը նա հայտնել է քրեական վարույթով, սակայն թմրանյութ իրացնելու եւ/կամ իրացնելու նպատակով պահելու վերաբերյալ հաստատված փաստ տասնյակ տարիների ընթացքում, երբ Մարատ Խաչիկյանը գտնվել է իրավապահ մարմինների վերահսկման ներքո՝ չի արձանագրվել, հետեւաբար, պաշտպանական կողմը պնդում է, որ նման ենթադրություններն ի սկզբանե անհիմն էին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2023