Հարցազրույց բազմաշնորհ ԶավՕՍ-ի (Զավեն Օհանյանի) հետ
– Ինչպես ծնվեց քո «Թերեզան» վիպակը:
– Մի պահ այնպես ստացվեց, որ արտագնա աշխատանքի մեկնեցի Մոսկվա, ու մի օր իմացա, որ մայրս քաղցկեղ ունի: Այդ պահը շատ ծանր տարանք, բժիշկն էլ ասել էր, որ ժամանակը շատ կարճ է: Ինձ մոտ սկսեցին կարոտային բաներ առաջանել, ու սկսեցի գրել…Սկզբում գրեցի «Գիլածնուկ» պատմվածքը: Գիլածնուկն այն է, երբ ամռանը կամ աշնանը կապույտ երկինքը միանգամից մթնում է ու անձրեւ է գալիս: Չգիտես ինչու, մայրիկիս հիվանդության լուրը հենց դրա հետ ասոցացվեց: Հետո տեսա, որ մի պատմվածքի մեջ չեմ կարող ամեն ինչ ամփոփել, ներկայացնել, ու այդպես մի քանի պատմվածքներ ու հուշեր միախառնվեցին, եւ դարձան վիպակ: Վիպակը սկզբում վերնագիր չուներ: Իսկ ինչու հենց մայրիկիս հետ ասոցացրի, որովհետեւ այն վատ տարիներին հայրս էլ է գնացել արտագնա աշխատանքի, բայց մայրս ապրումները, սպասումները ցույց չէր տալիս… Մայրս ֆիզիկայի ուսուցչուհի էր ու շատ լավ դասղեկ: Անընդհատ հիշում եմ, թե ինչպես էին բոլորը ցանկանում, որ ընկեր Մոսինյան Մանիկը լինի իրենց դասղեկը: Նա իր անձնական դարդ ու ցավը դպրոցում ցույց չէր տալիս, ու բոլորին թվում էր, թե շատ անհոգ մարդ է, ամուսինը Ռուսաստանում է, տղերքը՝ բանակում, Զավենն էլ կահույքի արտադրամասում է աշխատում, ուրեմն ամեն ինչ լավ է: Բայց ես հիշում եմ իր այն ժամանակվա ապրումները: Ու շատ պատահական մի օր տեսա նրան մատուռի մոտ ծնկած աղոթելիս…Երբեւէ չէի մտածել, որ մայրս կծնկի ու կաղոթի: Այդ ամենը մեջս կուտակվեց, բնականաբար, հայրիկիս չէի մեղադրում, որ մամայիս թողել է ապրումների բեռի տակ, քանի որ շատերի մայրերն են այդպիսին:
Ինչ վերաբերում է վիպակին, նրա յուրահատկությունն այն է, որ անիրական է, բայց ունի իրական կերպարներ: Սյուժեն անիրական է, կապ չունի իմ նշած այս ամենի հետ, ես եմ մտածել ու հավաքական կերպարներ ստեղծել: Թերեզան վիպակում աղջիկ է, բայց նա ես եմ: Ես մտածում էի, որ կգնա ինքնասպանության, բայց երբ հղի է լինում, դառնում է մարդասպան, ոչ թե ինքնասպան: Ես մտածում էի, թե որ դեպքում աղջիկը կդիմի ինքնասպանության, դրա համար ստեղծեցի այդ կերպարը, ու սա դարձավ վիպակ, որի անիրական աշխարհում կան իրական կերպարներ: Ժամանակին, երբ մի աղջիկ վիպակիս սեւագիրը կարդաց, լաց եղավ, ասաց, որ իր կյանքի մասին եմ գրել, ո՞վ է այս ամենն ինձ պատմել: Ես իրեն ասացի, որ այդ ամենը իմ մտքի արդյունքն են, մտածել եմ, թե որ դեպքում աղջիկը նման քայլի կգնա: Ի դեպ, այդ աղջկա անունը Թերեզա էր, դրա համար էլ վիպակս էլ վերնագրեցի «Թերեզա»:
– Նկարելն օգնո՞ւմ է գրելիս՝ ասելիքն ավելի պատկերավոր ներկայացնելու համար:
– Ճիշտն ասած, չգիտեմ՝ նկարե՞լն է օգնում գրելուն, թե գրելը նկարելուն: Համենայնդեպս, երբ սկսել եմ գրել, ու 2006թ.-ից էլ տեսախցիկի հետ եմ աշխատում, այդ տեսարանները որպես օպերատոր եմ նայել, ինձ համար ավելի հեշտ է դառնում այս կամ այն տեսարանը նկարագրելը: Երեւի օգնում է, չգիտեմ: Ես ամեն ինչ գույներով ու խորությամբ եմ տեսնում…
– Ի՞նչ է գրելը քեզ համար՝ հոբի, ինքնարտահայտման միջոց, գաղջից կտրվելու հնարավորություն…
– Գրելն իմ ապրելու մի ձեւն է, իմ աշխարհներից մեկն է, որի մեջ ես ինձ ազատ եմ զգում…Ինչքան հիշում եմ, փոքր ժամանակ էլ, երբ լույս չկար, երկու ժամ էին լույս տալիս, շենքի երեխեքը ձայն էին տալիս՝ Զավ, կգա՞ս մի բան պատմես: Ու ես բաներ էի հնարում, որտեղ ամենքի գլխավոր հերոսը ես էի… Հիմա կասես՝ փաստորեն սուտասան ես, չէ, սուտասան չեմ, դա սուտասանություն չի, դա հրաշք աշխարհ է, երբ կարողանում ես երեւակայությանդ զոռ տալ, ինձ համար առանց երեւակայության մարդը սառնարան է, հեռուստացույց, մեքենայի անիվ է: Գրելը կարող է նաեւ հոբի լինել, որովհետեւ կարող եմ մետրոյում գրել, աշխատանքի կամ հարսանիքի ժամանակ… Ինչ խոսք, համ էլ արտահայտվելու միջոց է, բայց ոչ երբեք ինքնահաստատման, ես անընդհատ եմ ինքնահաստատվում, բայց ոչ հասարակության հաշվին: Ես ինքնահաստատվել եմ միշտ իմ հաշվին, նստել եմ հայելու առաջ, ինչ պետք է՝ ինձ ասել եմ, ինձանից լսել:
– Ի՞նչ արձագանքներ եղան շնորհանդեսից, ինչպես անցավ այդ օրը…
– Շնորհանդեսն անցավ իմ մտածած ձեւով, ինձ տրված էր 30-40 րոպե, շնորհակալություն Խնկո-Ապոր գրադարանին նման հնարավորության համար, ընկերներ, հարազատներ, ֆեյսբուքյան ընկերներ՝ ովքեր կարդացել էին վիպակը, եկան, խոսեցինք: Այնքան խոսեցի, որ հարցեր տալու առիթ էլ չեղավ… Ընթացքում վիպակից օրինակներ վաճառվեցին: Մինչեւ ուշ երեկո սպասեցի, ոմանք եկան երեկոյան: Մի քայլակով աղջիկ հատուկ եկել էր վիպակի շնորհանդեսին, դա ինձ համար պարտավորեցնող էր: Ի դեպ, «Թերեզա» վիպակում հաշմանդամությանն էլ անդրադարձ կա…
– Կա՞ մի թեմա, որին կուզենաս անդրադառնալ, բայց դեռ չի «եռացել» քո ներսում, որպեսզի գրելիքդ սրտովդ լինի..
– Բոլոր թեմաներն էլ իմ մեջ եռում են, երեւի չկա այնպիսի հարց, որ ինձ հուզի, մտածեմ՝ վայ, բա որ գրեմ, էսպես ասեն… Ուղղակի դրա համար ժամանակ է պետք: Հիմա նախ ձայնագրում եմ, հետո հանձնում թղթին, հետո հավաքում համակարգչի մեջ: Ինձ բոլոր թեմաներն էլ հուզում են: Այս պահին զուգահեռ 4 վիպակ եմ գրում՝ «Համր կոշկակարը», «Մեռնող քաղաքի հայելիները», «Թերեզայի որդին» կամ «Եղնախաղաց լեռան ուրվականը» եւ «Մոսկովյան սիրավեպ»: Սրանք բոլորն էլ տարբեր թեմաներ են, տարբեր ժանրերի՝ դետեկտիվից մինչեւ ֆանտաստիկ ու 4-ն էլ «եռման» պրոցեսի մեջ են, ուղղակի ժամանակի խնդիրն է:
– Հնարավո՞ր է առաջիկայում երգիծանկարների ցուցահանդեսդ եւս կայանա:
– Ցուցահանդեսի գաղափարը վաղուց կար, եւ առաջին ցուցահանդեսը չի լինելու: Այս պահին, ինչպես նշեցի, ժամանակի մեջ տեղավորվելու խնդիր ունեմ, որովհետեւ աշխատում եմ նաեւ իմ մյուս վիպակի վրա՝ «Աճպարարի մատանին», որի հիման վրա պիես եմ գրել, մոնոդրամա: Միայն շաբաթ օրերին եմ ազատ լինում: Այս պահին նկարում եմ քաղաքական դեմքեր, իրադարձություններ, սկզբում մտածում էի ապրիլի 1-ին բացել ցուցահանդեսս, բայց չեմ հասցնի, որովհետեւ ուզում եմ առաջին հերթին պիեսս ավարտել: Երեւի աշնանը մի մեծ ցուցահանդես կդնեմ, կարծում եմ՝ կլինի շատ յուրահատուկ ցուցահանդես, ինչպես տարիներ առաջ Ալավերդիի ցուցահանդեսս, որ բացվեց գիշերվա 12-ին՝ ծիծակի թթվով, հաց ու պանրով: Երեւանի ցուցահանդեսն էլ հետաքրքիր կլինի, փակագծեր չեմ բացում: Հնարավոր է միայն ծաղրանկաներ չլինեն, այլ լինեն իմ բոլոր նկարները;
– Կա՞ մի հարց, որ կուզենայիր քեզ ուղղեի:
– Ծիծաղելի կթվա, բայց կուզենայի ինձ հարցնեիր, թե ի՞նչ ես դառնալու: Երբ փոքր ես լինում, հարցնում են՝ ինչ ես դառնալու, հետո գալիս է մի տարիք, մտածում են՝ դարձել են: Բայց ինձ մոտ այդպես չի: Ես ամեն օր, ամեն տարի ինձ հարցում եմ՝ Զավեն, ի՞նչ ես դառնալու: Օրինակ, այս պահին ես լավ գարեջրագործ եմ, լավ կահույքագործ, դհոլ եմ նվագում, մի քանի տարի շարունակ միջոցառումներ եմ կազմակերպել, ծաղրանկարներ եմ անում, վիպակներ ու սցենարներ գրում: Այդ հարցը տվել են ինձ 1995 թ.: Երբ դպրոցն ավարտում էի, դպրոցի տնօրենը բոլորին հարցնում էր, թե ով որտեղ է սովորելու: Հետո երբ երջանկահիշատակ ընկեր Բաբայանը հասավ ինձ, հարցրեց՝ Զավեն, իսկ դու ի՞նչ ես դառնալու, ասացի՝ դառնալու եմ աշխարհահռչակ հայ մարդ: Այդ պահին ծիծաղեցինք, գնաց, հետո, տարիներ անց դարձա Ծաղրանկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ, ծաղրանկարներս տարբեր տեղեր տպագրվում էին, տարբեր ցուցահանդեսների էի մասնակցում: Ընկեր Բաբայանը մի միջոցառման ժամանակ բեմ բարձրացավ, ասաց՝ Զավեն, հիշո՞ւմ ես այն պատմությունը, երբ հարցնում էի՝ ինչ ես դառնալու: Փաստորեն, քո խոսքի տերն եղար, մնացածը ոչ մի բանի չհասան: Այն տարիներին մոդայիկ էր, բոլորը միլիցիայի դպրոց էին գնում, մեր դասարանի 6 տղաներից 4-ը միլիցիայի դպրոց էին դիմել, մեկն ուղղակի չսովորեց ու էդ 4-ն էլ գուցե իրենց նպատակներին հասել են, չգիտեմ: Հիմա էլ ամեն օր ես կարող եմ ինձ հարց տալ՝ ինչ ես դառնալու՝ ունենալով լիքը մասնագիտություններ: Այո, ես դառնալու եմ այն աշխարհահռչակ հայերից մեկը, ում մասին աշխարհը կխոսի, ու եթե 8 մլրդից գոնե մեկն էլ կհակվի դեպի լավը, կհետաքրքրվի իմ մտքերով, կհամարեմ, որ իսկապես դարձել եմ աշխարհահռչակ լավ մարդ: Մոտ 70 հատ գրառում ունեմ, դրանք քառատողեր են, ութնյակներ, ու երեւի թե դրանցից մի փոքր գրքույկ կտպագրեմ մորս ծննդյան 70-ամյակին նվիրված:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.03.2023