Լրահոս
Օրվա լրահոսը

«Փլուզումները հիմնականում Հալեպի ծայրամասային թաղամասերում էին՝ նոր կառուցված շենքերի տեսքով»

Մարտ 04,2023 15:00

Փետրվարի 13-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտեց Սիրիայի Հալեպ քաղաքում որոնողափրկարարական աշխատանքները. մասնագետները փլատակներից դուրս են բերել զոհերի մարմիններ։ Փետրվարի 14-ին հայ փրկարարները վերադարձել էին հայրենիք։ «Առավոտը» զրուցել է ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գեւորգյանի հետ։ Նա երկար տարիների մասնագիտական փորձ ունի, մասնակցել է նաեւ Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին։ Արմեն Գեւորգյանը երկրաշարժից տուժած Սիրիա մեկնած փրկարարական խմբի ղեկավարն էր։

Պատմում է. «Օդանավակայանից մեկնել ենք տեղամասեր։ Ուղեկցել է ՏԻՄ մարմնի ղեկավարի տեղակալը՝ տանելով այն տեղամասեր, որտեղ խոշոր փլուզումներ կային եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման փոքր շանս էր առկա։ Այսինքն, մարդկանց փրկելու փոքր հնարավորություն կար։ Առաջին 4-5 օրն աշխատել ենք 24-ժամյա ռեժիմով։ Դա աշխատանքի ամենաակտիվ փուլն էր, հետո աշխատանքը շարունակվել է ավելի փոքր տեղամասերում։ Փլուզումների հետ կապված մասնագիտական կարծիք չեմ կարող ասել, որովհետեւ դա սեյսմոլոգների ասելիքն է, բայց երկրաշարժի ուժգնությունը եղել է եւ հորիզոնական, եւ ուղղահայաց։ Վերջինս ամենաուժգինն էր։ Տեսանյութերում տեսած կլինեք, թե ինչպես են շենքերն իջնում ներքեւ. դա ուղղահայաց հարվածի արդյունք է»։

Հայ փրկարարաների ուսումնասիրած տեղամասերի պատկերն այն է, որ ավերածությունները հիմնականում Հալեպի ծայրամասային թաղամասերում են եղել՝ նոր կառուցված կամ կիսակառույց շենքերի տեսքով։ Արմեն Գեւորգյանն ասում է. «Քաղաքի կենտրոնական մասերում փլուզված շենք գրեթե չենք տեսել։ Բոլոր փլուզումները հիմնական ծայրամասերում էին։ Հայաբնակ թաղամասերում քիչ փլուզումներ են եղել։ Երկու հայ զոհվեց, երկուսը վիրավոր էին՝ բավարար վիճակում։ Ապաքինվում էին»։

Հապելի հայ համայնքի խնդրանքով մեր փրկարարները ազատ հերթափոխից մեկ օր տրամադրել են դասընթաց վարելու համար։ «Մեծ թվով մեր հայրենակիցներ էին եկել։ Խոսքը վերաբերում է մինչեւ երկրաշարժը եւ երկրաշարժի ընթացքում, դրանից հետո քաղաքացիների վարքականոններին։ Նրանք բավականին նոր տեղեկություններ ստացան։ Բոլորի հետ խոսելու առիթ չի եղել, բայց այն, որ դասընթացն արժեքավոր էր, բոլորը համաձայն էին»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հիմնականում հարցնում էին, թե երկրաշարժի ընթացքում ինչ է պետք իրականացնել. «Եթե 4-5-րդ հարկերում են, բնականաբար, դուրս գալ պետք չէ։ Առաջին եւ երկրորդ հարկերում ապրողների շանսերն ավելի մեծ են։ Դրանից վերեւ ապրողներին խորհուրդ կտամ երկրաշարժի ժամանակ չփորձել իջնել, որովհետեւ ամենաշուտ փլուզվող տեղամասերից մեկն աստիճանավանդակն է։ Ավելի լավ է շենքի կրող կոնստրուկցիաների տակ պատսպարվել, դա իրենց կպաշտպանի, դրանք ամենաամուրն են եւ միանգամից չեն փլուզվում։ Տեղեկատվությունը մատուցել ենք տեսապատի միջոցով, հատուկ տեսանյութ էինք այդ նպատակով պատրաստել»։

Հավելենք, որ ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության՝ որոնողական աշխատանքների նպատակով Թուրքիա էին ժամանել 40 երկրների 174 որոնողափրկարարական թիմեր, իսկ Սիրիա՝ 5 երկրների 8 թիմեր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031