Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի հանդեպ, քանի որ «ադրբեջանական նավթի թմրասեղին են նստել». Նաիրա Զոհրաբյան

Մարտ 03,2023 14:43

«Ի՞նչ հայտարարեց Լավրովը Բաքվում. ըստ էության, առանց Հայաստանի, պայմանավորվեցին, որ Խաղաղության պայմանագիրը պետք է 2023 թվականին կնքվի»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովի՝ Բաքու կատարած այցին եւ այնտեղ արած հայտարարություններին: Հիշեցնենք, Բաքվում Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն Արցախին կապող «Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետեր նախատեսված չեն եւ հավելեց, որ կա հնարավորություն` տեխնիկական միջոցներով վերացնել կասկածները, որոնք առկա են առ այն, որ միջանցքն ըստ նշանակության չի գործում: Ըստ տարբեր վերլուծությունների, սա, ըստ էության, վերաբերում է ադրբեջանցիների այն նախապայմանին, որը նախատեսում է միջանցքում ռենտգեն սարքեր տեղակայել ու ՀՀ-ից Արցախ բեռնափոխադրումը վերահսկել: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, ռուսական կողմը պետք է լրացուցիչ պարզաբանի ԱԳ նախարարի հայտարարության այս հատվածը:

Այն պարագայում, երբ ՀՀ-ի «վզից քաշելով» խաղաղության պայմանագիր են պարտադրում, Նաիրա Զոհրաբյանը հարց է հնչեցնում՝ այդ նույն Արեւմուտքը ինչո՞ւ ՌԴ-ին եւ Ուկրաինային չի պարտադրում խաղաղության կնքել: Նրա գնահատմամբ, հավանաբար Արեւմուտքը եւ ՌԴ-ն փոխհամաձայնություն ունեն մեկ հարցում՝ «Հայաստանը ոչնչացնելու» ու այստեղ իր մեղավորությունն ունի նաեւ Հայաստանը, որը չի դիմադրում: ՌԴ-ն, որը Թուրքիայի հետ լուրջ շահեր ունի ու որոնցով էլ պայմանավորված է Հայաստանի զոհաբերությունը, ըստ տիկին Զոհրաբյանի, չի հասկանում, որ զոհաբերելով Հայաստանը՝ ՌԴ-ն կարճաժամկետ կտրվածքով գուցե ինչ-որ բան շահի, բայց երկարաժամկետ հատվածում շատ բան է կորցնելու:

Նաիրա Զոհրաբյանը վերահաստատում է՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթուղթը, որը ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներն են եւ ըստ որի, Արցախը ներառվում է Ադրբեջանի կազմ, համապատասխանում է իրականությանը՝ անկախ նրանից, որ հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանն օրերս իր հարցազրույցներից մեկում դա փորձել էր հերքել: Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է գրազ գալ Էդմոն Մարուքյանի հետ:

Նա նաեւ սկանդալային է որակում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի բացահայտումը՝ իշխող ՔՊ-ական պատգամավորների ներկայությամբ արած հայտարարությունը, որ այն, ինչ բանակցում է Նիկոլ Փաշինյանը՝ ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում: Իշխող ուժի ներկայացուցիչներդ դա չհերքեցին, իսկ Հայկ Մամիջանյանը խոստացավ՝ հերքելու դեպքում կտա եվրոպացի այն բարձրաստիճան ներկայացուցչի անունը, որը նման հայտարարություն է արել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հայ պատվիրակների հետ հանդիպման ժամանակ: Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց այս ընթացքում նաեւ Ադրբեջանից հնչած համանման տարբեր հայտարարություններ, որոնք հայկական կողմը չի հերքել:

Անդրադառնալով ԵՄ քաղաքացիական դիտորդների՝ Հայաստանում երկու տարով տեղակայմանը եւ դրա հետ կապվող հույսերին, տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի հազարավոր խաղաղապահների ներկայությամբ միլիոնավոր ռուանդացիներ մորթվեցին: Նաեւ՝ 1915 թվականին, երբ թուրքերի կողմից մորթվում էին հայերը, Վանում, Էրզրումում եւ այլ նահանգներում էլ ամերիկացի միսիոներներ կային, որոնք արձանագրում էին, թե որ օրը քանի հայ է մորթվել: Նույնը, ըստ նրա, անելու են ԵՄ դիտորդները:

Նաիրա Զոհրաբյանին ապշեցնում է հայկական փորձագիտական դաշտի ամլությունը՝ գերտերությունների, անգամ ՀՀ բարեկամ Ֆրանսիայի, արտաքին քաղաքական ռազմավարական ծրագրերի ֆոնին, որտեղ Հայաստանը դիտարկվում է լավագույն բուֆերային գոտի՝ ՌԴ-ի դիմաց: Նա նկատում է, որ միայն Իրանն է պաշտոնապես հայտարարել, որի արտաքին քաղաքական դոկտրինում կա տարածաշրջանում սահմանների փոփոխելիության խնդիր եւ որը բացահայտ հայտարարում է, որ պաշտպանելու է ՀՀ ինքնիշխանությունը:

Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումների մասին էլ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Նախ ուզում եմ հիշեցնել Ալիեւի երկու տարի առաջ՝ պատերազմից առաջ արած հայտարարությունը, որ հայերին պետք է շների պես քշել Արցախից եւ նրանց Միլի մեջլիսի պատգամավորներից մեկի հայտարարությունը՝ մեկ-երկու տարվա ընթացքում մենք ունենալու ենք Արցախ՝ առանց հայերի, կմնան ծերերն ու կանայք, ում մենք սիրով կնվիրենք Ադրբեջանի կանաչ անձնագրեր: Երեկ ԱԺ ամբիոնից խաղաղության մասին խոսող ՔՊ-ականներին եմ դիմում՝ սրանից հետո դուք ի՞նչ խաղաղության մասին եք խոսում»:

Անդրադառնալով Հաագայի դատարանի վճռին էլ բանախոսը հիշեցնում է, որ Բերձորի միջանցքը բացել Ադրբեջանին կարող է պարտադրել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի հանդեպ, ինչը չի արվում, քանի որ «ադրբեջանական նավթի թմրասեղին են նստել»: Ադրբեջանական իշխանության՝ տարբեր կոռուպցիան «քեյսերին», ի դեպ օրերս ևս մեկն է ավելացել, ինչի մասին ադրբեջանցի ընդդիմադիր պատգամավորներից մեկը հայտարարեց, որ Ալիեւի դուստրը Դուբայում, ադրբեջանցիներից գողացած փողերով գնել է «Սոֆիտել» հյուրանոցների ցանցը՝ մեկ միլիարդ դոլարով. «Բա դրեք դա քննարկեք: Մեզ ձեր բարոյական Ավարայրերը պետք չեն, մենք հոգնել ենք դրանցից, մտցրեք դա ձեր համապատասխան տեղը, կոնկրետ սանկցիաներ կիրառեք Ադրբեջանի դեմ: Դուք գիտե՞ք, որ Արցախում անգամ դագաղներ չեն արտադրվել, գիտե՞ք, թե քանի մարդ է անդագաղ թաղվել՝ փայտերը հարմարացրել են, թաղել են. բա մարդու իրավունքներից եք խոսում: Նավալնու քթից բան է գալիս, Սահակաշվիլին մի հատ դերասանություն է անում՝ CNN-ով ցույց եք տալիս, բա ձեր սրտին ցավ չի՞ սա, ցավ չի՞ որ քանի քաղցկեղով երեխա, Ալիեւի «մեծահոգ» թույլտվությունը պիտի լինի, որ տեղափոխեն Երեւան: ՄԱԿ-ի ԱԽ, դուք կարող եք մի քանի ժամերի ընթացքում՝ հաշվի առնելով Ալիեւի այն հայտարարությունը, որ ասեց՝ Լաչինի միջանցքը մենք չենք բացելու, որովհետեւ բաց է, սանկցիաներ կիրառեք: Ես հիմա դիմում եմ ռուս խաղաղապահներին՝ եթե միջանցքը բաց է, ինձ տվեք երաշխիք, հենց հիմա գալիս ենք՝ Լաչինի միջանցքով անցնում ենք: Ռուս խաղաղապահներ՝ դուք եք Ադրբեջանի հետ միասին, ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, փակել Լաչինի միջանցքը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031