Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու ի՞նչ նախարար ես, իմ տունը քանդեցիր, հիմի էլ մյուսներինը պիտի քանդե՞ս»․ այրվածքներից զոհված Պալյանի հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Մարտ 03,2023 14:19

Սիսիանի դիրքերում՝ 3700 մետր բարձրության վրա, որպես զորամաս տեղակայված վագոն-տնակում հրդեհից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող, Ազատան գյուղի բնակիչ Պալյան Պողոսյանն այսօր բանակից պիտի զորացրվեր։ Հարազատները յոթ ամիս է՝ ոչ մի հստակ պատասխան չունեն դեպքի հանգամանքների մասին, քրեական գործը տեղում դոփում է, ծնողներին ոչ մեկը չի ընդունում ու նրանց բազմաթիվ «ինչուներին» չեն պատասխանում։

Այսօր զոհված զինվորի հարազատ-բարեկամները՝ ի նշան բողոքի, փակել էին Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը՝ վարչապետից և պաշտպանության նախարարից պահանջելով գալ Ազատան։

Ճանապարհը բացելու հորդոր ներկայացնող ոստիկաններին ի պատասխան՝ Պալյան Պողոսյանի մայրը՝ Գալյա Այվազյանն, ասում էր․ «18 տարի թագավոր եմ պահել, տվել, պետությանը, ո՞ւր է իմ երեխեն։ Ծնողին լսելու ընդունակություն չունեն իրենք, որ հարց տաս, պատասխանեն քո հարցին։ Ես ընդամենը հարց ունեմ, ես ոչ մեկին չեմ վիրավորում, դու եթե ի վիճակի չես իմ հարցին պատասխանելու, ինչո՞ւ ես պաշտպանության նախարար, էսօրվա օրը ձևականորեն ելել-ընկել ես զորամասերը, ժողովրդի աչքին թո՞զ ես փչում, իմ տունը քանդեցիր, հերթով մյուսներին էլ կքանդե՞ս»։

Հարազատները հարցնում էին․ «Մի ղեկավարի երեխա կա՞, ժողովո՛ւրդ, որ էսօր պառկած է մեր երեխեքի կողքը»։

Նրանք քննադատում էին վարչապետին։

«Հլը վարչապետի երեխան լիներ, սամալյոտ չէր ճարվի՞․ 9 ժամ մեր մինուճար տղան այրված մնացել է չոլի մեջտեղում, դրա համար էլ չփրկվար»,-արտասվում էր տատիկը։

Պալյան Պողոսյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանն, էլ նեղվեց․ «Վերին աստիճանի անտարբերություն, կարծես ոչինչ չի եղել, այսօր իմ երեխես տուն պիտի գար, քրեական գործը տեղից չի շարժվում։ Իմ բողոքը Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի դեմ է, էս երկուսը պիտի պատասխան տան, իրենք պիտի դատվեն։

Նիկոլ Փաշինյանը իր երթը էստեղից է սկսել, էստեղից էլ պիտի ավարտի, ես խոստանում եմ։ Սուրեն Պապիկյանից զանգի եմ սպասում, էդքան խնդրեցի, չհանդիպեց իմ հետ, անմարդկային վերաբերմունք է։

Ոչ մեկը չի կարող իմ դիմաց կանգնի, հենց Սուրեն Պապիկյանը պիտի պատասխան տա՝ ինչո՞ւ էսօր իմ երեխեն տուն չի գալիս, որպես Հայաստանի քաղաքացի՝ ես քեզ էսքան ժամանակ խնդրել եմ, ասել եմ՝ եկեք հանդիպենք, հասկանամ ի՞նչ է եղել, իմ երեխեն պոստի վրա է եղել, ծնողին բացատրություն չտաք՝ ի՞նչ է եղել»։

Հարազատները ճանապարհը բացեցին մի պայմանով, որ իրենց հետ կապ կհաստատի պաշտպանության նախարարը ու կպատասխանի հարցերին։ Ըստ նրանց, եթե պատասխանը չգոհացնի, դարձյալ կփակեն ճանապարհը։

Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ի գիշերը քնած ժամանակ։ Զինծառայողը վառարանից բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել, ինչի հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր։

Մայրը պատմում էր, որ որդու մարմնի 60 տոկոսն այրված է եղել, 20 տոկոս էլ՝ շնչուղիները։

Պալյանը ողջ գիշեր սառնամանիքին այրված մարմնով դուրսն է նստել մինչև լուսաբաց, առավոտյան ժամը 6-7-ի սահմաններում նոր բժշկական օգնություն են ցուցաբերել։

Զորամասում ոչ մի ցավազրկող չի եղել, նույնիսկ կապ էլ չի եղել, որ օգնության կանչեին։

Լուսաբացին նոր միայն խորը այրվածքներ ստացած զինվորին «Վիլիսով» հասցրել են Սիսիանի հոսպիտալ, ցավազրկելուց հետո տեղափոխվել մայրաքաղաք՝ Այրվածքաբանական կենտրոն, որտեղ որդին 10 օր անց մահացել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031