Քովիդ-19-ը բազմաթիվ «շտկումներ» կատարեց մեր կյանքում՝ ստիպելով կարևորել շատ երևույթներ, որոնց մասին նախաքովիդյան շրջանում մենք առանձնապես չէինք էլ մտածում․ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք բազմաթիվ առիթներ ունեցանք «հիշելու», որ առանց թթվածնի պարզապես կյանք չկա ու շտապեցինք գնել այն փոքրիկ սարքը, որի շնորհիվ կարող ենք վերահսկել օրգանիզմում թթվածնի մակարդակն ու ըստ անհրաժեշտության միջոցներ ձեռնարկել։
Թթվածինն օրգանիզմի համար կենսական անհրաժեշտություն է։ Այն կարևորագույն դեր ունի առողջության համար և պատասխանատու է օրգանների արդյունավետ կենսագործունեությունից մինչև բջիջներն էներգիայով ապահովելու համար։ Կարող ենք վստահ ասել, որ թթվածինը կարևոր է մարմնի բոլոր բջիջների համար։
Երբ մարդը շնչում է, թթվածինը ներթափանցում է թոքեր, այնտեղից էլ հայտնվում է արյան հոսքում՝ տեղափոխվելով հեմոգլոբին սպիտակուցի օգնությամբ, որը գտնվում է էրիթրոցիտների կազմում։
Ո՞րն է համարվում արյան մեջ թթվածնի նորմալ մակարդակ
Կարդացեք նաև
Արյան մեջ թթվածնի նորմալ մակարդակը տարբեր մարդկանց մոտ կարող է մի փոքր տարբերվել, սակայն այն սովորաբար տատանվում է 95% -ից 100%-ի սահմանում։ Այդ սահմանը սովորաբար մատնանշում է թոքերի կանոնավոր աշխատանքը։ Դա նաև ցույց է տալիս, որ մարմնի այլ հատվածներում ևս՝ օրգաններում և հյուսվածքներում թթվածնի մակարդակն օպտիմալ է։ Արյան մեջ թթվածնի ցածր մակարդակն անվանում են հիպoքսեմիա (թերթթվածնարյունություն), իսկ հյուսվածքներում թթվածնի անբավարար մակարդակը՝ հիպօքսիա (թթվածնաքաղց)։
Ո՞րն է համարվում թթվածնի ցածր մակարդակ
94%-91% ցուցանիշը սահմանային է համարվում, 91 % և ավելի ցածրը՝ համարվում է թթվածնի ցածր մակարդակ։
Արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի հիմնական ախտանշաններն են՝
- շնչահեղձություն,
- արագաշնչություն,
- սրտի զարկերի արագացում,
- մաշկի կապույտ երանգ, կապտած շրթունքներ,
- գլխացավ,
- շփոթություն,
- անհանգիստություն և այլն։
Արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի մասին խոսող այս ախտանշանները բժշկական օգնության դիմելու ցուցում են, քանի որ չբուժվելու դեպքում դրանք կարող են վտանգավոր դառնալ կյանքի համար:
Որո՞նք են արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի առաջացման պատճառները
Փորձագետների կարծիքով, թթվածնի ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է թոքերի որոշ հիվանդությունների պատճառով առաջացած օդափոխության հետ կապված խնդիրներով։ Արյան մեջ թթվածնի ցածր մակարդակը կարող է մի շարք խնդիրների ցուցանիշ լինել, այդ թվում՝
- Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն,
- ասթմա,
- թոքերի մի շարք հիվանդություններ, թոքային ֆիբրոզ, թոքային հիպերտենզիա և այլն։
Վիրուսային և բակտերիալ վարակները, ինչպիսիք են թոքաբորբը կամ բրոնխիտը, նույնպես կարող են արյան մեջ թթվածնի մակարդակի նվազեցման պատճառ դառնալ։ Որոշ դեպքերում սրտի հիմնական հիվանդությունը կարող է առաջացնել թթվածնային անբավարարություն հյուսվածքային մակարդակում։ Սրտային անբավարարությունը՝ վիճակ, երբ սիրտն անկարող է իրականացնել օրգանիզմի կարիքներին համապատասխան արյան շրջանառություն, նույնպես կարող է հանգեցնել արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի։
Երբ արյան մեջ թթվածնի մակարդակը նվազում է, չափազանց կարևոր է բացահայտել ու վերացնել հիմնական պատճառը։ Որոշ դեպքերում կարող է նշանակվել թթվածնային թերապիա, սակայն բուժումը կախված է հիմնական պատճառից։ Քանի որ լրացուցիչ թթվածինը կարող է արդյունավետորեն բարձրացնել արյան մեջ թթվածնի մակարդակը, բայց չի վերացնի հիմնական պատճառը։
Ինչպե՞ս չափել արյան մեջ թթվածնի մակարդակը
Արյան մեջ թթվածնի մակարդակը կարելի է չափել մի քանի եղանակով՝ անգամ տնային պայմաններում։
Պուլս-օքսիմետր
Զարկերակային օքսիմետրիան արյան մեջ թթվածնի մակարդակը ստուգող առավել տարածված եղանակն է։ Այն իրականացվում է հատուկ սարքի միջոցով, որը տեղադրվում է պացիենտի մատի վրա և երկու տարբեր երկարությամբ՝ ինֆրակարմիր ու կարմիր ճառագայթներ է լուսարձակում, որոնք չափում են արյան մեջ թթվածնի մակարդակը։
Այս մեթոդը թույլ է տալիս վայրկենապես իմանալ արյան հոսքում թթվածնի ցուցանիշը, ինչպես նաև կենսականորեն կարևոր այլ տվյալներ, օրինակ՝ սրտի զարկերի հաճախականությունը։ Սակայն պուլս-օքսիմետրը երբեմն կարող է սխալվել․ եղունգների լաքը, մաշկի ավելի մուգ երանգը կամ թեստն անցնելու ընթացքում շարժվելը կարող են սխալ պատկեր տալ։
Լաբորատոր պայմաններում իրականացվում է արյան գազերի անալիզ, որն ավելի ճշգրիտ արդյունք է ապահովում՝ թույլ տալով ստանալ լրացուցիչ տեղեկություններ արյան մեջ ածխաթթու գազի մակարդակի, pH-ի և այլնի մասին։
Վերոհիշյալ եղանակներից զատ կարող են կիրառվել վիզուալիզացիայի մեթոդները (ռենտգեն, ՀՏ), թոքերի գործառույթի թեստը և այլն։
Ե՞րբ չափել արյան մեջ թթվածնի մակարդակը
Մարդիկ հիմնականում կարիք չունեն թթվածնի մակարդակի կանոնավոր մոնիթորինգ իրականացնելու, սակայն որոշ դեպքերում կարևոր է թթվածնի մակարդակի վերահսկումը․ դրանք են՝
- Վիրուսային ինֆեկցիաներ, քովիդ-19 և գրիպ,
- թոքերի հիվանդություններ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և ասթմա,
- սրտի հետ կապված խնդիրներ, կանգային սրտային անբավարարություն։
Ե՞րբ դիմել բժշկին
Դժվարաշնչությունը շատ դեպքերում այս խնդրի հիմնական ցուցանիշներից մեկն է, սակայն ոչ բոլորի մոտ է այդ ախտանշանը դրսևորվում։ Թոքերի քրոնիկ հիվանդություններ ունեցող որոշ պացիենտներ շնչահեղձություն չեն ունենում, քանի որ սովորում են թթվածնի ցածր մակարդակին։
Դրանից բացի, փորձագետները նկատում են, որ թթվածնի նորմալ մակարդակը կարող է տարբեր մարդկանց մոտ տարբեր լինել, օրինակ՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն ունեցող մարդու մոտ կարող է 88% – 92% տոկոսը նորմալ լինել, իսկ լրացուցիչ թթվածնային թերապիան կարող է վնասել նրան։ Սակայն առողջ, չծխող մարդկանց դեպքում այդ մակարդակը ցածր է համարվում և թթվածնի անբավարարության ախտանշանների ի հայտ գալու և 94 տոկոսից ցածր սատուրացիայի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին՝ հիմնական խնդիրը վերացնելու և թթվածնի մակարդակը կարգավորելու համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից