Արցախ 35. Պայքարը շարունակվում է
Աշունը թառել է ճյուղին ու աչքը ճամփին սպասում է… քանզի աշնան մեջ սպասումը շատ է՝ անձրևի տեսքով: Աշունը թառել է ճամփին ու թրջվել է սպասումից: Մնաց գան… Անձրևը Աստծու աչքերից թափվում է ցած` թրջելով և՛ ներսը, և՛ դուրսը: Խոտերին խուտուտ է տալիս, հետո ճզմում է նրանց միջի հյութը, առնում է հոգին: Հոգին նյութն է: Ո՞ւմ է պետք աննյութ մարմինը: Անձրևը թրջում է ճամփաները, որոնք երբեք նման չեն լինում իրար: Մեր մանկությունը կարոտ էր` կյանքով լցված, խաղաղությամբ պարզաջրված: Թվացյալ երազով լցված, որ միայն երեխաներն են ունենում: Մեծացանք և պարզաջրված խաղաղությունից մնաց «պատերազմ» բառը: Այսպես հասած նռան նման ճաք տվեցինք ու հատիկ-հատիկ ընկանք գետին: Աշունը ուշաթափվեց` ճանապարհին թառած: Աշունը` ճամփին թառած, սպասում է, որ կգան: Աշունը հիվանդացավ սպասումից: Արյունոտվեցինք, արցունքոտվեցինք, ճզմվեցինք ու կորիզահան եղանք: Մեծացանք, ծերացանք, հիվանդացանք` դառնալով կիսաոտ, կիսաթև, կիսասիրտ, կիսակյանք… Մեր մանկությունը լցված էր հավատով: Երբ մեծացանք, հավատը մաշվեց, քրքրվեց, և մենք դարձանք անհավատ: ՈՒ յուրաքանչյուրի մահը դարձավ մեր մահը: Այսքան մեռնել կլինի, որ մենք ենք մեռնում: Այսքան ապրել կլինի, որ մենք ենք ապրում: Հիշում ես Համլետի «Լինել, թե՞ չլինել»-ը: Փորձում ես ազնիվ լինել քեզ հետ ու ընտրում ես «թե»-ն`փախչելը: Բայց ո՞ւր… չէ՞ որ բոլոր ճանապարհները հայրենիք են բերում: Ձյուն գար ու ձեր ոտնահետքերը երևային վրան… Իսկ աշունը ճոճվում էր ճյուղին` աչքը սպասումով: Ճյուղը բարակ է, տերևներ էլ չունի: Այնպես չլինի, որ կոտրվի: Աստված կպահի՛…
Ամեն ինչի մեջ կա սպասումը: Ես իմ ծնունդը հաշվում եմ իմ ժողովրդի ծնունդով. հետևաբար ես իմ ժողովրդի տարիքին եմ: Նրա նման ես էլ սպասում եմ ինչ-որ լավ բանի: Համբերության բաժակը լցվել է, իսկ համբերությունը սպասում չէ… ժողովուրդը, ազգը պիտի գժվի, որ հաղթանակ տանի: Թե չէ խելոք մարդուց օգուտ չկա: Խելոքը կենդանին է, որը խելոք պիտի կատարի: Համեստությունը խելոքություն չէ: Համեստությունը առաքինություն է, բայց ոչ ցուցամուլություն: Գուցե իմ ժողովուրդը համեստ է: Նրա հողի համն ու հոտը պտղի մեջ է: Կյանքն ու ապրելը հողի մեջ է: Կյանքը փոշիացել է հողում: Կյանքը մեռել է անժամանակ, ժամանակը մոլորվել է իր ոլորաններու և փորձում է նորից ծնվել մանուկների աչքերում: Կյանք գումարած մահ հայերեն նշանակում է անմահ ապրել: Կյանքս քո կյանքի դիմաց հավասար է ապրել կիսատ-պռատ: Կյանք գումարած ապագա հավասար է ապրեցնել: Հետևաբար պետք է ապրել`ապրեցնելու համար: Թե չէ մեր ապրելը էլ բանի նման չի լինի: Իմ սիրտ, իմ հայ, իմ ծնող, իմ որդի ապրիր համբերությամբ, բայց ջրախեղդ չլինես քո ծով համբերության մեջ: Իմ ուսուցիչ, իմ ուժ, իմ հայ, իմ սեր ապրիր խաղաղությանդ մեջ`արժեքդ չկորցնելով: Քո թվացյալ խաղաղությունը թող չխաղաղեցնի քեզ: Քո խաղաղությունը խաղաքար է աշխարհի ձեռքին: Մեղավորը դու չես, բախտդ է մեղավոր:
Մատներիցդ հողի հոտ է գալիս: Այն հողի, որը բոլորիս ծնեց: Այն ազգը, որը պաշտպանվել չգիտի, ապրել չի կարող: Նրանք ծաղիկներ էին/ես նրանց դեղնակարմիր ծաղիկներ եմ անվանում/, որ դուրս էին եկել հեքիաթից: Նրանք չվախեցան հավատալ հեքիաթին, մինչդեռ գնացողը գնաց, փախչողը փախավ, ստորը բացահայտեց իրեն: Ամեն օր դու բացահայտում ես քեզ: Հայ ես, ինչ արած: Մատներիցս հողի հոտ է գալիս: Ու ապրելն դառնում է դժվար: Ով հոտառություն չունեցավ, նա կապրի: Մենք սիրում ենք մեր երևակայական հայրենիքը, բայց մեր տղաներին այլ երկրներ ենք փախցնում: Մենք ապրում ենք մեր հայրենիքում՝ հույսներս դնելով ուրիշի տղաների վրա: Հայ ենք, ի՜նչ արած: Հայրենիքը վանկատելով չեն սիրում: Վանկատեցինք, որ միայն առաջին վանկ մնաց մեզ: Հայրենիքը գոռալով չեն սիրում, իրար միս ուտելով չեն պաշտպանում: Բոլորս էլ մահկանացու ենք: Միայն հայրենիքի համար կյանքը տվածներն են հիշվելու: Բոլորիս մատներից է հողի հոտ գալիս:
Կարդացեք նաև
Մի ՛ տողադարձեք «ազատություն» բառը: Լուսանցքին հասաք, անցե՛ք: Ազատությունը սահման չպետք է ունենա: Այն մեր արյան մեջ պետք է լինի: Մինչդեռ մեր արյան կեսը ջուր է` պղտոր ու տիղմոտ: Թռիչքից առաջ, վայրէջքից առաջ չափի՛ր սահմանդ: Թռի՛ր, ճախրի՛ր, քեզ պատեպատ ծեփիր, քեզ քարեքար տուր, քանզի նրանց պաղ շիրիմներն են ազատությանդ գինը: Քո ուղին նույնն էր երեկ, նույնն է այսօր, նույնն է լինելու վաղը: Արծվի տեսողությամբ է սահմանդ չափվում: Թռեք`վայրէջքի մասին չմոռանալով:
Մի՛ տողադարձեք «ազատություն» բառը: Տանս մեջ հյուր եմ: Տանս մեջ տանս չեմ: Ազատությունս ազատություն չէ: Ազատությունս իմը չէ, ձերն էլ ձերը չէ: Ոչ կարգին ուրախանալ է լինում, իսկ տխրությանը արդեն սովորել ենք: Էլ կարգին տխրել էլ չի լինում: Կատարյալին ենք ձգտում: Իսկ կատարելությունն ավարտն է: Մի՛ տողադարձեք «ազատություն» բառը: Ձեր թռիչքն ու վայրէջք չկատարելն մեզ կյանք պարտադրեց, մեր ապրելը պայքարել պարտադրեց: Ազատությունը ձեր կերած կաթի մեջ պետք է լինի… Սպասելը լավ բան չէ, ուշացած եկե՛ք… Ծառը պետք է ուժեղ լինի ու կռվի իր հիվանդության դեմ: Մեզ ճղակոտոր են արել ու մեր ցավը ծառից ծառ: Ինչպես ծնողիդ ու երեխայիդ ես սիրում, այնպես էլ պիտի հայրենիքդ սիրես: Հայրենասիրությունը մենակ հողդ սիրելը չէ. գաղափարն է կարևոր, որը չի արժեզրկվել և չի էլ արժեզրկվի երբեք: Խենթերն են, որ ապրեցնում են ազգին ու մեզ: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվեր աշխարհում, եթե ազգովի խենթանայինք: Երկրագունդը չէր դիմանա: Ինչքան կորցնես, էլի քեզ պահողը հայրենիքդ է: Բայց հայրենիքը կորցնելուց հետո էլ ոչինչ չունես կորցնելու: Կդառնաս ոչինչ: Դու չկաս և չէիր էլ եղել: Հայրենիքդ, նրա գոյությունը, ուր էլ գնաս քեզ ապահովության զգացում է փոխանցելու: Հայի բոլոր վախերը կապված է նրա հետ: Վայը մեզ տարավ, եթե մեր վախը դառնա հավաքական: Վախից սկսվում է փախեփախը, առուծախը: Փախչել ինչի՞ց… հայրենիքից: Փախչել ումի՞ց… ինքդ քեզանից: Հայրենասիրությունը մասնագիտություն չէ: Այն ազգի բոլոր գիտությունների հիմքն է: Պիտի սիրես, որ ապրես: Պիտի սիրես, որ ապրեցնես: Քանզի ամեն ինչի հիմքը սերն է: Նրանով կարող է օժտված լինել այն ազգը, որը դարերի պատմություն ունի, դարերում գոյատևելու խնդիր ունի: Հայրենիքդ է, որ իբրև վերջին շունչ դուրս է գալիս բերանիցդ ու դու դառնում ես հող, հայրենի հող:
Մեր պատերազմը միայն մերն է: Ոչ մեկինը չէ: Ամեն ինչի հիմքը հավատն է, հույսը, համախմբումը: Դեղնակարմիր ծաղիկները դիմանում են, խոնարհվում: Մինչդեռ մեր միջի ատելությունը կործանում է մեզ`վերածվելով թշնամանքի: Ատելությունը միշտ ուժ է տվել մարդուն, մերը ատելություն չէ, մերը թշնամանք է: Մեր թշնամանքը կործանում է մեզ, մինչդեռ ամեն օր մի ծաղիկ է հանձնվում հողին: Դարերից եկած երկիրը մարդաթափվում է, արժեզրկվում է, տերևազրկվում: Հայը հայի միս է ուտում, հայը հայի թշնամին դառնում: Մեր թուլությունն է մեր պարտության պատճառր, մեր միջի հային կորցնելը, մեր հայրենիքը անհայ թողնելը, մեզ անհայ պահելն է մեր ամեն ինչի պատճառը: Դեղնակարմիր ծաղիկներն են, որ հայ են ծնվում և հայ մեռնում: Երբևէ գնացել եք թռչող ափսեի ետևից: Խենթերը գնացել են, խենթերի խենթությունից ենք ապրում մենք: Ամեն ինչ տեսանք, ապրեցինք, բայց իրար սիրել, ներել, հանդուրժել չսովորեցինք: Մինչդեռ դեղնակարմիր ծաղիկները կռվել ու կռվում են մինչև վերջ:
Եվ չարձագանքեց ոչ ոք… Իմ կյանքը քո կյանքի դիմաց: Ապրի՛ր: Իմ սիրտը քո սրտի դիմաց: Ապրի՛ր: Իմ լույսը քո լույսի դիմաց: Լո՛ւյս տուր: Իմ սերը քո սիրո համար: Սիրի՛ր: Ապագաս ձեռքերիդ մեջ, ուսերիդ դրված, վզիցդ կախված: Պայքարի՛ր: Անցյալում մանուկ էի, իսկ ներկայում մի տեսակ ծերացա: Ծերացած ու որբացած դարձանք: Անցյալում ես ես էի, իսկ ներկայում չգիտեմ էլ`ով եմ: Անցյալում հոգսեր ունեի, իսկ ներկայում հոգսաշատ եմ դարձել: Քո ներսից է փրկությունդ լինելու: Պայքարի՛ր: Մենակ հավատը քիչ է: Եթե չպայքարես հավատդ հավատ կմա, երազանքս՝ երազանք: Երեկը իմն էր, իսկ այսօրն ու վաղը քոնն են: Երեկվանից ես բան չհասկացա, իսկ դու պիտի դասդ լավ սովորես: Քանզի չսովորած դասը միշտ նույնն է լինում: Որ ուսուցիչն է դասը փոխում, երբ աշակերտը չի սովորում: Պատմությունն նույն է, քանզի մենք պատմության դասերը չենք սովորում: Եվ չարձագանքեց ոչ ոք… Տեսան, մասնակցեցին ու լռեցին: Խաղադրույք կատարողի պես: Աշխարհը մեծ խաղատուն է, իսկ մենք խաղալ չգիտենք: Մեզ մոտ ամեն ինչ հավատ է: Հավատացինք խաղին` խաղատան դռանը կանգնած: Մաս–մաս արեցին ինձ ու քեզ: Ու լույս են տալիս դեղնակարմիր ծաղիկները` կյանքով լեցուն: Երբ միախառնվում են ցավն ու ուրախությունը, կյանքն ու մահը, ապրելը դառնում է ցանկալի անհրաժեշտություն: Ապրել հանուն անցյալի, ապրել հանուն ներկայի: Ապրեցնողը լինում է նա, ով ծնվել է: Կորցրածի և ստեղծածի սահմանագիծն էլ դառնում ներկան`իր ապրելու նախապայմանով: Ասում են`մեր երկիրն ամենից խենթերին է ծնում, ամենից համարձակներին ու քաջերին: Առյուծներ է ծնում: Ո՞ր հայն է վախենում մահից… Ասում են՝ հայ մայրերը աշխարհին խաղաղություն պարտադրող մայրերն են, հողն ապրեցնող մայրերն են: Ո՞ր մայրն է ապրում առանց երեխա:
… Իսկ դու ապրիր, քանզի ներսիցդ է գալու քո փրկությունը:
Սիրեցե՛ք զմիմիանս և զհայրենի, քանզի պայքարդ շարունակվում է, երեսունհինգամյա Արցա՛խ…