Փետրվարի 27-ից՝ աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզ,Դիլիջան քաղաք։ Դիլիջանի համայնքապետարնում պատվիրակները հանդիպել են ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին,Դիլիջանի և Իջևանի համայնքապետերին։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԱԺ Հայաստան–Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն իր խոսքում բարձր գնահատեց 2022 թվականի հունիսին Դիլիջանի պատվիրակության՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած այցը և շնորհակալություն հայտնեց Պետանժ քաղաքում ջերմ ընդունելության և բարեկամական հարաբերությունների հաստատման համար:
Ջունա Բերնարդը նշեց, որ հայերն ու լյուքսեմբուրգցիները շատ ընդհանրություններ ունեն։ «Մեր խորհրդարանը մշտապես աջակցում է Հայաստանին. ուրախ եմ, որ այսուհետ մենք կապված ենք նաև նոր համագործակցություններով»,-նշեց Բերնարդը:
Պատվիրակությունն այցելեց նաև Դիլիջանի թիվ 1 դպրոց, որի բակը և առաջին մասնաշենքը 2006 թվականին հիմնովին վերակառուցվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ֆինանսական աջակցությամբ:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ