«Շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք խմբի առաքումը Լաչինի միջանցք, Լեռնային Ղարաբաղ միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար»,-Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը :
Նա անդրադարձավ փետրվարի 22-ին միջազգային արդարադատության դատարանի՝ իրավաբանորեն պարտավորեցնող որոշմանը, որով պարտադրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների եւ բեռների երկկողմանի անխափան տեղաշարժը:
«Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին քայլեր ձեռնարկել՝ ապահովելու դատարանի որոշման անհապաղ իրականացումը: Կարեւորում ենք Գերմանիայի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշպանության, համամարդկային արժեքների պահպանման երկրի՝ հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունության, խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-ասաց Փաշինյանը: