Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ լիազորված չեն քաղաքական հարցեր քննարկել․ տեխնիկական, մարդասիրական բնույթի հարցեր են քննարկվել»․ Դավիթ Բաբայանը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման առիթով

Մարտ 02,2023 21:21

«Այդ հանդիպման ընթացքում  քննարկվել են տեխնիկական, մարդասիրական բնույթի հարցեր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուսական կողմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը, վստահեցրեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ ադրբեջանական կողմի բանագնաց Ռամին Մամեդովը նշել էր, թե քննարկման թեման «Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու հարցերն ու հնարավորություններն էին, մարտահրավերները, որոնք խոչընդոտում են այդ շրջանում խաղաղության հաստատմանը»։

Դավիթ Բաբայանը վստահեցրեց․ «Սա քաղաքական հանդիպում չէ, քաղաքական հարցեր չեն քննարկվել, ուղղակի քննարկվել են մարդասիրական և ենթակառուցվածքային հարցեր՝ այն է գազամատակարարման՝ անխափան լինելը, էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնումը, որը խափանվել է Ադրբեջանի կողմից, ճանապարհի հետ կապված հարցեր։ Եվ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ է այդ ամենը տեղի ունեցել»։ Մեր հարցին՝ ադրբեջանական կողմն ապատեղեկատվությո՞ւն է տարածում, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Պատկերացրեք բանակցություններ և Ադրբեջանը, որն ունի իր յուրահատուկ ոճն աշխարհաքաղաքական պայքարի։ Հիմա պատկերացրեք քննարկվում են ենթակառուցվածքային հարցեր։ Իրենց կողմից մի մասնակիցը վեր է կենում և ասում է՝ մենք համարում ենք, որ դա վերաինտեգրում է։ Մենք էլ ասում ենք՝ էս հարթակը նման քննարկման հարթակ չէ։ Նրանք հարցը այդպես են բարձրաձայնում, մենք ասում ենք՝ դա այդպես չէ, քանի որ մեզ համար վերաինտեգրում Ադրբեջանի կազմում լինել չի կարող։ Սա պարզ է, ակնհայտ։ Չեմ ուզում, որ մենք շահարկումների ենթարկենք և փորձենք դա ցույց տալ՝ որպես բանակցություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Այդ մարդիկ, որոնք բանակցում են, նրանք լիազորված չեն քաղաքական հարցեր քննարկել, և դրանք քաղաքական բանակցություններ չեն»։

Հարցին՝ իսկ քննարկումների՝ այդ ձևաչափն արդյունավե՞տ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Այս ձևաչափով քննարկումներ տեղի են ունեցել նաև առաջ։ Այսինքն՝ անվտանգության խորհրդի կազմն է։ Եվ դա նորմալ ձևաչափ է, քանի որ նրանք նույնպես ենթակառուցվածքային հարցերով զբաղվում են։ Եղել են նման քննարկումներ 2020, 2021-ին, նույնիսկ պատերազմից հետո, երբ պետք է աճյուններ որոնեինք, բազմաթիվ այլ հարցեր կան, երբ ցանկացած պահի կարող էր լինել պատահար՝ մեկը մեր քաղաքացիներից պատահմամբ հայտնվի օկուպացված տարածքում, այդ մարդկանց պետք չէ՞ վերադարձնենք, քննարկում պետք է, չէ՞։ Ինչ անենք, չքննարկե՞նք այդ հարցերը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031